Մոռացված ֆիլմերի ստվերները

Հենրիկ Ալավերդյան․ Օպերայից դեպի կինո․ «Մոռացված ֆիլմների ստվերները»

Գյումրեցուն հատուկ հումոր, կենսախինդ և ջերմ. այսպիսին էր նա կադրում և կադրից դուրս։ Կինոդերասանական անսպասելի կարիերայի ընթացքում նա նկարահանվեց 29 ֆիլմերում։

Ծննդյան թվականը՝ 1935, ծննդավայրը՝ Լենինական, արտաքինը՝ հաղթանդամ, մականունը՝ Բասո, հումորի զգացողությունը՝ բարձր, մասնագիտությունը՝ օպերային երգիչ, կինոդերասան, նկարիչ։ Այս կարճ բնութագիրը «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Ճերմակ անուրջներ», «Օտար խաղեր» ֆիլմերում հետաքրքիր ու հիշվող կերպարներ ստեղծած, օպերային բեմից նկարահանման հրապարակ եկած Հենրիկ Ալավերդյանինն է, արվեստագետ, որն ուներ շատերից տարբերվող հայացք կյանքին ու կարողացավ բերել այն բեմ ու էկրան։ 

Դպրոցն ավարտելուց հետո երկար տարիներ մասնագիտական փնտրտուքի մեջ Հենրիկ Ալավերդյանն ի վերջո որոշում է ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժին։ Նրա դուստրը՝ Մարո Ալավերդյանը պատմում է, որ քննական հանձնաժողովի անդամներին նա գերում է ոչ միայն իր պատրաստած երկու երգերով, այլև իրեն ուղղված հարցերի հումորով պատասխաններով։

Մարո Ալավերդյան

«Երգերը ներկայացնելուց հետո հանձնաժողովի անդամներից մեկը հայրիկիս հարցրել է․ «Շատ լավ ձայն ունես տղա ջան, ձեր ընտանիքում ինչ-որ մեկը  երգո՞ւմ է», հայրս պատասխանել է․ «Հա, պապս էնպես լավ կերգեր օր կխմեր»։ Յուրաքանչյուր նախադասության մեջ նա հումորային մի մասնիկ էր դնում»,-ասում է Մարո Ալավերդյանը։

Հենրիկ Ալավերդյանը կինո եկավ, երբ արդեն ճանաչում ու վաստակ ուներ օպերային արվեստում։ Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն ասում է, որ չնայած օպերային արվեստում ունեցած իր ճանաչմանը, նա մշտապես ցանկանում էր նկարահանվել հայկական ֆիլմերում, բայց երբեք չէր կարծում, որ կարող է նման առիթ ներկայանալ։ Եվ բարեբախտաբար այդ առիթը եղավ ու որքան օպերային բեմն, այնքան էլ կինոնկարահանման հրապարակը նա շատ սիրեց։

Օպերայից կինոստուդիա առաջին քայլը եղավ «Սերոբի ծառը» ֆիլմով, երբ Հովիկ Հախվերդյանը հրավիրեց նկարահանման։ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ մի քանի րոպե տևողությամբ էպիզոդիկ դերը գրավեց բազմաթիվ կինոռեժիսորների, այդ թվում՝ նաև Ալբերտ Մկրտչյանի ուշադրությունը։

Ռոբերտ Մաթոսյան

«Ամբողջ հանրապետությունը ժամանակին ողողված էր նրա երգերով։ «Զարթնիր լաո»,  «Լարի-թըմբլ-լա-լա» և այլն։ Օպերային բազմաթիվ դերեգերով հանդես էր եկել աշխարհի տարբեր երկրներում։ Հանրապետության ժողովրդական արտիստ էր, երբ նկարահանվեց «Սերոբի ծառը» ֆիլմում։ Պատահական չէր նաև Հենրիկ Ալավերդյան-Ալբերտ Մկրտչյան ստեղծագործական կապը, որի արդյունքում նա էպիզոդիկ, բայց հիշվող դերակատարմամբ հանդես եկավ «Հին օրերի երգը», «Խոշոր շահում» ֆիլմերում»,-նշում է Ռոբերտ Մաթոսյանը։

Անցյալ դարի 80-ականների վերջին «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսվեցին «Բումերանգ» կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները։ Վերակառուցման ճանապարհը բռնած Խորհրդային Հայաստանում ձևավորվում էր կինոյի նոր ժանր, որում հումորային երանգով ներկայացվում էին չինովնիկների արատավոր կողմերը, երկրի լճացած իրականությունը։ Այդ կարճամետրաժ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ՝ որպես խաղընկերներ, հանդես եկան Մայրանուշ Գրիգորյանն ու Հենրիկ Ալավերդյանը։

««Բումերանգ» կարճամետրաժ ֆիլմերի տեսարանները նկարահանվում էին մի քանի ժամում, բայց դա այն դեպքում, երբ նկարահանման հրապարակում չէր Հենրիկ Ալավերդյանը»,-ասում է Մայրանուշ Գրիգորյանն ու ավելացնում․

Մայրանուշ Գրիգորյան

«Այդ օրը մի քանի դուբլ նկարահանել էինք, բայց նկարահանման ավարտին չէինք մոտենում։ Պատճառը Հենրիկ Ալավերդյանի անվերջ հումորային պատմություններն էին, որոնցից և՛ ես, և՛ մեր մյուս խաղընկերուհին չէինք կարողանում զսպել ծիծաղը։ Անկեղծ ասած, Հենրիկը շատ լուրջ էր վերաբերվում և՛ կինոյում իր դերակատարներումներին, և՛ օպերային դերեգերին, բայց այդ օրը նա անվերջ կատակներ էր անում»,-պատմում է Մայրանուշ Գրիգորյանը։

Հենրիկ Ալավերդյանն ապրեց ընդամենը 54 տարի, բայց հասցրեց ձեռագիր թողնել արվեստի մի քանի ճյուղերում։ Կյանքի օրոք նա արժանացավ ժողովրդի սիրուն ու անվերապահ գնահատանքին, մինչդեռ մահից ոչ մեծ ժամանակ անց, ցավալիորեն, պարզվում է երիտասարդներից քչերը գիտեն նրա օպերային դերերգների ու ժողովրդական երգի զարգացման գործում մեծ վաստակի մասին։

Back to top button