Վարարակն գետի ափին գտնվող հնագույն ժայռակերտ կառույցներով, քարանձավային բնակարաններով, քաղաքի խորհրդանիշ համարվող Լաստի Խութ բլուրով և հնագույն եկեղեցիներով ու զարմանահրաշ բնաշխարհով հայտնի Գորիսը բազմաթիվ նկարիչների ոգեշնչման աղբյուրն է։ Ուզես, թե ոչ՝ այստեղ նկարիչ դառնում ես, քանի որ այնքան բան ունի պատմելու Գորիսը, որ միջին սերնդի նկարիչներն արդեն, ինչպես իրենք են ասում, նկարում են, նկարում, բայց «հըլա էնքան բան կա նկարելու, էնա հասել են ջրի տակի քարերին»։
1937 թվականին Միջին Ասիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Տիտոս Օհանջանյանն իր կնոջ և երեք դուստրերի հետ մեկնում է Աշխաբադ, որ տիրություն անի երկու զոհված եղբայրների զավակներին։ Աշխաբադում քույրերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում են Գորիս և մշտական բնակություն հաստատում։ Քույրերը երեքն էլ սիրում էին արվեստը և երեխաների մեջ էլ սեր ու հետաքրքրություն են առաջացնում։ Նկարել էին տալիս, բազմագույն մատիտներ առնում և ձևավորում նրանց ներկապնակն ու զարգացնում գեղագիտական ճաշակը։ Քույրերից Արշալույսը, որդուն՝ Ալբերտ Հայրապետյանին, ուղարկում է Մոսկվայի նկարչական ակադեմիայում սովորելու, այնտեղ սովորելուց հետո շատ հաջողված նկարիչ դառնում և արդեն իր որդու՝ Ռուբեն Օհանջանյանի, մորաքրոջ զավակներից Սերժ Բաղդասարյանի մեջ էլ արթնացնում նույն սերը։
1967 թվականին Գորիսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սերժը մասնակցում է մանկապատանեկան փառատոնի և ստանում առաջին մրցանակ։ Կանգնում է երկընտրանքի առաջ՝ ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարա՞ն, թե՞ գնալ մի ուղով, որը հայրն էր ավելի շատ կամենում։ Ի վերջո, նա Մոսկվայից գալիս է Երևան և ընդունվում Ճանապարհաշինարարական տեխնիկում։ Սակայն ամեն անգամ, երբ անցնում էր Թերլեմեզյանի անվան ուսումնարևանի կողքով, հոգին պատվում էր իր երազանքների հիշողությամբ։ Գալիս էր տուն, գնում Գորիսի չքնաղ բնության գիրկը և սկսում գծել ու նկարել այն, ինչ տենչում էր հոգին։ Հետո գալիս էր տուն, նայում իր քաշած բնապատկերին և փորձում ճանապարհաշինարարական իր մասնագիտությունը համադրել իր հոգու գույների հետ և տեսնում էր, որ կարող է յուրօրինակ արդյունք ստանալ։
Օրինակ՝ Սերժը լավ ուսումնասիրել է բոլոր վանքերի ու եկեղեցիների տեղակայման, դիրքերի հետ կապված առանձնահատկությունները և նկատել, որ եթե մի փոքր փոխում ես դիտակետը, բոլորովին այլ բան է ստացվում։
Բաղդասարյանն ասում է, որ Գորիսի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վանքի պատերի շարվածքը եզակի է, նկարում ես և մի նոր երանգ ու գեղեցկություն ես հայտնաբերում։
Սերժն իր նկարչական որոնումներում գտավ մի շատ ինքնատիպ ու հետաքրքիր աշխատաոճ. նկարել այրվող ասեղանման սուր գործիքով՝ փայտի վրա։ Ստեղծվում էին անկրկնելի բնապատկերներ, որոնք զրույցի մեծ լսարան էին ստեղծում։ Աշխատատար այս աշխատանքները շուտով գրավեցին շատերի ուշադրությունը, Գորիս մտնող զբոսաշրջիկները հաճախ էին փնտրում Սերժին, պատվերներ տալիս։ Նկարչի քրոջ դուստրը՝ բժշկուհի, ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը, սիրում է քեռու հրաշալի նկարչական ուղղությունը՝ պիտոգրաֆիան՝ փայտի այրման արվեստը։ Բոլորովին վերջերս, Գորիսի պատկերասրահում բացված Սերժ Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսը հիացրել էր շատերին, համակել այդ կախարդական հնարքի պատմություններով։
Երբեմն նրան անվանում են Գորիսի ժայռերի ու վանքերի նկարիչ, քանի որ նրա գունային աշխարհի բնականությանը, լույս ու ստվերի զգացողությանը սահման չունեն։ Տաթևի վանքն ու Նորավանքը, ինչպես նաև Սուրբ Էջմիածին վանքի քարերը, ըստ նկարչի, հնարավոր չէ վրձնել ճշգրիտ ու պատկերավոր, ինչպես ասեղի բարակ ծայրով այրելով։
Իզաբելայի որդին Ստյոպա Օհանջանյանն է, որը ձևավորել է Գորիսի զորամասի ողջ տարածքը, իսկ ժամանցի սենյակին ժամանակակից տեսք է տվել իր ձևավորմամբ։ Զորամասում նա կրթել է զինվորներին, հետո լավ նկարողների հետ միասին բացել համաբանակային մեծ ցուցահանդես։
Ստյոպայի` «Սպայի տանը» տեղի ունեցած անհատական ցուցահանդեսը առանձնահատուկ էր։ Նա հիմնականում ներկայացրել է Գորիսը նոր մոտեցումներով։ Դաշտերը շնչում են հանդարտությամբ, ժայռերն անհանգիստ են, սակայն գագաթների կապույտն ազատության շնչով է ողողված։