- Բոզարջեանի ծխախոտը կեղծված է…
- Նայեցէք էթիքէթին…
- Թիւ 8 eau de cologne-ը կեղծված է…
Ո՞ւմ մտքով է անցել ապրանք կեղծելու գաղափարը : Հիմա արդեն պարզել չի լինի: Բայց առօրյայում գործածվող ապրանքներից առաջ նախ կեղծվել են և դեռ կեղծվում են արվեստի գործերը: Եվ սա անհիշելի ժամանակներից: Կեղծարարների պատճառով տուժել և տուժում են ոչ միայն արվեստագետները, այլև հավաքորդները, որոնք երբեմն աստղաբաշխական գին են վճարում ոչ իրական արվեստի գործերի դիմաց:
Ինչի՞ց են 19-րդ դարում բողոքել , ինչի՞ մասին են ահազանգել վաճառականներն ու արտադրողները հայկական մամուլի էջերում: Պոլսի «Հայրենիք»-ը գրում է.
Հայրենիք 1894/972
«Ժէլլէ եղբարց անուշահոտութեանց տունը (Բարիզ , Օրէրայի Ծառուղին թիւ 6) պատիւ ունի ծանուցանել իր բազմաթիւ յաճախորդաց թէ իր արտադրութիւնները կեղծուելով կը ծախւին հրապարակին վրայ, մանաւանդ կէս եւ մէկ լիտրանոց թիւ 8 օտը քօլօների շիշերը: Գնողները իրենց ապահովութեան համար պէտք է պահանջեն որ իւրաքանչիւր շիշի վրայ թիւ 8-ին տակ փակցուած ըլլայ գործարանի դրոշմը ներկայացնող էթիքէթը»:
Անձնագրերի կամ այլ փաստաթղթերի կեղծման ամենից պահանջված, այսպես ասած, մասնագետները Օդեսսայում էին: Այստեղ «նկարչություն» բառը հե՛նց նշանակում էր անձնագրերի վարպետորեն կեղծումը: Բայց Օդեսսան ընդհանրապես ամեն տեսակ ապրանքների կեղծարարության և մեքենայությունների առումով ռուսական կայսրության սիրտն էր: Թիֆլիսի «Նոր դար»-ը 1886-ին գրում է.
«Բէսսէդի ձիթապտուղի իւղ.
Պարոն Բէսսէդ, որդին, Մարսէյլում Բէսսէդի ձիթապտուղի իւղի գործարանատէր, պատիւ ունի յայտնելու այդ արդիւնաբերութեան գործածողներին, որ նա Օդեսսայում գտել է իւր մարկան կեղծողներ, որոնք գործադրելով դատարկ շիշեր, լցնում են նրանց ստորին յատկութիւն ունեցող իւղով, կպցնում են շինծու եարլիկ և ծախում են գործածողների վերայ: Ուստի Բէսսէդի ձիթապտուղի յիւի իսկականը և բոլորովին մաքուրը ձեռք բերելու համար հարկաւոր է պահանջել, որ Bessed fils ստորագրութեամբ դեղահատը և եարլիկը, որոնցով փակուն են շիշերը, բոլորովին վնասուած չը լինին»:
Լսենք «Մենք» քոնսալթինգ ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանին.
Կեղծարարությունը պատմական արմատներ ունի: Բոլոր այն ընկերությունները, որ ունեն մտավոր սեփականություն, ստեղծում են բացառիկ ապրանքներ այդ վտանգի առաջ կանգնած են: Դա ի՞նչ է նշանակում. Երբ որ մեկ այլ ընկերություն, տեսնելով իր մրցակից ընկերության բարի համբավը, կամ մատուցվող ծառայության կամ ապրանքի հաջողությունը շուկայում , ջանք չգործադրելով, մտնում է շուկա նմանակված ապրանքով, որ և հանդիսանում է կեղծ:
Դեռ XIV դարում եվրոպական երկրներում օրենսդրորեն ամրագրվեց ապրանքանիշ հասկացությունը և դրա դեմ ոտնձգությունների պարագային պատժի մեթոդները: Նախ իտալացիները, հետո ֆրանսացիները, ապա XVI դարից արդեն բրիտանացիները շատ խիստ պատժամիջոցներ սահմանեցին խարդախության և կեղծարարություն համար: Օրինակ՝ Ֆրանսիայում 1544-ից ապրանք կեղծողների համար սահմանեցին ձեռքը կտրելու պատժաձևը: Իսկ ահա սովորական գինին ՝ ֆիրմային գինու անվան տակ վաճառողի վերջը, առանց այլևայլության, կախաղան էր:
«Պատիւ ունիմ յայտնելու յարգոյ հասարակութեան, որ 1883թ. յունվարից իմ ծխախոտի գործարանի արդիւնաբերութիւնները, ինչպիսի են՝ ծխախոտեր, ամեն տեսակ պապիրոսներ ծախվում են փաթեթներով, որոնց վերայ իմ գործարանի շինութեան նկարն է, ինչպէս վերը գրուած է, որի վրայ հասարակութեան ուշադրութիւնն եմ հրաւիրում ծխախոտ առնելու ժամանակ: Ի նկատի առնելով, որ իմ արդիւնքների տեղ կեղծուածներ են վաճառահանում, ես այս փոփոխութիւնով կամենում եմ, որ իմ գործարանի արդիւնքները զանազանել կեղծեալներից: Կցորդում եմ և այն, որ ծխող հասարակութեան կատարելապէս գոհացնելու համար ստանում եմ ինչպէս առաջ, թրքական ծխախոտի ամենաբարձր տեսակը Ենիջէի կէօբէկի ամենալաւ պլանտացիաներից, ամենալաւ Սամսօն և ուրիշ տեսակները նոյնպէս և կովկասեան ծխախոտի ամենալաւ տեսակը: Ծխախոտի գործարանատէր՝ Նիկողայոս Բոզարջեանց»:
Անուշայուղ, խմիչք, զիթապտղի յուղ, ծխախոտ, թեյ, դեղորայք… Կեղծվող ապրանքների տեսականին մեծ է: Եվ ոչ միայն տեղացի, այլև օտար արտադրողները՝ Փարիզից, Մարսելից, Լոնդոնից, Մոսկվայից, Պոլսի և Թիֆլիսի հայկական թերթերում իրենց հայ սպառողներին զգուշացնում էին կեղծված ապրանքների մասին և խնդրում ուշադիր լինել: Գրում է «Մեղու Հայաստանի»-ին 1883-ի համարներից մեկում.
«Մեր ֆիրմայի չայը գործածողներին խոնարհաբար խնդրում ենք ուշադրութիւն դարձնել, որ մեր չայի փաթեթների վերայ լինին К և С տառերը: Եղբարք Կ. և Ս. Պօպովներ:Առևտրական տուն Մօսկվայում»:
Ամերիկացի հայտնի իրավաբաններից մեկը պնդում է, որ մեր օրերում աշխարհում կեղծվող ապրանքների շրջանառությունը և դրանցից ստացվող շահաբաժինը ավելի մեծ է, քան թմրանյութերի և մարդկանց առևտրից գոյացողը: Լսենք Արթուր Վարդերեսյանին.
Կեղծարարույթունը ունի նաև իր իրավական բնորոշումը, որը ապրանքային նշանների մասին օրենքում հստակ ձևակերպված է և ասում է, որ առանց իրավատիրոջ թույլտվության ապրանքային նշանի օգտագործումով ստեղծված ապրանքը համարվում է կեղծ-կեղծված: Սա անբարեխիղճ մրցակցության ցայտուն դրսևորման եղանակ է և, կարելի է ասել, մտավոր սեփականության գողության դրսևորման շատ ճչացող երևույթ:
Մամուլը անգնահատելի ծառայություն էր մատուցում գործարարներին՝ սպառողներին կամ մուշտարիներին իրազեկելով շուկայում գործող անբարեխիղճ տնտեսվարողների ու կեղծարարների մասին՝ այդպիսով օգնելով նրանց չընկնել վերջիններիս թակարդը: «Մեղու Հայաստանի»-ին 1875թ. համարներից մեկում գրում է.
«Պատիւ ունիմ յայտնելու Թիֆլիսի հասարակութեանը որ իմ համազգի Մինաս Տէր-Հովհաննիսեանցն իմ խանութիս կից բացել է քաղցրեղէնների խանութ, բայց նորա վաճառածը իմ սեպհական գործարանում պատրաստուած չէ, այլ ուրիշի գործարանի ապրանք է: Իմ գործարանում պատրաստուած ապրանքը ծախվում է Թիֆլիսում միայն իմ խանութումս: Միխայիլովսկի կամուրջի վերայ: Այս պարտք համարեցի յայտնելու, որ մուշդարիքս սխալանաց մէջ չընկնեն»:
Այսօր այսքանը: Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: