Գերդաստաններ

Ուջան գյուղի «Հերոսների հուշարձանից» մինչև «Հնչող արձան». Մինասյաններ. «Գերդաստաններ»

1915 թվականն էր, երբ Մշո դաշտի Կոփ գյուղից շատ բնակիչներ գաղթեցին Արևելյան Հայաստան և Թիֆլիս։ Այդ ընտանիքների շարքում էին Մինասյանները։

Գրիգոր Մինասյանը առևտրական գործունեությամբ էր զբաղվում հարևան երկրների հետ և բավականին մեծ հավաքածու էր ստեղծել՝ տարբեր արժեքավոր իրերի, ինչպես, օրինակ, պղնձե սափորների, կաթսաների, մրգամանների և այլն։ Եվ այդ գեղեցիկ, զարդանախշ մրգամաններից մեկն էլ մինչ օրս «ապրում է» Մինասյանների գերդաստանում և զարդարում է սեղանը տոնական օրերին։

Գուցե այս մրգամանի նախշերն են հետաքրքրություն առաջացրել Գրիգորի թոռներից մեկի՝ Յուրիի մոտ, քանի որ նա վաղ տարիքից է սկսել նկարել։ Ապրելով ճարտարապետական հիասքանչ կառույցներով և կոլորիտային Թիֆլիս քաղաքում՝ Յուրին բարձր ճաշակ ձեռք բերեց և նկարելու հմտություն։ Տարիներ հետո Յուրիի հայրը՝ Սուրենը, որը կոշկակար էր, որոշում է տեղափոխվել Երևան և ազգականներից մեկի խորհրդով տղային տալիս է սովորելու Թերլեմեզյանի անվան  ուսումնարան ու օրեցօր հիանում նրա աշխատանքներով։ Շուտով Յուրին ընդունվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտ և հետո՝ 1970 թվականից, սկսում դասավանդել Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղ հետագայում նրան աշակերտում է նաև որդին՝ այժմ արդեն հայտնի քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը շատ պարգևներ ու մրցանակներ է ստացել իր հայտնի աշխատանքների համար: Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում և արտերկրում։ Նա մեր քաղաքը զարդարող շատ հայտնի արձանների հեղինակն է՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դրսի արձանախմբի և ներսի հարթաքանդակների հեղինակն է, ասում է արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը։

Լավ մանկավարժ ու շատ գրագետ այս մարդը սիրում է կարգ ու կանոն, ճշտապահություն ու այդպես էլ դաստիարակում իր որդուն, բայց սովորության համաձայն կամ այլ հետաքրքրությունների պատճառով, երբեմն, անտեսում, հետո կարողանում հասցնել աշխատանքը ավարտին՝ ստանալով հայրիկի բարձր գնահատականը։

Հայրը աչքի է ընկնում հայ քանդակագործական ավանդույթներին հավատարմությամբ, որդին ասելիքը դարձնում է ժամանակի պահանջներին համահունչ՝ ձգտելով դեպի  վերջնական նպատակը, և հաջողությանբ գնում է դեպի արվեստի բազմաբովանդակ ճանապարհ։ «Պիտի բեմադրեմ, նոր քանդակեմ» բանաձևով է առաջնորդվում Դավիթը։

Դավիթ Մինասյանը աշխարհի 19 այբուբենների տառերը շաղկապեց ապագայի ամրագրմանը, որը հավաքեց «Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների ընթացքում, «Տղամարդիկ» ֆիլմի  հերոսներին բերեց փողոց՝ էլ ավելի ճանաչելի դարձնելով։ Հանրային ռադիոյի շենքի դիմաց նրա կերտած «Հնչող արձանն» արդեն ծանոթ է բոլորին, իսկ հեղինակը միշտ ուզում է նրան երգելիս տեսնել, քանի որ այդ մտահղացմամբ է քանդակել։

Ծաղկաձորում տեղադրված՝ Լեոնիդ Ենգիբարյանին պատկերող «Անձրևանոցով թռիչքը» կամա թե ակամա բերում է դեպի խորհրդավոր արվեստ, հիացնում  գեղեցիկի ձգտման անսահման կարողությամբ։

Երևանի փողոցներով քայլելիս Յուրի և Դավիթ Մինասյանների աշխատանքներին հանդիպելով՝ կարծես մտնում ես մի աշխարհ, որտեղ տեսնում ես վեհը, ծիծաղ արցունքի միջից, ուր կա իրական, մնայուն երջանկություն ու անսահմա՜ն, անսահմա՜ն երաժշտություն։

Back to top button