Ազդ անցյալից

19-րդ դարի հայկական մամուլի  «տարօրինակ» ծանուցումները․ «Ազդ անցյալից»

  • Աղվոր, թոմբոլ  կովեր թիւ 35 ախոռին մէջ…
  • Հացի արաղ 40 գրադուս …
  • Հարկաւոր է ցրիչ-ծառայ…

21-րդ դարի հեռվից 19-րդ դարի մամուլի գովազդները հաճախ տարօրինակ են և զվարճալի: Անշուշ ոչ թե բովանդակության, այլ ձևի, ներկայացման առումով:  

Այսօր հայկական մամուլը կթերթենք՝ ուշադրություն դարձնելով 19-րդ դարի ծանուցումների և գովազդների տողերում լեզվամտածողության և ոճի նրբություններին, երբեմն էլ առաջին հայացքից ցնցում `շոկ առաջացնող ձևակերպումներին. «Մշակ»-ի էջերին մեծ տառերով անդամահատ Քյուչարեանցի հայտարաությունից մինչև «Մեղու Հայաստանի» թերթի դիակներ սառեցնողինը:

Պատիւ ունիմ յայտնել  յարգելի հասարակութեանը Թիֆլիսի, որ այսուհետև, ինչպէս հանգուցեալ Արզումանը, նմանապէս և ես պահպանում եմ սառուցով ԴԻԱԿՆԵՐ հանգուցեալների՝ զանազան դեղորայքով և մեքենայով (մաշինայ): Հարցնել Նորաշէն եկեղեցւոյ գաւթում պ. Ասլանեանցին:

Թիֆլիսյան մեկ այլ թերթ էլ՝ «Նոր դար»-ը, սեփական խմբագրության թափուր աշխատատեղերի համար հայտարարություն է զետեղել իր էջերին՝«ՀԱՐԿԱՎՈՐ Է» կանչող վերնագրի տակ:

«Նոր Դարի խմբագրութիւնը որոնում է երկու ծառայ: Պահանջվում է առողջ ոտներ, արթնութիւն, հաւատարմութիւն, աշխատասիրութիւն և անունը ստորագրելու կարողութիւն: Դիմել «Նոր Դարի» խմբագրութեան:

Հարկաւոր է «Նոր  Դարի» խմբագրութեան համար ցրիչ-ծառայ: Պահանջվում է անցաթուղթ, գրաւական: Պէտք է ցրիչ-ծառան լինի ամուրի: Ցանկացողները թող դիմեն «Նոր Դար»-ի խմբագրատան գրասենեակը, որ գտնվում է պօստ-հեռագրատան դիմաց, Ծուրինօվի դեղատան մօտ: 

Աշխատանք փնտրողների, հատկապես ուսուցիչների, հայտարարություններով լեցուն են 19-րդ դարի թերթերը՝ շատ հաճախ սրտահույզ ձևակերպումներով. աշխատանք՝ օրվա մեկ պնակ ճաշի դիմաց:

Մի խեղճ երիտասարդ ցանկանում է ՏԵՂ ունենալ կանտօրում կամ մի որ և իցէ տեղում, կամ պարապել հայ ուսումնարանների պատրաստական և միջին դասարանաց աշակերտաց և աշակերտուհեաց հետ հայոց լեզվից, ֆրանսիական լեզուից և բոլոր առարկաներից եթէ տան նորան չափաւոր ՎԱՐՁ կամ սնունդ:

Իսկ Բիւզանդիոնի 1898-ի համարներից մեկի մի գովազդի վերնագիրը այնքան բանաստեղծական է.

Ահաւասիկ մի հայ դերձակ որուն չի պակսիր ճաշա. Ձմրան յարմար նուրբ ճաշակաւ պատրաստուած, անգլիական , գաղիական տոկուն կերպասներէ չափաւոր գիներով հագուստ շինել տալ փափագողք, թող հաճին դիմել Փէշտիմալճեան վաճառատունն ի Պահճէ-Գարու Համիտիյէ Թիւրպէսիի դիմաց , թիւ 21:

21-րդ դարի հեռվից 19-րդ դարի այս ծանուցումներում հումորային, գուցե զավեշտական երանգներ կամ անհեթեթություն ենք տեսնում:Բայց իրականում այդպիսին էր ժամանակաշրջանի արտահայտչաոճը: Որքանո՞վ է կարևոր հումորը հայտարարության կամ գովազդի  տեքստում: Կպարզի «Դոպինգ» ընկերության ստեղծագործական մասով տնօրեն Հովհաննես Մարգարյանը:

Չդիտարկենք միայն հումորի տեսակետից, դիտարկենք առհասարակ էմոցիայի, որովհետև հումորը նաև էմոցիա է: Հումորը բացում է ճանապարհը ինֆորմացիան ընկալելու, օգնում է տպավորվել, օգնում է հիշել ու ամենակարևորը պատմել մեկ ուրիշին: Շատ կարևոր է, որ գովազդը պատմես մեկ ուրիշին, որովհետև դա խնայում է գումար: Եթե դու ունես պայմանական 1000 դրամ գումար, որ կարող ես 5 հոգու հասցնել քո պատմությունը, եթե գովազդը ծիծաղալու է կամ հուզական, այդ 5-ն էլ կպատմեն ևս 5 հոգու և արդյունքում դու կունենաս այլ լսարան:  

Հայկական թերթերը հաճախ այն միակ հարթակներն էին, որոնց միջոցով մարդիկ հայտնում էին կորցրած իրերի մասին և ակնկալում դրանց վերադարձը, անշուշտ վարձատրության դիմաց. «Մեղու Հայաստանին»-ն 1874-ի համարներից մեկում գրում է.

Յայտարարութիւնք

Այս տարի ես կորցրել եմ Տփխիսում 100 ռուբլիանոց մի վէկսիլի թամասուք, որ պարտատէրի իսկական գրչով ստորագրած է այսպէս. «Իմ պարտս է Յովհաննէս Սարգիսով»: Սորանով խոնարհաբար խնդրում  ենք գտանող մարդից վերադարձնել վէկսիլը Կուկիոյ կամուրջի վերայի ֆօտոգրաֆիան, պ. Աբրահամ Տէր-Ղևոնդեանին, որ վերադարձնողին կը վարձատրէ դորա աշխատութեան համար: Յ. Սարգիսեանց.

1885թ. մի չարաբաստիկ օր էլ, հավանաբար Բաքվից Թիֆլիս եկած  ունևոր մի մարդ՝ Միխայլով Ա.Ա.-ն, Լոնդոն հյուրանոց  ժամանելու ճանապարհին կորցնում է մի կարևոր փաթեթ, մեջը լիքը փող և դիմում  էլի՛ հրատարակիչ Էնֆիաճեանցի «Մեղու Հայաստանի» թերթին.

100 ռուբլի վարձատրութիւն է լինում , ով որ կը բերէ փոքրիկ թղթակալ մոյգ կաշիից արծաթեայ անկիւններով, որ կորցրած է ներկայ յունիսի 9-ին մոտ ութը ժամին առաւօտեան երկաթուղու կայարանից Լոնդոն հիւրանոց գնալիս: Թղթակալի մէջ գտնվում էին մոտ 325 ռուբլի փող, երկու լուսանկարչական  տոմսեր, դեղատոմս և Բագուի դեղատան նշանատոմս: Խնդրում եմ հասուցանել Լօոնդոն հիւրանոցի  գրասենեակը Ա.Ա. Միխայլովին յանձնելու համար:

 «Մի ՇՈՒՆ սէտերի տեսակից,սև գոյնի, սպիտակ բիծով կուրծքի վրա, որձ, «Տիւդօր» անունով, կորաւ Ալէքսանդրեան այգուց,ապրիլի 28-ի գիշերը,-կարդում ենք 1880թվականի «Մշակի»-ի համաներից մեկում: «Գտնողին խնդրում են հասցնել Զուբալօվի տան, կօնդիտէր՝ Կելբէրի մագազինից վերև գտնված Պօլտարացկու բնակարանը, Ստեփան Ծերետէլիին օրինաւոր վարձատրութեամբ»:

Բայց թերթերում արձանագրված մարդկանց կորուստը չէր սահմանափակվում միայն  դրամով, փաստաթղթերով, հավատարիմ չորքոտանիներով: Ցոփության մեջ հաճախ կորչում էր  տղամարդկային ուժը, փոխարենը ձեռք բերվում աֆրոդիտյան տարատեսակ հիվանդություններ:

Ահա Պոլսի «Բիւզանդիոն»-ում կարդում ենք մի հայտարարություն, որը ավետում է «ցոփութեան  մեջ կորցրած ոյժը վերագտնելու» հնարավորության մասին: Իսկ «Արշալոյս Արարատեան»-ն էլ  ծանուցում է «ամեն տեսակ ափրոդիթեան ախտիւ»  վարակվածներին բուժելու՝ տօքթօր Չայեանի  պատրաստակամութեան մասին:

Շարժվենք առաջ: Թիֆլիս,«Մեղու Հայաստանի» 1883 թվական.

Պատիւ ունիմ յայտնել հասարակութեանը, որ բացուեց Հայոց Ներսիսեան հին ուսումնարանի տակը մի խանութ ԽՈԶԻ ՄՍԻ, որտեղ ծախվում է ֆունտը 7 կօպէկով:

19-րդ դարի վերջին ռուսական կայսրությունում 1 ֆունտը մոտավորապես 400 գրամ էր: Հաջորդ գովազդից պարզ կդառնա, որ Թիֆլիսում 1 կգ հոլանդական պանիրն ավելին արժեր, քան նույնքան խոզի միսը:

Հոլլանդական պանիր, որ պատրաստվում է Գորու կալվածատէրերի մօտ, պ. Ախլէդիանիի կառավարութեամբ, ծախվում է Քէթխուդօվի խանութում, Դվօրցօվի փողոցում, Արծրունու  տանը, ֆունտը 30 կօպէկով:

Լաւ Կուչենբախի  պանիր և շատ լաւ մաշինով մաքրած սարի մեղր. Կարելի է  միշտ գտանել Շվէյցարական  մագազինում: Գօլօվինսկի պրօսպեկտի վերայ Օրբելեանի տանը:

Թերթերի օգնությամբ իսկապես որ վաճառում էր ամեն բան, չկար գովազդի մասին օրենք և որևէ սահմանափակում, ինչպես հիմա.

   Գրադուսը 9  կօպէկի

Ակցիզը վճարած և ամենալաւ մաքրած հացի արաղ վաճառվում է Նադվօրնի Սովետնիկ Ալէքսանդր Լազարիչ Թահիրեանցին պատկանեալ սկլադում, որ գտնվում է Էկզարխի հրապարակում իւր սեփհական տանը: Վաճառը լինելու է երեք  վեդրօ, 40 գրադուս վեդրօյում և աւելի:

Դիակ սառեցնողի հայտարարությունից մինչև«բոլորովին մաքուր, զտված ջից սառոյց… կերակրի և ըմպելիքի համար», որ վաճառվում էր Թիֆլիսում, Վօրօնցովի արձանի մօտ գտնվող Զէմմէլի սառցային  գործարանում, անդամահատ բժշկի ծանուցումից  մինչև կաթնատու կովի վաճառականի հայտարարությունը: «Պոլսի Հայրենիք»-ը գրում է.

Կովու վաճառական Բանաեօթ այս անգամ իր վաճառատունը Պահչէ Գաբուէն փոխադրած է Տէմիր Գարու, երկաթուղիի կայարանին դէմ թիւ 35 ախոռը, ուր առաջուան պէս միշտ Խրիմու եւ Զուիցերիական ընտիր կաթնատու կովեր կը ծախէ խիստ աժան գնով:

Շնորհակալություն  աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և  մամուլ  հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: 

Back to top button