Մոռացված ֆիլմերի ստվերները

Ընդհատված թռիչքներ. երկու ֆիլմի պատմություն․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայկական կինոյի պատմության ողջ ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիայում կողք կողքի ստեղծագործել են ավագ և երիտասարդ սերնդի արվեստագետներ։ Նոր սերունդը, պահպանելով ավագների ստեղծած ավանդույթները, նոր հայացք ու նոր խոսք է բերել կինոարվեստ։ Փոխվել է կյանքը, կյանքի հետ նաև կինոն։

Յուրի Երզնկյան

Հայկինոյի հնչեղ անուներից մեկը՝ Յուրի Երզնկյանը, հոգով ու մտքով արվեստագետ էր։ Նրա համոզմամբ կինոյում առաջնայինը պատկերն էր։ Այդ սկզբունքի համաձայն էլ՝ սյուժետային ճիշտ զարգացումներով, ճիշտ պատկերներով Յուրի Երզնկյանը 1985 թվականին էկրանավորել է «Ո՞ւր ես գնում զինվոր» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։

Ֆիլմ, որն ինչպես նշում է Յուրի Երզնկյանի դուստրը՝ կինոքննադատ Անետա Երզնկյանը, Համաշխարհային երկրորդ պատերազմում հայ ժողովրդի մեծ  ներդրման մասին ինքանտիպ պատում է:

«Արձակագիր, կինոսցենարիստ Մանուկ Մնացականյանը հայրիկիս դիմեց՝ առաջարկելով ընթերցել վերջերս գրված իր կինոսցենարներից մեկը։ Հայրս ընթերցեց, հավանեց այն, որովհետև այն թույլ էր տալիս հայ ժողովրդի համար բավականին բախտորոշ ժամանակահատվածի մասին մի հուզական ֆիլմ նկարահանել»,— ասում է Անետա Երզնկյանը։

Գեղանկարիչ, բեմանկարիչ Կարեն Դավիդովը  հետաքրքիր և յուրօրինակ կտավներ ստեղծելուն զուգահեռ «Հայֆիլմում» մասնակցել է վեց լիամետրաժ ֆիլմերի ստեղծմանը։ Հենց բեմադրող նկարիչն է իր կտավներում ստեղծում ֆիլմի առաջին կադրերը, վերականգնում ժամանակաշրջանը՝ կենդանություն տալով սցենարում ներառված կերպարներին։

«Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմում այդ ամենը փայլուն իրականացրել են բեմադրող նկարիչները՝ Վալենտին Պոդպոմոգովն ու Կարեն Դավիդովը։  

««Հայֆիլմում» նկարահանած իմ երրորդ ֆիլմն էր։ Առաջարկ ստանալուն պես գործի անցա։ Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ էսքիզները պետք է ստեղծվեն Վալենտին Պոդպոմոգովի հետ միասին, բայց նկարահանումներին նա չի մասնակցելու։ Տանջալից նկարահանումներ էին հետագայում սպասվում, իսկ նա արդեն բավականին տարիքով էր և նման ծանրաբեռնվածությունը ցանկալի չէր նրա համար»,- պատմում է Կարեն Դավիդովը։

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ 1986 թվականի հունվարի 17-ին, Երևանի Կինոյի տան դահլիճում, իսկ որոշ ժամանակ անց նաև Մոսկվայում, տեղի ունեցավ  «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմի պրեմիերան:

Երկրորդ աշխարհամարտի հաղթանակից ավելի քան չորս տասնամյակ անց էկրան բարձրացած ֆիլմը խանդավառությամբ ընդունվեց ոչ միայն հայ ու մոսկովյան խստապահանջ կինոքննադատների, այլ նաև հասարակ հանդիսատեսի կողմից։ Բայց ի տարբերություն Յուրի Երզնկյանի նախորդ ֆիլմերի՝ այս ֆիլմն անծանոթ մնաց լայն շրջանակներին։

«Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց չորս տարի անց Կարեն Դավիդովը կինոռեժիսոր Վալերի Մելքոնյանի հրավերով աշխատում էր Վիլյամ Սարոյանի՝ «Ամենացուրտ ձմեռը՝ 1854 թվականից ի վեր» պատմվածքի էկրանավորման վրա։

Ֆիլմի հիմքում պատանի Արամի սիրո պատմությունն է։ Իր համադասարանցի Էմիին  սիրահարված Արամը միաժամանակ ցրիչ է աշխատում։ Էմին, բարեկեցիկ ընտանիքից է, և զուր են մեծերը փորձում տղային փրկել հիասթափության ցավից։ Ամերիկյան իրականությանը բնորոշ այս պատմության էկրանավորման համար համապատասխան միջավայր էր հարկավոր։ Ֆիլմի բեմադրող նկարիչ Կարեն Դավիդովը պատմում է, որ սցենարին ծանոթանալիս արդեն նա հստակ պատկերացնում էր, թե որտեղ պիտի նկարահանվի այն։

«Մեր ծանոթությունը Վալերի Մելքոնյանի հետ տեղի ունեցավ Մոսկվայում: Ես սովորում էի ՎԳԻԿ-ում նա՝ բարձրագույն ռեժիսորական կուրսերում: Փաստորեն մեր ընկերությունը հետագայում վերածվեց նաև ստեղծագործական համագործակցության: Պատմվածքում գործողությունները ծավալվում էին Ֆրեզնո քաղաքում, իսկ այդ փոքրիկ քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում ես արմավենիների: 1987 թվականի Հայաստանում նման միջավայր գտնելն անհնար էր: Մի փոքր մտածելուց հետո ես մտաբերեցի ծովափնյա Բաթումի քաղաքը, որտեղ ես մի քանի անգամ եղել էի, ու առաջարկեցի Վալերային մեկնել այնտեղ և  իրականացնել նկարահանումները»,-պատմում է Կարեն Դավիդովը:

Մեր երկրի համար բախտորոշ 90-ականները կանխորոշեցին նաև Սարոյանի պատմվածքների հիման վրա ստեղծվելիք կինոալմանախի ճակատագիրը։ «Ամենացուրտ ձմեռը՝ 1854 թվականից ի վեր» կարճամետրաժը չհասավ էլ դիտողին։ Նկարահանման աշխատանքների ավարտին Վալերի Մելքոնյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարության միջև խնդիրներ ծագեցին։ Տարիներ անց, վերհիշելով այդ տհաճ խոսակցությունները, Վալերի Մելքոնյանը ենթադրում է, որ գուցե դա էր պատճառը, որ ֆիլմն այդպես էլ անհայտ մնաց հանրությանը։

Եթե մի կողմ թողնենք սարոյանական թեմաներով թատերական բեմադրությունները, ապա մինչև օրս կինոյում քիչ թե շատ նշանակալի անդրադարձ Սարոյանի ստեղծագործությանը չի եղել։ Սարոյանի գրականության արտահայտչամիջոցները էկրան բարձրացնելը հեշտ գործ չէ։ Վալերի Մելքոնյանը այն եզակի ռեժիսորներից է, որ իր ուսերին է վերցրել Վիլյամ Սարոյանի գրական գործը էկրանավորելու բարդագույն առաքելությունը և պատվով կատարել այն։

Մեր հաղորդման հերոսների՝ երկու տաղանդավոր ռեժիսորների հետաքրքիր և հաջողված ֆիլմերին մասնագետների տված ոգևորող գնահատականները, ընտրված զգայուն և քիչ արծարծված թեմաները ստվերվեցին ոչ թե գեղարվեստական արժանիքների պակասի, այլ ժամանակի առաջադրած սոցիալ-քաղաքական անակնկալ զարգացումների արդյունքում։

Շահագրգիռ և սրտացավ հայացքի դեպքում դրանք կարող են ներկայանալ հանդիսատեսին և արդարացնել հոգևոր ու նյութական ներդրումները։

Back to top button