Գերդաստաններ

Ա՜խ այդ գենը. կարող ես նոտա չիմանալ, չկարդալ, բայց կատարյալ նվագել․ «Գերդաստաններ»

Նրանք հայտնի են ողջ երաժշտասեր հանրությանը, նրանք ջազի վարպետներ են, նրանց մեջ արտահայտվել է, նույնիսկ, անուշադրության մատնված տիեզերքից հզոր երևույթը՝ գենը։

1916 թվականին, երբ Կարսի բնակչությանը կոտորում էին և նրանք փախչում էին Արևելյան Հայաստան, Վարդանյաններին մահից փրկեցին իրենց հետ վերցրած երաժշտական գործիքները՝ ջութակը և կլարնետը։

Արմեն Վարդանյանը ստիպված էր կատարել իրենց ճանապարհին հայտնված թուրքերի պահանջը․ նվագել։ Այդ նվագն ապշեցրեց նրանց և ինչ-որ տեղ կոտրվեց թուրքերի դաժանությունը, որոնք, որքան էլ զարմանալի թվա, չսպանեցին գերդաստանի անդամներին։ Նրանք, նույնիսկ, ցույց տվեցին Երևան հասնելու ամենաանվնաս ճանապարհը։ Պատմում է հանրությանը հայտնի թավջութակահար, կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը։

1930-ական թվականներին Երևանում երաժշտություն դասավանդողներից մի  քանիսը գերմանացիներ էին և Արմենը, քանի որ լավ էր հասկանում այդ ազնվագույն գործիքից՝ ջութակից, որդուն՝ Հակոբին, ուսումնառության է տալիս հայտնի գերմանացի մանկավարժ Լեկկեռի մոտ, որն էլ հիացած էր տաղանդավոր տղայի ընդունակություններով։

1946-ից 1952 թվականներին Հակոբը սովորեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, մասնակցեց Բեռլինում կայացած համաշխարհային փառատոնին, որի շրջանակներում էլ 17 համերգ ունեցավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարբեր քաղաքներում և այլ երկրներում։

Հետո  Հակոբն ընդունվեց Հայֆիլհարմոնիա՝ որպես մենակատար։ 1963 թվականին արժանացավ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, դարձավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր և կրթեց շատ երիտասարդների, իսկ իր կատարումներով ճանաչելի դարձավ երաժշտասեր հանրությանը։ Կինը՝ Իրինա Կոստանյանը, հիանալի մանկավարժ էր, երաժշտագետ, պատմում է Նիկողայոսը։

Հակոբ Վարդանյանը կնոջ հետ

Հակոբն իր զավակների մոտ շատ էր պարապում, նվագում։ Դուստրը՝ Մարիամը,  հիանալի նվագում էր, ընդունվեց Կոնսերվատորիա, սակայն որդին` Նիկողայոսը, թեպետ լսում էր, բայց ամենևին ցանկություն չուներ նվագելու կամ երաժշտական դասերի հաճախելու։ Նա մինչև 14 տարեկան ո՛չ նոտաներ սովորեց, ո՛չ էլ այս կամ  այն կերպ առնչվեց երաժշտական գործիքների հետ։ Սակայն, երբ նրա 14 տարին լրացավ, նա ինքնուրույն որոշեց մի երաժշտական գործիք պատրաստել՝ ամենևին չիմանալով, թե ինչպես են այն նվագում։

Շուտով տղային սկսեց հետաքրքրել հայտնի երաժիշտ Մստիսլավ Ռաստրապովիչը։ Տղայի գլխում ամեն վայրկյան երաժշտական, ներդաշնակ գեներն էին խոսում, զրուցում, վիճում, դուրս մղում շատ այլ ցանկություններ, հաղթանակ տանում և Նիկողայոսին պատրաստում ստեղծագործական ինքնուս աշխատանքի։

Շուտով, հոր տաղանդավոր ջութակահար Հակոբ Վարդանյանի ընկերը՝ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, խնդրեց ընկերոջը, որ թավջութակ սովորեցնի տղային։ Նոտաներ ամենևին չճանաչող տղան, սկսեց պարապել։ Թե ինչպես, պատմում է ինքը՝ Նիկողայոս Վարդանյանը։

Նիկողայոսը սովորեց Չայկովսկու անվան դպրոցում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հետո դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարը։ Նա բազմաթիվ հյուրախաղերով եղել է աշխարհի մի շարք երկրներում, մասնակցել բազում փառատոների, հանդես է եկել հոլանդական Dutch swing college խմբի, համագործակցել Միշել Լեգրանի, Չիկ Կորեայի, Դանիել Կրամերի և շատ այլ երաժիշտների հետ։

Բնական է, որ այս միջավայրում գերդաստանի նոր սերունդը ևս պիտի երաժշտական կրթություն ստանար։ Մարիան հիշում է, թե ինչպես էր տատիկը՝ Իրինա Կոստանյանը, օրինակներով ներկայացնում նրան այս կամ այն օպերային ներկայացումների լավագույն կատարումները, հետո ուսուցանում, ուսուցանում  նույնիսկ կատակներով, երբ կրկնօրինակում էր այս կամ այն երգչին կամ  կոմպոզիտորին, պատմում է Մարիան։

Մարիան այսօր օպերային թատրոնում է աշխատում և ունի նաև երկրորդ մասնագիտություն. նա նաև լուսանկարիչ է և գտնում է, որ երաժշտության  իմացությունն օգնում է լուսանկարչական աշխատանքին։  Չէ՞ որ երկուսի դեպքում էլ, գեղեցկության ընկալում է անհրաժեշտ։

Նիկողայոս Վարդանյանը երբեմն զրույցների ժամանակ ասում է, թե ինքը երազանք չի ունեցել մանկությունից սկսած, սակայն Հանրային ռադիոյի տաղավարում մի պահ մտածեց ու հայտնեց իր հայրենանվեր ցանկությունների մասին, իսկ միջանցքում  ասաց, որ երազում է մի թոռնիկ ունենալ և թավջութակ նվագել սովորեցնել։

Մեզ մնում է հիշեցնել, որ, ինչպես մեզ կասեր ամենամեծ գիտնականներից մեկը՝ Գրիգոր Գյուրզադյանը, ինչ էլ անես, ուզես, թե չուզես, տիեզերքից հզոր այս երևույթը՝ գենը, օրերից մի օր արտահայտվելու է, կարող ես տիեզերքը նվաճել, բայց նրան՝ոչ։ Եվ այս գերդաստանում՝ Նիկողայոսի օրինակով, մեկ անգամ ևս հասկացանք, որ կարող ես նոտա չիմանալ, չկարդալ, բայց նվագես կատարյալ։

Back to top button