Գերդաստաններ

Հանրահայտ արվեստաբանն ու «մերկ գծի» պաշտամունքը. Հայթայաններ. «Գերդաստաններ»

Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխանող արվեստաբան էր, նրա  մենագրությունները, գրքերն ու հոդվածները համաշխարհային արվեստաբանության մաս են կազմում։ Նրա զավակները` Արա և Նվարդ  Հայթայանները, արվեստասեր հանրությանը հայտնի նկարիչներ են։

Հայթայանների նախնիները մինչ 1915 թվականի ցեղասպանությունը ապրել են Կոնիայի Ակշեհիր քաղաքում։ Մեծ եղեռնից փրկություն են գտնում Բեյրութում։ Նրանք արհեստավորներ էին՝ հմուտ ոսկերիչներ և դերձակներ։ Նրանց մոտ էին զարդեր և հագուստներ պատվիրում Լիբանանի մեծահարուստ ընտանիքները, հայտնի դերասաններն ու արվեստի գործիչները։

Դերձակ Կարապետը, որը մեր այսօրվա հերոսների նախնին է, հետևում նորաձևությանը և՛ Բեյրութում, և՛ հետո արդեն Երևանում՝ հայրենադարձությունից հետո։ Հաճախ էր Կարապետը թերթում այն ժամանակ արդեն հայտնի «Բուրդա» նորաձևության հանդեսը, դետալներ ընտրում իր գործերի համար, չափ ու ձև անում, դրանք օճառով նկարում կտորի վրա։ Ահա այս աշխատանքներն էին տեսնում նրա որդիներն ու թոռները, ընկալում էին գեղեցիկն ու որսում հետաքրքիրը։ 

Զուսպ, քչակեր ու շատ աշխատասեր Կարապետի կարած կոստյումների կտորները յուրահատուկ գույն ու որակ ունեին, դրանք ընտրում էր ինքը՝ դերձակը։ Դեռ 30-ականներից կարված այդ կոստյումներից դեռ կան, դրանք մինչ օրս պահվում են նրա հարազատների ու պատվիրատուների պահարաններում։ Դերձակ Կարապետը 7-ամյա որդուն՝ Պողոսին, հաճախ էր իր հետ տանում Բեյրութի մոտակայքում գտնվող Բաալբեք հնագույն քաղաք, որտեղ դեռ կանգնում են հռոմեական ճարտարապետության կառույցները։ Վարպետը հատուկ կարևորություն էր տալիս զավակի գեղագիտական  ճաշակի զարգացմանը։

Հայտնի դերձակի մոտ հաճախ էին լինում արվեստագետներ՝ հատկապես նկարիչներ։ Պողոսը ծանոթանում էր նրանց հետ, զրուցում, հյուրընկալվում նրանց արվեստանոցներում, դիտում նրանց աշխատանքները։ Իսկ ահա իր համադասարանցի Նորայր Ադալյանի միջոցով հայտնվեց գրականություն սիրող մարդկանց միջավայրում, ձեռք բերեց գաղափարակիցներ և գրականության միջով մտավ  կերպարվեստի ոլորտ։

Արա Հայաթյան

Ավարտելով Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան  գեղարվեստի ակադեմիան՝ կարողացավ արվեստաբանական լեզու ձևավորել հայ մշակութային կյանքում և արագ հայտնի դարձավ արվեստասեր հանրությանը։

Պողոս Հայթայանն այն արվեստաբանն էր, որը ոչ թե ստեղծեց արվեստաբանական տեսություն, այլ գերադասեց գեղարվեստականության խնդիրը դիտարկել ըստ արվեստագետի հետաքրքրությունների։ Արվեստաբան Հայթայանի դիտարկումները հաճախ էին փոխում արվեստագետի ստեղծագործական մոտեցումները։ Նա միշտ ուզում էր օգնել նկարչական արվեստի մեջ տեսնել թիրախը, նպատակը չնկատող նկարչին։

Հենց հոր և արվեստագետների միջավայրում էլ մեծանում էր Պողոս Հայթայանի որդին՝ Արան։ Նրա գեղարվեստական հայացքների ձևավորման և նկարիչ դառնալու գործում մեծ դեր ունեցավ տաղանդավոր նկարիչ Արկադի Պետրոսյանը։ Հենց նրա՝ «մերկ գծի» մասին խորհրդածություններն էին, որ Արային «գծապաշտ» դարձրին։ Երիտասարդ նկարչի վրա ազդեցություն էր ունենում նաև քեռին՝ նկարիչ Ռուբեն Ադալյանը։

Արան պաշտում է նաև գույների խաղը, փորձում հասկանալ, թե ինչպես է ընկալվում կախարդանքի  այդ երևույթը։ Նրա ստեղծած պատկերները գտնվում են սիմվոլիկ վերացականի և իրականության թելադրանքի միջև և օժտված են իրականությանը հարազատ մնալու ցանկությամբ։

Նվարդ Հայաթյան

Արվեստաբանի դուստրը՝ Նվարդը, ևս սիրված ու հայտնի նկարչուհի է։ Նկարը գինու նման է, որքան հնանում է, այնքան զորեղ  է դառնում. սա է գեղանկարչության մասին նրա ընկալումը։ Դստեր աշխատանքները բարձր էր գնահատում արվեստաբան հայրը   և նրան համարում էր հայկական Մատիս։ Նվարդի արվեստանոցում կարելի է տեսնել գեղեցիկի պաշտամունք, շատ  հմայիչ, ծաղկային վերացական այլաբանություններ, և այս ամենը՝ հոգու արձագանքով։ Նկարչուհին բարձր է գնահատում  նաև  եղբոր արվեստը , որն  ավելի  խորն է համարում։  

Պողոս Հայթայանն ասում էր. «Աստծո երկնքի տակ ծնվում են մարդիկ ու ստեղծում են արժեքներ, ամեն ինչ կրկնվում է որերորդ անգամ։ Պարտադիր չէ Լեոնարդո ու Միքելանջելո լինել, նրանց ծնել էր հունական, իտալական արվեստի 15 դարերի կուտակումը, բայց նույնիսկ նրանց չի կարելի կուռք դարձնել։ Արվեստը շարունակական է, ժամանակի անվերջության մեջ վառվում են աստղեր, որոնցից յուրաքանչյուրը հերքում է իր նախորդների չափանիշները։

Մարտիրոս Սարյանն ասում էր. «Ով ինձ շարունակելու է, բոլորովին ինձ նման չի լինելու»։

Back to top button