Ազդ անցյալից

Բաղնիքի օր. «Ազդ անցյալից»

Այսօր բաղնիքի օրն է: Կթերթենք 19-րդ դարի հայկական մամուլը և գովազդներից ու ծանուցումներից կընտրենք հասարակական լավագույն բաղնիքներ:

Բայց մինչ այդ մի հետաքրքիր տեղեկություն Մադագասկար կղզու թագուհի Ռանավալօնա III-ի պալատում կատարվող տարօրինակ հանդիսի մասին, որ աչքովս  ընկավ «Մշակ»-ի 1887թ.-ի հունվարյան համարներից մեկում: Ահա թե ինչ է հայտնում «Մշակ»-ը ՝ հղում անելով  Գերմանական Neue Freie Presse թերթին.

 

«…Թագուհին, որ 24 տարեկան մի երիտասարդ կին է, տարին մի անգամ հանդիսաւոր կերպով և հրապարակապէս լողանում է իր պալատի մեծ դահլիճում իր բոլոր պալատականների ներկայութեամբ:

Այս տարի յիչեալ հանդէսը կատարվեցաւ Մադագասկարի Անտանանարիվու քաղաքի պալատում առանձին շքեղութեամբ. Թագուհու հրապարակական լողանալուն ներկայ էին ոչ թէ միայն երկու սեռի տեղական պալատականները, բայց և օտար պետութիւնների բոլոր դեսպանները հրաւիրված էին ներկայ գտնվելու այդ տարօրինակ պալատական հանդիսին: Ֆրանսիական դեսպանը այս տարի պատիւ ունեցաւ պատւաւոր տեղը մի փոքրիկ նստարանի վրա ստանալու, ուղիղ լողացող թագուհու դիմաց, իսկ մնացած եւրօպական և ամերիկական պետութիւնների ներկայացուցիչները, մի հնադարեան սովորութեան համեմատ պարտաւոր էին յատակի վրա ծալապատակ նստելով զմայլվել այդ արտակարգ տեսարանով:

Թագուհին հրապարակապէս լողանալուց յետոյ, ջրից անմիջապէս դուրս գալուն պէս, կապեց իր վզի վրա մարջաններից և ոսկուց շինած մի մանեակ, որ ընծայել էր նրան ֆրանսիական հանրապետութեան նախագահը: Երբ թագուհին լողանալուց յետոյ, հեռացաւ իր պալատի առանձնասենեակը, պալատական հանդիսապետին հրամայված էր բոլոր ներկայ գտնվողների վրա սրսկել այն ջուրը, որի մէջ թագուհին լողացել էր»,- հայտնում է  Գերմանական «Նոր ազատ մամուլ» լրագիրը:

Իմիջիայլոց, բոլորի աչքի առաջ լողանալը հավանաբար ազգային –պալատական ավանդույթ է եղել այս պետության մեջ; Պատմությունից հայտնի է, որ Ռանավալոնա 1-ը ևս լողանում էր, պալատի պատշգամբում ի տես իր հպատակների, որոնք նախօրոք կարողացել էի տոմսակ ձեռք բերել այդ դիտարժան տեսարանը վայելելու և  լոգանքից հետո  թրջվելու  թագուհու լողացած ջրով:

Մադագասկարից գանք Թիֆլիս՝ շարունակելով լոգանքի թեման. 1875թ. «Մեղու Հայաստանի» թերթը գրում է.

Բացուեցաւ սառը ջրի լողարան (Купальня)

Թիֆլիսի ամարային Թատրոնի դիմաց: Կայ սարքած սըրսկարան  (դուշ) ամենայն յարմարութեամբ, ըստ Եւրոպական ձևի: Ամեն լողացող ստանում է մաքուր ցամքիչ: Լողարանը կբացվի 1875թ. յունիսի 10-ից, առաւօտեան 6 ժամից մինչև երեկոյեան 12 ժամը: Իւրաքանչիւր լողացող վճարում է 10 կոպէկ:Կը յուսամ, որ լողարանը իւր մաքրութեամբ և ամեն յարմարութեամբ կը գրաւէ հասարակութեան համակրութիւնը: Մուտքի տոմսակները ծախվում են նոյն իսկ լողարանում: Յ. Տէր-Յ. 

Տարիներ անց՝ 1881 թ. նույն թերթը ծանուցում է ևս մեկ բաղնիքի բացման  մասին. «Հանքային բաղնիք Իվան Մինայեվիչ Միրզոյեանցի-Որդոց»:

Ներկայ Հոկտեմբեր ամսիս 22-ին հինգշաբթի եղաւ բացումն նոր շինած բաղնիքի հասարակական-արական և իգական –նոյնպէս և առանձին համարների: Առանձին համարների գինն է 80 կօպէկ և 1 ռուբլի ժամը, ընտանեկան համարի գինն է ժամը 1ռ. 50 կօպ:

 Մամուլից տեղեկանում ենք, որ  1886-ին Թիֆլիսի քաղաքային վարչությունը, խիստ բծախնդիր լինենով  բաղնիքիների  շահագործման կանոնների հարցում,  ընդունել  է մի կանոնակարգ, որի կետերին հետևելը պարտադիր էր թե սեփականատերերի և թե հաճախորդների համար: Իմիջիայլոց այդ տարիներին Թիֆլիսի քաղաքագլուխը Ալեքսանդր Ստեփանյան-Մատինեանց էր: Այս մարդը միակն է քաղաքագլուխների մեջ, որ 4 անգամ վերընտրվել է այս պաշտոնին: Նրա կառավարման  տարիներին քաղաքի բյուջեից կրթությանը տրամադրվող գումարը զրոյից հասել էր 375%-ի, առողջապահությանը հատկացվել է 51%, իսկ քաղաքի ինքնակառավարման անձնակազմի ծախսերի համար հատկացվել է ընդամենը  7%:

Թիֆլիսի քաղաքային վարչութիւնից

Թիֆլիսի քաղաքային վարչութիւնը ի նկատի  ունենալով տեղական բաղնիքների աղտոտ պահելու մասին արած յաճախակի գանգատները՝ յայտնում է ի գիտութիւն  բաղնիք այցելողների, թէ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի պարտաւորեցուցիչ կանոնադրութիւնը սահմանել է հետեւեալ կանոնները:

• Հասարակաց բաղնիքիները ամեն կողմից և ամեն կերպ պիտի մաքուր պահուին:

•Հասարակաց բաղնիքների աւազաններում կարելի  է լողանալ այն ժամանակ, երբ ջուրը հոսում է և աւազաննում բռնուած չէ: Բաղնիքների առանձին համարներում ամեն մի այցելուից յետոյ աւազանի ջուրը պէտք է փոխուի:

•Բաղնիքի ցամքիչները ամեն անգամ գործ դնելուց յետոյ պիտի լաւ լուացուին և չորացւին: Լուացք անելը արգիլուած է բաղնիքներում: Ի լրումն՝ պարտաւորեցուցիչ  կանոնադրութեան Քաղաքային վարչութիւնը յայտնում է ի գիտութիւն  ընդհանրութեան, թէ ամեն մի այցելու իրաւունք ունի պահանջելու առանձին համարներում դուրս թողնելու աւազանների ջուրը, եթէ դրանք իրենց ներկայութեամբ չեն լցուած: Ընդ սմին քաղաքային  վարչութիւնը կարգադրելով, որ յիշեալ կանոնները կախուած լինին բոլոր բաղնիքներում աչքի ընկնող  մի յայտնի տեղում, առաջադրում է այցելուներին սահմանած կարգով դատ բանալ վերոյիշեալ սահմանած պարտաւորութիւնները խանգարողնեի դէմ:

«Իմ կտակս. բացել իմ մահից յետոյ. Մատինեան»,- 1909թ. Փարիզից հրահանգել էր արդեն նախկին, անժառանգ   քաղաքագլուխը:  Պարզվել է, որ  խոսքը մի ամբողջ 200000 ռուբլու մասին էր, որ նա կտակում էր Թիֆլիս քաղաքին: Բազմազգ այս քաղաքի խայտաբղետ մամուլը շռայլ խոսքեր ձոնեց կտակատուին: Հարցին այլ անկյունից էր նայում միայն  Գրիգոր Նիկողոսյանը կամ  Մագդա Նեյմանը. «… բարձրաձայն դատապարտում եմ այնպիսի հայերի արարքը և յիշատակը, որոնք կտակում են իրենց կարողութիւնը ոչ թե բացառապէս հայ ազգի օգտին, այլ մի քաղաքի, որի մէջ ապրող ուրիշ ազգութիւնները ատելով ատում են հայերին և պատրաստ են՝ մի գաւաթ ջրի մէջ խեղդել…»: Էլ չասեմ, որ այս տողերի հեղինակը ազգությամբ ուդի էր:

Ինչևէ, վերադառնանք տաք, գոլորշապատ բաղնիք, որտեղ  ժամանակին մի ամբողջ ծաիսակարգ էր ընթանում: Դրանց մասին կպատմի  ազգագրագետ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը:

Բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել են հայեր, կլինի Արևմտյան  Հայաստանը, թե Արևելյան Հայաստանը՝ Էրզրումը, Երևանը , թե Գյումրին կային ավանդական բաղնիքներ : Դրանք արևելյան համամերի համակարգով էին , իսկ համամերը հռոմեական տերմայի փոխակրեպում ն էր , որ ապրեց մինչև 20-րդ դարը և փոխարինվեց ժամանակակից բաղնիքներով: Հիմնականում դա մեծ ջրավազան, մեծ տարածք ունեցող վայր էր, որտեղ հավաքվում էին 20-30 մարդ  ոչ միայն լողանալու, այլև ժամանակ անցկացնելու համար:

Մի ամբողջ մշակույթ կար: Եթե լինում էր բաղնիսի օր, մարդիկ հավաքվում էին, կանայք առանձին, տղամարդիկ առանձին, իրենց հետ տանում էին ուտելիք, իրենց սրբիչները,  տանում էին իրենց հետ նաև խաղաքարտեր,բուսական կամ կենդանական ծագումով յուղեր և դեղամիջոցներ, որոնք օգտագործում էին որպես կոսմետիկ միջոցներ: Գյումրիում , օրինակ ՝ ընդունված էր, որ մեղրով բաղնիք գնային: Երբեմն հարս էին ընտրում այնտեղ :

Կային նաև ծեսեր, որոնք ուղեկցվում էին բաղնիքով, օրինակ՝ հարսանյաց ծեսը: Տղայի դեպքում կոչվում էր փեսա բաղնիս, իսկ աղջկա դեպքում դա հարսին բաղնիք տանելու արարողությունն էր: Սկզբում փեսացուն պետք է լողանար, մաքրվեր, հետո նոր նրան նստեցնում էին գահին, հագցնում էին որպես թագավոր: Ուրեմն՝ մինչև այդ տղային ընկերները տանում էին բաղնիք ևայդտեղ տեղի էին ունենում բավականին կատակային իրադարձություններ: 

Բայց առավել հարուստ ծիսաշար կապված է հարսնացու աղջիկների բաղնիք գնալու արարողություն հետ: Նա քնդում էր մազերը, հանում էր արտաքին հագուստը և այլն, և այդ ամբողջ ընթացքում պարում էր, իսկ կանայք երգում էին: Տղայի կողմի բարեկամները դիտում էին, արդյոք  աղջիկը թերություններ ունի թե չունի, ինչն է տգեղ, ինչը գեղեցիկ: Վայելչություն էր պահանջվում աղջկանից: Ինչպես էր նա հանվում, ինչպես էր դարսում շորերը: Պարը շատ կարևոր նշանակություն ուներ, ցույց էր տալիս իր համեստության աստիճանը, մշակույթին տիրապետել, որը նույնպես գնահատվում էր խնամիների կողմից:

«Բաղնիսի բողչայում» հիգիենայի պարագաները անշուշտ կարևոր էին: 19-րդ դարավերջին շատ նորույթ էր Ավստրիական Պօպպի օճառը, «կաշին և դէմքը  փափկեցնելու համար  պարֆիւմեր Պիերի Իւմ-իւմ սապոնը», «Կապրիզ Նեւայի» սապօն , «Հիգիենա» ընկերության 20 կոպեկանոց «Մայրաքաղաքի» օճառը, իր հաճելի թարմացնող հոտով , առատ նուրբ թաւոտ  փրփուրով:   Ինչպես նաև Գոլլենդերի  լաբորատորիայի թողարկած առաջին վազելինի օճառը կտորը 30 կոպեկ: Կրեմ Սիմոնի  գովազդը, ի հաշիվ Օլդ քրիմի հակագովազդի հայկական մամուլում  մեծ տարածում գտավ և  պետք է որ ազդած լիներ կանանց՝ կոսմետիկ նախընտրության վրա:

Բարձր դասակարգի կանայք, ինչպէս և գեղեցկութեամբ ամենանշանաւոր դերասանուհիները հրաժարուեցին գործածել Օլդ կրեմը (Old cream), որ դառնահամ է իւղալի տեսք է տալիս դէմքին:

Դրա տեղ նրանք գործ են ածում Cream Simon  (Կրեմ Սիմոն)  գեղեցիկ հոտ ունեցող արտադրութիւնը, որ երբէք չէ փչանում և պնդացնող ու փափկացնող   յատկութիւնների հետ միասին առաւելութիւն ունի պահպանելու դէմքի գոյնի շնորհալիութիւնն ու երիտասարդական  թարմութիւնը: La poudre Simon(Պուդր Սիմոն), Le Savon Simon ala cream Simon (Օճառ Սիմոնի) ունին  նոյն հոտը և լրացնում են նրա զարմանալի յատկութիւնները: …Մաս- մաս վաճառւում է վարսավիրների, պարֆիումերների և դեղագործների մօտ:

Սա էլ հասարակական բաղնիքը. լողանալ-մաքրվելուց զատ մարդկային շփումների, զավակների համար հարսնացու փնտրելու, թուղթ, թավլու խաղալու, քիսաճիներից բան-ման լսելու և, վերջապես լիցքաթափվելու ամենատաք և փրփրուն վայրը: 

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: 

Կարդացեք նաև

Back to top button