Ազդ անցյալից

Երբ նոր տարին նոր դար է․ «Ազդ անցյալից»

Հայկական մամուլի 1900թ. հունվարի 1-ի թողարկումները մի իսկական գլուխկոտրուկ են: Արդյո՞ ք նոր տարվա հետ նաև նոր դարն է եկել 1900-ի հունվարի 1-ին:  Սա էր գրեթե բոլոր թերթերի առաջնորդող հոդվածների նյութը:   

«Մենք ոտք են դնում  նոր տարին միմյանց շնորհավորելով քսաներոդ դարու շեմքը: Բայց ներեցէք. ամենքը չեն, որ ոտք են դնում քսաներորդ դարու մէջ: Պնդող և հաստատողներ կան, որ քսաներորդ դարն սկսւում է 1901-ից և ոչ թէ 1900-ից:Գերմանական ազգային պարլամենտը միաձայն որոշում է, որ նոր տարին նոր դար է՝ 20-րդ դարն է, իսկ ուրիշները հերքում են այդ: Ո՛րն է ուղիղը, այդ մասին չէ մեր խօսքը, մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ իրաւունք ունին: Խորհուրդն այդ խնդրի մէջ այն է, որ մարդիկ առանց վէճի գոյութիւն չունին, ապրել չեն կարող»,-հետևություն է անում «Նոր դար»-ը: Ֆիգարոն, որին հղում է անում Մարսելի «Արմենիա»-ն նույնպես մի հեռակա բանավեճ էր սկսել  նոր և հին դարերի թեմայով:

Ամեն դեպքում, թերթերի միջոցով դրական ազդակներ էին փոխանցվում հասարակությանը կապված նոր տարի-դարի հետ: Ի՞նչ  էր իր հետ բերելու 1900 թվական և, ի վերջո, 20-րդ դարը: Այն, ինչը «Աւելի մեծ ոյժով պէտք է հանդէս գայ և զարգանայ առաջիկայ քսաներորդ դարում՝  մասսաների զարգացման հարցն է: ժողովրդական բոլոր խաւերի գրաւումն է դէպի գիտութեան լոյսը, դէպի ազգերի առաջադիմութեան գործը: Մինչև այժմ ազգաբնակութիւնը միայն ընտելանում էր նոր եւրօպական կեանքին և թօթափում էր իրանից դարերի դիզած բորբոսները և ժանգը: Քաղաքակիրթ աշխարհը միայն վերջին տասնեակ տարիներում կարողացաւ իրագործել ժողովրդական համալսարանի գաղափաը, որ դեռ չէ ստացել իր վերջնական և ընդարձակ կազմակերպութիւնը: Նրա մէջ ծածկված է ապագայի գրաւականը: Մասսան՝ զինված գիտութեամբ»:

Մամուլում զետեղված գովազդներնն ու ծանուցումները  իսկապես կփաստեն, որ «գիտության լույսը, արդյունաբերության զարգացումը և մեքնեայացումը 20-րդ դարի հենց սկզբից շատ առաջ գնացին: «Եթէ առաջ արհեստաւորը իր նահապետական գործիքներով մի օրում հազիւ կարողանում էր շինել, դիցուք, 20 գնդասեղ, այժմ կատարելագործած մեքենաներով նա կարող է պատրաստել աւելի քան 7 միլիօն հատ…Եւ, բացի այդ, հաղորդակցութիւնները այժմ այն աստիճան արագացել են եւ դիւրացել, որ երկրագնդի ամենահեռաւոր մասերը այժմ իրար հետ աւելի սերտ են կապված, քան առաջ»:

1900թ.առաջին իսկ օրվանից մշակութային ձեռնարկները շարունակվում էին: Եվ Նոր տարվա  գալստյան կարևոր և հաճելի փաստումը օրացույցներն էին.«Բիւզանդիոն»-ը  և «Մշակ»-ը  ծանուցում են.

Գրպանի օրացոյց 1899 տարւայ, միայն 20 փարայ: Մեծաքանակ գնողներու չափազանց զեղչ: Յօրինեալ Մարուգէ Յովսեփեանէ: Ամենաընտիր թղթի վրայ մաքուր տպագրութեամբ եւ հաստ կափարիչով: Պատի օրացոյոց այլ և այլ տեսակ պարզ եւզարդարուն պատկերներով. շատ գնողներու չափազանց աժան կը վաճառուին Սերվիչէն տպարանի թղթավաճառանոցը,Կ.Պոլիս, Սուլթան Համամ:  

Լույս տեսան ԿԱՐԱՊԵՏ ԱՓԻՆԵԱՆԻ 1900 թ.ԾՈՑԻ և ՊԱՏԻ (Շիրակ) Օրացոյցները: ԾՈՑԻ ՕՐԱՑՈՅՑԸ զարդարված է մի քանի հայ գործիչների պատկերներով. ունի նոր յաւելուած, ընդարձակ բժշկարան, հարուստ երազահան և նոր զուարճալի վիճակարան: ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑԻ մԷջ կան բարոյական խրատներ, նոր ծիծաղաշարժ առակներ՝ Մօլլա-Նասըր Էդդինից, Դալի-Քէշիշից, Պըլըպուղուց, այլև ժողովրդական առածներ, գիւղական լէլէներ,ընտիր բանաստեղծութիւններ, ժողովրդական երգեր, հայոց և եկեղեցական պատմութիւնից հատուածներ, զուարճալի պատմութիւններ, բժշկական, տնտեսական, արհեստագիտական և այլ օգտակար ու հետաքրքիր տեղեկութիւններ:

 Գները -Ծոցինը -20 կօպէկ, պատինը-50 կօպէկ:Գումարով գնողներին լինում է զիջում: Դիմել Александрополь, Карапету Апинян” կամ Alexandrople, Karapet Apinian (Caucase).  

Օրացույցի առկայությունը և դրա վրա արված նշումները  թույլ  չէին  տալու մոռանալ  անելիք գործերը և կարևոր  իրադարձությունները: Օրինակ՝ առաջիկա մշակութային հանդիսությունը Թիֆլիսի ժողովարանի դահլիճում.

       ԹԻՖԼԻՍԻ ԺՈՂՈՎԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Կիրակի, յունվարի 2-ին, 1900 թ. ժողովարանի պ.պ.  անդամների, կանդիդատների եւ նրանց ընտանիքների համար հայոց դրամատիքական ընկերութեան դերասանները կը ներկայացնեն

 I -ՊԱՐԻԶԻ ՇՐՋՄՈԼԻԿԸ կօմ. 2 գործ., հեղ. Վանդէրբրուխի, թարգմ. Գ.Փրիդոնեանի: Մասնակցում են՝ տիկ. Զաբէլ, Ազնիւ Ֆէլէկեան, Վարդիթեր, պ.պ. Յարութիւնեան, Գնունի, Տէր-Դաւթեան, Միրզայեան:

II- Դիվէրտիսմէնտ ռուսաց, հայոց եւ վրաց լեզուներով: Սկիզբն է երեկոյեան 8,5 ժամին: Տոմսակները 20, 30,50,75 կօպ, 1 րուբլի արժողութեամբ, վաղօրօք կարելի է ստանալ Ժողովարանի վարապանից:   

Հայ  Թիֆլիսի լավագույն ավանդույթներից էր բարեգործական ներկայացումների, պարահանդես-դիմակահանդեսների կազմակերպումը յօգուտ կարքավորների: Մամուլը պարբերաբար ծանուցում էր դրանց մասին:

Որպես կանոն այդ նպաստամատույց ձեռնարկները առավել հաճախ էին կազմակերպվում տոնական օրերին՝ լինի Սուրբ Ծնունդ, Բարիկենդան, Վարդանանց, կամ այլ տոներ: Դիմակահանդեսները պատշաճ հագուկապ էին ենթադրում և դա անտեսել  չէր կարելի: Նույնիսկ տուգանք էր սահմանվում  հանդես ներկայանալու կարգը խախտողների համար:

Շաբաթ, փետրուարի 22-ին, Թիֆլիսի ժողովարանում կըկայանա դիմակահանդէս յօգուտ ձրի եւ էժանագին ճաշարանի: Տոմսակի գինն է 2 րուբլի 10կոպ.Այն տիկինները, որոնք չեն ցանկանա դիմակ հագնել, տուգանք պիտի վճարեն 1 րուբլի: Հագուստի ձևը- զինուորականի համար սովորական , իսկ քաղաքացիների համար-ֆրակ:

Կանանց տոմսակները բացառապէս անուանական են և նրանց կարելի է ստանալ հետևեալ տիկիններից. Իշխանուհի Գուրիէլից, Իշխանուհի Մելիքովայից,Իզմիրեանից,Իշխանուհի Թումանեանից, Ծովեանեանից..Տղամարդկանց տոմսակները վաճառվում են Թիֆլիսի ժողովարանի շվէյցարի մօտ: Սկիզբն է երեկոյեան 9 ժամի-, հայտնում է «Նոր դար»-ը:

Վրաց ազնուականաց թատրոն, հինգշաբթի 25-ին փետրուարի հայ դերասանական խմբի անդամները ի պատիւ Վարդանանց տօնի կըներկայացնեն.

I- «Արշակ Բ» պատմական ողբերգութիւնը 5 գործողութեամբ, հեղինակութեամբ Գալֆայեանի,

II-«Սիրահարը սեղանի տակ» վոդեւիլ ը մէկ գործողութեամբ , հեղինակութեամբ Քամալեանի: Մասնակցում են տիկիններ Զաբէլ, Մատինեան, պ.պ. Տէր –Դավթեան, Սարդարեան, Արևշատեան, Միրաղեան, Խարազեան, Մամիկոնեան, Գնունի, Զարիֆեան և այլք: Տոմսակները վաճառվում են բացառապէս թատրոնի կասսայում: Սկիզբը 8. 5 ժամին:  

1900 թ. հունվարի 1-ի համարում «Մշակ»-ը  «բողոքում է», որ  տոնածառը վայելելու մենաշնորհը հարուստ խավինն է: «Ծննդեան տօնը, ինչպէս գիտէք մեզ մօտ, Կովկասումն էլ տօնում են. բայց, եթէ կամենում էք ճշմարտութիւնը իմանալ, դա հեռաւոր նմանութիւն անգամ չունի այն հանդէսների եւ համախմբումների հետ, որոնք տեղի են ունենում Ժընէվի մէջ…

Կովկասեան գլխաւոր քաղաքների մէջ՝ Ծննդեան տօնը, կամ աւելի ճիշտն ասած տօնածառը մի ուրախութիւն է հարուստ ընտանիքներին պատկանող երեխաների, եւ կամ շատ շատ՝ դպրոցական սաների համար, աղքատ երեխաների ահագին բազմու թիւնը գաղափար անգամ չունի տօնածառի մասին, եւ եթէ  նա բաղդ է ունենում այդ տեսնելու, դա միմիայն շքեղօրէն լուսաւորված պատուհանների միջից… Ժընէվի մէջ ընդհակառակն, այդ տօնը կազմակերպված է այնպէս, որ նա մատչելի է բոլոր երեխաներին, ինչ շրջանի էլ որ պատկանէին նրանք»:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՆՈՒԷՐ Տօների առիթով.Նոր լոյս տեսանԱՆԴԱՐԴ ՀԱՆԷՍԸ ԵՒ ՊՍՏԻԿ ՈՒ ՃՍՏԻԿ պատկերազարդ գրքոյկները: Պատկերները տպված են Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում, Լէ օվէյի յայտնի ֆիրմայում. տպագրութիւնը մաքուր, թուղթը լաւ և արժէ իւրաքանչիւր օրինակը 40 ԿՕՊԷԿ: Ընկերութեան գրասենեակում վաճառվում են նոյնանման պատկերազարդ և այլ գրքեր:

Դիմել՝ Тифлисъ, контора Общества Изданiя Армянских книг( Лорис-Меликовская N11) կամ  Tiflis (Russie) Socie’te’ de la publication des livres Arme’niens.

Մարսելի «Արմենիա»-ն  մի ուշագրավ նյութ է տպագրել իր 1899թ. վերջին համարում՝ «Թագակիր գլուխները և Ծնունդի պարգեւներ»  վերտառությամբ, պատմելով, աշխարհի հզորների  Սուրբ Ծննդյան ընծաների  մասին: «Աւստրիոյ կայսրը սովորութիւն ունի ամեն տարի 5000 սիկառ պարունակող տուփ մը ղրկել Իտալիոյ թագաւորին:  …Բոլոր վեհապետներէն ամենասքանչելի նուէրները ստացողը  Պապն է. Անցեալ  տարի ամերիկացի կին մը ոսկիէ ականակուռ  քթախոտաման մը ղրկեց որոն մէջ տասը հազար սթէրլինկի (250000 ֆրանկի) չէք մը կար: Միացեալ նահանգներու նախագահ պր. Մըք  Քինլի այն պետութան պետերէն է որոնք ամենաքիչ նուէրները կընդունին: Անցեալ տարի ստացած նուէրներուն գլխաւորն էր հին եւ ծանր ոսկիէ ժամացոյց մը և նուիրատուն էր…նախագահուհին:   

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Ամեն դեպքում 1900թ.-ը համարվեր 19-րդ դար, թե արդեն 20-րդ, չէր սփոփելու1899-ի դեկտեմբերի կեսերին Ախլցխայի մոտ Սամսար գյուղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հասցրած ցավը: Արևելահայ մամուլը հենց հունվարի 1-ի համարներում անդրդարձել է  դրան:

Back to top button