

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանն է Հայաստանում առաջին անգամ լապարասկոպիկ եղանակով վիրահատություններ կատարել, նա էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի, նաև Եվրոպայի էնդոսկոպիկ վիրաբուժական ասոցիացիայի անդամ է, հիմնադրել է երեք լապարասկոպիկ ծառայություններ Հայաստանում։ Նրա դուստրն ու որդին՝ Մարիաննա և Տիգրան Ադամյանները, ևս շնորհալի բժիշկներ են։
1830-ական թվականներին Ադամյանները Լեռնային Ղարաբաղից եկան և հաստատվեցին Շամշադինի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Այս բազմանդամ գերդաստանի երիտասարդները շատ ուսումնատենչ էին և տարբեր մասնագիտությունների տեր։
Իսրայել Ադամյանը վեց եղբայրներից մեկն էր։ Եղբայրները շատ դժվար մանկություն էին ունեցել, սակայն կրթություն էին ստացել և դարձել քիմիկոս, կենսաբան, տնտեսագետ։ Իսկ Իսրայելը, որը տնտեսագետի մասնագիտություն էր ստացել Մոսկվայում, 1940-ին մեկնել էր ռազմաճակատ և գերի ընկել։ Հետո, ինչպես շատերը, աքսորվել էր Սիբիր, ազատվելուց հետո նորից վերադարձել Մոսկվա, ամուսնացել մի գեղեցիկ ռուս աղջկա՝ Գալինա Նիկոլաևնա Նովիկովայի հետ։
Հայաստան կրկին վերադառնում են արդեն երկուսով, ապրում Երևանում և զավակներ ունենում։ Եվ քանի որ դժվար կյանքով էին ապրել, Իսրայելը իր զավակներին միշտ հորդորել է բժիշկ դառնալ, քանի որ ինչ էլ լիներ, բժիշկը երբեք սոված չէր մնա։ Այդպես էլ եղավ։ Նրա որդին՝ Անդրանիկը և դուստրը՝ Մարգարիտան, ընտրեցին այդ մարդասիրական և շնորհակալ ճանապարհը։
Անդրանիկ Ադամյանը բժշկական համալսարանում սովորելու տարիներին հաճախ էր զրուցում իր համակուրսեցի մի շատ նկատելի աղջկա՝ Գոհար Մարգարյանի հետ, հետո նրան ամուսնության առաջարկ արեց, և 1982 թվականին նրանք ամուսնացան։ Ասես հոր՝ Իսրայելի ցանկությունն ու հորդորն այս ընտրության հարցում էլ էր գործում։
1984թ․-ին Անդրանիկը մեկնեց սովորելու Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ երիտասարդ մասնագետին սկսեց հետաքրքրել վիրաբուժությունը։ 1994թ․-ին Անդրանիկ Ադամյանն իր թեկնածուական թեզը պաշտպանեց Մոսկվայում և արդեն որպես հմուտ վիրաբույժ սկսեց աշխատել Երևանում։
Ի տարբերություն Իսրայելի՝ Անդրանիկը, այնքան էլ իր զավակներին չէր ուղղորդում դեպի բժշկությունը։ Սակայն նրանք թաքուն հետաքրքրություն ունեին դեպի ծնողների մասնասգիտությունը և անձայն հետևում էին, թե ինչ էր կատարվում ընտանիքում, ինչպես էր հայրն անհանգստանում հիվանդների առողջացման համար, ինչ անքուն գիշերներ էր անցկացնում և ինչ հպարտություն էր ապրում, երբ հիվանդի առողջացման լուրն էին հայտնում՝ ասում են Մարիաննան և Տիգրանը։
Տիգրանը հայրիկի հետ է աշխատում՝ Երևանի «Նաիրի» կլինիկայում։ Նրան արտաքին նմանությամբ հաճախ ճանաչում են, որ պրոֆեսորի որդին է և ավելի վստահությամբ են վերաբերվում։
Մարիաննան պատմում է, որ դեռ փոքր տարիքից վստահ էր, որ բժիշկ է դառնալու։ Նրա և Տիգրանի ուսումնառության և դաստիարակության գործում մեծ դեր են ունեցել տատիկներն ու պապիկները և մայրը՝ տիկին Գոհարը, որը մասնագիտությամբ բժիշկ է և, ինչպես Տիգրանն է շեշտում, շատ խստապահանջ կին է։
Մարիաննան մասնագիտական լուրջ ճանապարհ է անցել։ Դպրոցից իսկ ֆրանսերենի իմացությունը և լավագույնը դառնալու ցանկությունն աղջկան տվել են լավագույն հնարավորությունը՝ շարունակելու ուսումը Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ Նա կարողացել է ձեռք բերել մի քանի մասնագիտացումներ։
Եղբայրը՝ Տիգրանը, խոստովանում է, որ Մարիաննան դեպի Եվրոպա ճանապարհ հարթեց նաև իր համար։
Գերդաստանում փոքրերը ևս, հավանաբար, կշարունակեն այս ճանապարհը։ Կա ծնողների ցանկությունը, որն ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Նրանք էլ, գուցե, կսովորեն այն, ինչ կտեսնեն։ Կամ գուցե կգնան մեկ այլ գեղեցիկ ճանապարհով։
Թե ում երազանքը կիրականացնեն նրանք՝ իրենց ծնողների՞, պապիկի՞, թե՞ իրենց, դժվար է ասել։ Սակայն մի բան պարզ է, որ այս գերդաստանում երազում են, ձգտում, սովորում, մտածում գեղեցիկ ապրելու մասին։