
- Շնորհավոր Նոր տարի
- Տարուայ վերջին, մէջ գիշերին
- Մի ձայն լսուեց երկնքից,
- Թէ մի հրեղէն մանուկ ծնուեց
- Ժամանակի երկունքից:
- Նա գալիս է, ով մանուկներ,
- Հազար ու մէկ բարիքով,
- Թէև մանուկ, բայց խելօք է,
- Ինչպէս մեծ մարդ տարիքով:
Ղ. Աղայան
Նախատոնական օրերը՝ հատկապես Ամանորի շեմը, վաճառականության համար ամենասպասելի շրջանն էր նաև 19-րդ դարում. մշակութային հանդեսների առատություն, շուկաներում, խանութներում իրարանցում, զեղչեր: Բայց հետաքրքրական է, որ Ամանորյա տոներին արևելահայ և արևմտահայ մամուլը տարբեր կերպ է անդրադարձել:
Արևմտահայ թերթերը տոնական թեմային անդրադարձել են բացառապես գրական երկեր տպագրելով, ինչպես նաև ներկայացնելով կաղանդի ավանդույթները այս կամ այն գավառում:
Ընդ որում հունվար ամսվա սկզբի համարներում։ Մինչդեռ արևելահայ մամուլը դեկտեմբեր ամսից սկսել է գովազդել և ծանուցել հենց Ամանորի հետ առնչվող ապրանքների և ուրախ ժամանցի մասին:
Մեղու Հայաստանին 1878-ամանորի նախաշեմին ծանուցում է լավագույն կաղանդչեքի՝ գրքերի և մտավոր զարգացման այլ միջոցների ձեռք բերման հնարավորության մասին: Միևնույն ժամանակ այս ծանուցումից իմանում ենք, որ Թիֆլիսում գործել է Մանկական կրթության խանութ:
Մանկական կրթութիւն մագազինում
Առաջիկայ տօների համար ստացվել են բազմաթիւ ընտիր մանկական կրթական խաղեր, մանկավարժական նպաստներ, ամեն հասակի համար ընթերցանութեան, պատկերազարդ գրքեր՝ հասարակ և ներկած ընծայի համար ևս և խաղալիքներ ստացվել են նոյնպէս և բազմաթիւ նկարներ և զանազան զարդեր եօլկի համար: Նոյն մագազինում նոր սկսվել է վաճառումն և կանցելեարիական ու նկարչական պատկանելեաց և ստացված են Փարիզից բազմաթիւ ընտիր պատկերներ՝ օլէոգրաֆիական, խրօմօլիտոգրաֆիական և փորագրական
Կրթության և ժամանցի համար առաջարկվող ընծաներից զատ, թերթերը սպառողին ուղղորդել են նաև դեպի թանկարժեք իրերի վաճառատներ: 1878 և 1888 թվականների «Մշակ»-ի նախատոնական համարները ազդարարում են.
ՏԷՐ-ՆԻԿՕՂՈՍՈՎԻ խանութում,Կատօլիչեսկայա փողոցի անկիւնում, Շիօեվի տան հանդէպ ՍՏԱՑՎԱԾ ԵՆ տօների համար մեծ քանակութեամբ ամենագեղեցիկ նոր ձևերի բրլիանտի, արծաթէ և ոսկեայ իրեղէններ, նոյնպէս Ժենեւայի ԺԱՄԱՑՈՅՑՆԵՐ…Ստացված էՊօպօվի թէյից 5000 ֆունտ: Թէյի ֆունտը արժէ 1 ր.40կոպէկից-3ր.:Վաճառականներին զիջումն կարվի:
Մեծ վաճառումն
Միայն մինչև նոր տարի ԿԵՆՏՐՕՆԱԿԱՆ ԳԱԼԱՆՏԷՐԷԱԿԱՆ ՄԱԳԱԶԻՆՈՒՄ, Երևանեան հրապարակի վրա, Զուբալօվի տանը, քաղաքային Սկուէրի և ռուսաց Սէմինարիայի դիմաց. Ամեն տեսակ գալանտէրէական և մօդային ապրանքներ, տնային-տնտեսական առարկաներ, լամպաներ, լապտերներ, մելխիօրից և բրօնզեայ իրեր, ամանեղէններ, սեղանի պարագաներ, ֆօտօգէնեան խոհանոցներ, բարակ ճերմակեղէն, ֆուֆայկաներ, գուլպաներ, աղլուխներ, ծածկոցներ, սալֆետներ, կօշիկներ, գլխարկներ,կօրսէտներ, գլխի աղլուխներ, Ժէրսէներ և այլն: Մեծ ընտրութիւն մանկական խաղալիկների, (տիկինների և ալբօմների:
Փարիզից բերված վերջին նորությունների մասին հայտնում է «Նոր դար»-ը, ճիշտ 20-րդ դար մուտք գործելուց մի քանի օր առաջ.1899 դեկտեմբեր 24-ին: Կարելի է ստանալ ծննդեան համար տօնածառի և կոտիլիօնի զարդարանք ամեն տեսակի՝ ընտրութեամբ և մեծ քանակութեամբ: Ինչպէս և զուարճացնող և մուզիկի խաղալիք, տօնածառը զարդարելու իրերով լիքն արկղեր 3 րուբլանոց և 4 րուբլանոց:
Ամեն տեսակի ճանապարհորդական իրեր, կաշուէ զանազան առարկաներ, ճանապարհի նեսեսերներ, անուշահոտ ջրեր, արտասահմանի ձեռնոցներ, գուլպաներ, կորսետներ՝ 2 րուբլի 50 կոպէկից սկսած, պարահանդէսի հովհարններ, կանանց և տղամարդկանց համար գլխարկներ, շապո կլակ, ցիլինդր, նոր մոդի փողկապներ, օսլայած շապիկներ, ֆուֆայկա, գամած և որսի յամար բաճկոնակներ (ժիլէտ) ու դարավերջի շատ նորութիւններ Պարիզից: Բոլորն էլ չափաւոր գներով:
Թիֆլիսի հայկական նախատոնական և հետտոնական մամուլում հրաշալի և բազմազան ծանուցումներ կան մշակութային ձեռնարկների մասին: Եվ դրանց մեջ բարեգործական նպատակներով կազմակերպվածների պակաս չկա:
Կիրակի, դեկտեմբերի 20-ին, Թիֆլիսի ժողովարանի դահլիճում կը կայանայ պարահանդես բազարով յօգուտ հայոց Բարեգործական ընկերութեան. Բազարի սկիզբը երեկոյեան ժամը 8-ին: Մուտքը-2 րուբլին 10կոպէկ, նուերները ընդունւում են ընկերութեան գրասենեակում-Միջին փողոց, տուն Տէր-Ասատուրովի:
Ընդհանուր ճոխության մեջ հայ Թիֆլիսը իր տարբեր կառույցներով հոգ էր տանում նաև չքավոր խավի համար: Օրինակ՝ «յօգուտ Ներսիսյան դպրոցի աղքատ աշակերտների» կազմակերպված բարգործական համերգ-ներկայացմանը աշակերտության հետ բեմ էին բարձրանում Չմշկյանի, Ադամյանի, Գարագաշյանի , Մանդինյանի պես մեծ հռչակ վայելող արտիստներ: Սա 19-րդ դարի հայկական միջավայրերում մի հրաշալի և օրինակելի ավանդույթ էր:
Կիւրակի, դեկտեմբերի 6-ին Ներսիսեան ուսումնարանի եօթներորդ դասատան աշակերտները, մասնակցութեամբ օր.օր. Գարաքաշեանի, Հայկանուշի, Վարդանուշի,պ.պ.Չմշկեանի, Ադամեանի, Մանդինեանի, Տէր Գրիգորեանի և Յակոբեանի, Ներսիսեան հին ուսումնարանի դահլիճում յօգուտ չքաւոր աշակերտների կը ներկայացնեն
1-ին՝ «Զաւեշտ երգեցողութեամբ ևընթերցանութեամբ».
2-րդ՝ «Լը Բարբուլիէ՝ կատակերգութիւն1 արարուածով», հեղինակութեամբ Մօլիէրի,
3-րդ՝ «Զաւեշտ երգեցողութեամբ և ընթերցանութեամբ»:
Ներսիսեան ուսումնարանի քառաձային երաժշտական խումբը միջոցներին կ՛երգէն երգեր:Տոմսակները վաղօրոք կարելի է առնել Ներսիսեան ուսումնարանում, Կենդրոնական և Կովկասեան գրախանութներում, իսկ ներկայացմա օրը կառույցում:
«Նոր Դար»-ը ծանուցում է Թիֆլիսում նախատոնական ցուցահանդեսի բացման մասին՝ Արշակ Ֆէթվաճեան,դեկտեմբերի 29-ին 1899թ.:
Նկարահանդէս, ամսիս 29-ին բացւած է Թիֆլիսի Փառքի տաճարում նկարիչ Արշակ Ֆէթվաճեանի պատկերազարդ ցուցահանդէս: Հանդէսը բաց է մնալու մինչև յունուարի 15-ը՝ առաւօտեան ժամը 10-ից մինչև երեկոյեան 6-ը: Մուտքն է 20 կոպէկ մեծերի համար: Ուսանողները, տղայք և ստորին աստիճանի զինուարականների համար 10 կոպէկ:
Նախատոնական շրջանը նաև հյուրախաղերի հարուստ շրջան էր Թիֆլիսի համար: Դասական համերգներից մինչև կրկեսային բացառիկ ներկայացումներ:
Վրաց ազնուական թատրոն, չորեքշաբթի 25 դեկտեմբերի
Կօնցերտ յայտնի երգչուհի Ադէլ-Բօրգի մասնակցութեամբ պիանիստ Լուցատտի: Տոմսակները կարելի է ստանալ Բ. Միրիմանեանի երաժշտական դեպօյում:
«Մշակ»-ը 1878թ. դեկտեմբերի 27-ի համարում ծանուցում է «մագիական զարմանք» պատճառող մի ուրախ նորության մասին:
Ծննդեան տօներին ֆրանսիական ցիրկի մօտ գտնվող ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆդեսի բալագանում կը լինի պատկերների ԵՐԿՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ:Իմիջի այլոց կը տրվեն՝ ԵՐՈՒՍԱՂԷՄ
քաղաքի պատկերը, ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ Բեդղեհեմում: Զինուորական պատկերներից
կը լինի՝ Ղարսի պաշարումն և վերցնելը: ՆՈՐՈՒԹԻՒՆ: Մագիական զարմանք: Ով որ կը տեսնի, կը ծիծաղի:
Մշակութային տոնական՝ ամանորյա հանդիսություների մասին ծանուցումները այսքանով չեն ավարտվում: «Ազդ անցյալից» հայտագիրը կշարունակի պատմել դրանց մասին:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:





























