ԿարևորՀասարակություն

Դպրոցական 660.000 տեղից լրացված է 400.000-ը․ Հայաստանի դպրոցներում սպասում են արցախցի աշակերտներին

Արդեն ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Արցախից բռնի տեղահանված 200–ից ավելի աշակերտներ։ Առաջնային կարիքների հոգալուց հետո դպրոցներն ավելի  մեծ թափով կսկսեն ընդունելությունը՝ ասել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը։ Իսկ արդեն դիմած աշակերտներին  դպրոցներում կսպասեն հաջորդ շաբաթվանից։ Արցախի ԿԳՄՍ տվյալներով՝ Արցախում շուրջ 30.000 դպրոցահասակ երեխա կար։

Հայաստանի դպրոցները պատրաստ են ընդունելու Արցախից բռնի տեղահանված բոլոր երեխաներին՝ հայտարարում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նման փորձ հայաստանյան դպրոցներն ունեցել են նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Ուսուցիչները պատրաստ են, դասագրքերի սակավության դեպքում կպատվիրվեն նոր խմբաքանակներ՝ ասել է կրթության ոլորտի պատասխանատուն։ Հայաստանում գործող դպրոցներն ունեն շուրջ  660.000 աշակերտի ուսանելու հնարավորություն։ Դրանցից լրացված է մոտ 400.000 տեղը։

«Այստեղ ուղղակի խնդիր է, թե ինչպես է տեղաբաշխվածությունը լինելու։ Կան դպրոցներ, որոնք ավելի ծանրաբեռնված են, կան դպրոցներ, որոնք ավելի թերբեռնված են և մենք կփորձենք այս ամենը կարգավորել»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեխաներին կուղղորդեն այն դպրոցներ, որոնք առավել քիչ են ծանրաբեռնված, սակայն հաշվի կառնեն նաև հեռավորությունը։

«Մենք որոշում ունենք, որ որտեղ  բնակվում է ընտանիքը, այդ տարածքի դպրոցն առավել հասանելի կարող է լինել այդ երեխաների կրթության համար»։

Երեխայի` դպրոց ընդունելության համար ծնողը կարող է դիմել կամ դպրոց, կամ համայնքապետարան։ Ըստ նախարարի՝ ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Դպրոցներին նախարարությունն արդեն ուղարկել է շրջաբերականներ: Հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

«Կարգավորումներ ենք նախատեսել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, քանի որ հասկանում ենք՝ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով: Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են ընդունելու ու աշխատելու այս երեխաների հետ»։

Ուսուցիչների հարցը նույնպես պետության օրակարգում է։ Արցախից Հայաստան բռնի տեղափոխված 1500 ուսուցիչները պետության աջակցությամբ ինտեգրվելու են հայաստանյան կրթական համակարգ։ Նախարարությունն արդեն մշակում է արցախցի ուսուցիչների մասնագիտական աշխատանքը շարունակելու ծրագիր, ասում է նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, այնպես որ վստահ եմ՝ մեր կրթական համակարգը պատրաստ է ԼՂ-ից տեղահանված ուսուցիչներին ևս ներգրավելու դպրոցներում՝ ըստ անհրաժեշտ ուղղությունների»։

Տեղափոխված ուսանողների կրթության հարցը ևս լուծված է։ Մշակվել են կրեդիտների, տարբերությունների և դրանց փոխանցման ու ուսանողների տեղափոխության գործընթացների վերաբերյալ կարգավորումները:  Քննարկվում են վարձավճարների հետ կապված խնդիրները։

«Այստեղ ևս կարիքների գնահատման ու լրացուցիչ առաջարկների անհրաժեշտություն է լինելու՝ հիմնվելով տվյալների վրա: Այս բոլոր հարցերին ավելի մանրամասն կկարողանանք անդրադառնալ այն ժամանակ, երբ մեր բոլոր հայրենակիցների տեղաբաշխումն իրականացված կլինի»։

Արցախի 11 մարզադպրոցների մարզիչների ու ստեղծագործական կոլեկտիվների աշխատողների հետ կտարվեն հավելյալ աշխատանքներ՝ հասկանալու, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանում իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Back to top button