ԿարևորՀասարակություն

Շուշիից հետո՝ համագործակցություն Կապանի հետ

Օրերս  պաշտոնական այցով Կապանում էր  Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գաել Պերդրիյոյի գլխավորությամբ։ Կապանի համայնքի ղեկավարի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել, և այս օրերին Սենտ Էտիենի առողջապահական, ուսումնական հաստատությունների պատվիրակներն են Կապանում հանդիպումներ ունենում տարբեր կառույցների հետ։ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանն է ամփոփում ֆրանսացիների այցը։

Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիյոն և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ստորագրում են երկարատև համագործակցության հուշագիրը։ Գևորգ Փարսյանը՝ բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծում է Կապան համայնքի շահագրգռվածությունը՝ միջհամայնքային կապերը առավել խորացնելու և ամրապնդելու գործում:

«Այսօր մենք արձանագրեցինք, որ հանձն ենք առնում օգտագործելու մեր բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ միջհամայնքային մեր հարաբերությունների կազմակերպման և ակտիվացման համար: Իսկ համագործակցությունը ենթադրվում է տարբեր ոլորտներում»։

Գևորգ Փարսյանը նոր սկսվող հարաբերություններում կարևորեց հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում Սյունիքի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, որոնց դիմագրավման գործում  անգնահատելի է ֆրանսիացիների ակտիվ աջակցությունը։ «Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,-հուշագրի սոտորագրումից հետո ասաց Սենտ Էտիենի քաղաքապետը։ Գաել Պերդրիյոն, ամեն տարի՝ ապրիլի 24-ին, ծաղիկներ է դնում Սենտ Էտիենում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին։  

«5 տարի առաջ ես համագործակցության պայմանագիր ստորագրեցի Շուշի քաղաքի հետ և մենք բազմաթիվ համատեղ  ծրագրեր այնտեղ իրականացրինք։ Ինձ համար ցավ է Արցախի հետ տեղի ունեցածը։ Եվ այս հուշագիրը  երկրորդ կյանք է հաղորդում մեր և Հյաստանի փոխահարբերություններին, քանի որ Հայաստանի ոչ մի քաղաքի հետ չունեինք համագործակցություն»։

Համագործակցության առաջին փուլում  նախատեսված է կապանցի բժիշկների վերապատրաստումը և երիտասարդների փոխանակման ծրագրերը։

Back to top button