- Արծրունու պահեստում անգլիական մաքինթոշներ…
- Մանիֆաթուրայի մեծ մթերանոց …
- Նորություն Լամպերի դեպոյում…
Դատելով 19-րդ դարի մամուլի վերջին էջերին հայտնված ծանուցումների, հայտարարությունների և գովազդների բովանդակությունից, վստահաբար կարող ենք պնդել, որ հայ գործարարները ավելի շատ վաճառականությամբ են զբաղվել, քան արտադրությամբ: Կարծես, ինչպես հիմա:
Շատերը եղել են արտասահմանյան գործարանների արտադրանքների ներկայացուցիչները Արևելահայկական աշխարհում կամ Տաճկահայաստանում: Հավանաբար բոլոր ժամանակներում առևտուրը շահավետ գործ է, եթե իհարկե տիրապետում ես լոգիստիկայի նրբություններին:
Պատկերացնել շուկայի պահանջարկը, հաճախ նոր պահանջարկ ձևավորել՝ սպառողին ծանոթացնելով նորարարական ապրանքների, ծառայությունների հետ: Հասկանալ ամենաարդյունավետ ճանապարհը դրանք ներմուծելու կամ արտահանելու համար:
«Ցամաքային և ծովային փոխադրութիւնք Է. եւ Ռ. Ֆանդա, Պոլիս, Վալիտի սուլթան խան 10, կամուրջին մոտ ապրանքներ կըփոխադրե ամէն երկիր եւ մասնաւրապէս Սեւ Ծովու եւ Արեւելեան նաւահանգիստները: Ծովային ապահովագրութիւն»,-կարդում ենք Պոլսի «Հայրենիք»-ում: Եվ, քանի որ հայ վաճառականներն ավելի շատ ներկրել են, քան արտահանել, ուրեմն մամուլում էլ հիմնականում ներկրված ապրանքների գովազդ կա:
Մինչև մի երկրից մյուսը որևէ ապրանք՝ կահկարասի, կենցաղային իր, կհայտնվի մարդկանց տներում, հագվելիք՝ զգեստապահարանում, ուտնելիք-խմելիք՝ սառնարանում, անցնում է հաջորդական քայլերի մի շղթայով: Եվ այդ շղթայի նախավերջին օղակը պահեստներն են:
19-րդ դարի Հայկական թերթերում անվերջանալի հայտարարություններ կան մեծածախ առևտրի այս հասցեներից: Դրանք հանդիպում են մի քանի անունով՝ պահեստ, քարավանսարայ, մթերանոց, գալերեա, դեպո, խան: Մեծ քաղաքներում պահեստներ և մթերանոցներ ունեին նաև արտասահմանյան մեծ ընկերությունները: Ակտիվ էին հատկապես անգլիացիները: Ինչևէ պահեստային տարածքներ ունենալը բավական շահաբեր գործ էր:
«Խերեդինօվի քարավասարայում «ծածկված բազազխանի մօտ վարձով է տրվում մի ՊԱՀԵՍՏ, որ 1-ին գիլդիայի վաճառական Վահանեանցինն էր, որտեղ կարելի է պահել 2,000 բեռ ծխախոտ և որ տարեկան 700 րուբլի եկամուտ է տալիս: Տեղեկանալ վերոյիշեալ քարավանսարայի մէջ կապալառու Սերովբէ Տէր-Ջանեանից»:
«Մշակ»-ի համարներից մեկում, որի խմբագրապետը համատեղությամբ նաև Թիֆլիսի Դվորցովայա փողոց 3 հասցեում գտնվող եվրոպական ապրանքների պահեստի սեփականատերն էր՝ Գրիգոր Արծրունին, կարդում ենք անգլիական ապրանքների մի հսկայական խայտաբղետ ցանկ, սկսած մահճակալներից մինչև «…ծովայի խոտ մեծ քանակութեամբ 2 ր.40 կ. պուդը, իսկ մի հակ(մօտ 9 պուդ) առնողների համար 2ր 20 կ.: Նույն տեղը լապտերներ 30 կօպէկից, թէյամաններ 35 կ., 100 ասեղը 8 կ.,պատառակներ 20 կ., կօնֆետներ լուծողական ձէթից, փօշի լուացքի համար: Մակինտօշներ 6 ռ., բժշկական թուղթ վատեր-կլօզետի համար և այլն»:
Թուղթ «ուոթըր քլոզեթի» համար. այս բաղձալի ապրանքը, որի կարոտը քաշեցին սովետական անծայրածիր, ամենահզոր երկրի քաղաքացիները: Ապրանք, որ այդպես էլ այդ երկիրը չսովորեց արտադրել: Ինչ անում էր, հղկաթղթի էր նմանվում: Մինչդեռ 14-րդ դարում Չինաստանում արդեն զուգարանի թուղթ էր արտադրվում պարզ ժողովրդի համար:
Իսկ կայսերական ընտանիքիների համար դրանք արտադրվում էին անուշահոտությամբ օծված: Պետք է ասեմ, որ 1700-ականներին, այսինքն՝ 18-րդ դարի ամենասկզբում Ամերիկայում արտաքնոցում գործածում էին լրագրեր, ինչպես, մինչև համարյա 20-րդ դարի 80-ականները, դա անում էին սովետական երկրի բնակիչները. Լենինի գլխով և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» լոզունգով թերթերը անխնա կոյուղի ուղարկելով:
1792-թվականի մի գեղեցիկ օր Old Farmer’s Almanac-ի հիմնադիր Ռոբերտ Բեյլի Թոմասի գլխում միտք ծագեց. ամսագրի վերին ձախ անկյունում մի անցք դակել, թել անցկացնելու համար, որպեսզի այն հնարավոր լինի որևէ տեղ կախել, ասենք գոտուց՝ ճամփորդելու ընթացքում, խոհանոցում կամ, ինչու ոչ, արտաքնոցում: Կեռից իջեցնել, կարդալ, պոկել կարդացած էջ և ….
Արդեն 1857-ին Նյու Յորքում մի գործարար սկսեց արտադրել զուգարանի թուղթ՝ դիտարկելով այն իբրև «բժշկական թուղթ»։ Անշուշտ ժամանակի ընթացքում այն կատարելագործվեց՝ դառնալով ավելի փափուկ, հետո՝ բազմաշերտ, հոտավետ և թաց: Եվ ահա այսպես,«ուոթեր քլոզեթի» թղթով բեռնված նավը, ակոսելով Ատլանտյան օվկիանոսի ջրերը, հասավ Սև ծովի նավահանգիստ, այնտեղից էլ Թիֆլիս և բաց թողնվեց Արծրունու պահեստներից հուրախություն բոլորի:
19-րդ դարում Բեռնափոխադրումեր հիմնականում ծովային էին և ցամաքային-երկաթուղային,հիմա նաև օդային: Ի՞նչ է հարկավոր իմանալ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս: Լսենք ԶԻԶԻ ընկերության տնօրեն Էդգար Մարգարյանին․
Բիզնեսների 90 տոկոսը, մանավանդ եթե զբաղվում են ներմուծմամբ կամ արտահանմամբ կախված է լոգիստիկայից: Վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով խախտվել է նաև լոգիստիկայի շղթան: Լոգիստիկայի վրա կարող է ազդեցություն ունենալ պատերազմը, սանկցիաները, եղանակային պայմանները: Դրանք հիմնական գործոններն են, որ ազդում են լոգիստիկայի վրա:
Երբ արտասահմանից ապրանքը հասնում է սպառման երկիր, ավարտվում է բեռանփոխադրող ընկերության պարտավորությունը և սկսվում է բեռների պատվիրատուի վազվռտուքը: Մաքսազերծում, պահեստավորում, խանութպանների և կոմիվոյաժորների հետ գործարքների կնքում: Սա նախանցած դարում: Իսկ հիմա Հայաստանում լսենք Էդգար Մարգարյանին.
Եթե ԵԱՏՄ չի բեռը, այսինքն ծագումով ԵԱՏՄ-ից չի, այլ 3-րդ երկրից է, բեռնափոխադրողի ֆունկցիան հասցնել Ա կետից Բ կետ՝ մաքսազերծման տերմինալ: Եվ պարտադիր բեռնափոխադրողի ֆունկցիաների մեջ է մտնում նախնական կոնցուլտացիա անել, տրամադրել ապահովագրություն, տրամադրել ճիշտ թղթաբանություն, որպեսզի մաքսազերծումը ճիշտ կատարվի Հայաստանում: Միջազգային օրենքներով ցանկացած բեռնափոխադրող պարտավոր է ապահովագրել բեռը անկախ նրանից հաճախորդը դա ուզում է, թե ոչ: Մինիմալ 10 % լօգիստիկան ապրանքի գնի վրա ազդեցություն է թողնում:
«Հայրենիք» թերթը 1894թ համարներից մեկում Պոլսի Չագմագճըլար եօգուշի Նազարէթ եւ Միհրան Մուրատեան եղբայրների «մանիֆաթուրայի մեծ մթերանոցի» մի ծավալուն գովազդ է տպագրել՝ համագործակցության գայթակղիչ առաջարկներ անելով խանութպաններին:
«Սոյն մթերանոցին մէջ ուր ամէն տեսակ մանիֆաթուրայի վերաբերեալ ապրանքեր իրենց զանազան տեսակներով, առանց քանակի քիչութեանը կամ շատութեանը նայելու՝ միեւնոյն գնով կը ծախուին, ինչպէս մահուտի, խամ, քաբօթ, էսմէր տիմի, գասարլը, մատամբօլ… Հանդերձեղէնի եւ առտընին պետքէրու համար տպածոյներ, չուխա, պանտալօնցու, պարկի եւ զանազան տեսակ քանավանչօներ. Քէթէն՝ անկողինցուներ, պարսիկ եւ անգլիական շալեր, տօքումա շապիկցու, ֆանէլա, ամեն տեսակ թել եւն: Այս ապրանքներուն համար վերջին գին. Օսմանեան ոսկին 110 ղրուշէն հարիւրին մէկ միջնորդչէք պիտի տրուի, վստահելի անձերու 91 օր պայմանաժամ եւ կամ 91 օրերուն համար հարիւրէն 3 զեղչ: 25 ոսկիէն աւելի ապրանք գնողներուն համար բացէն հարիւրէն մէկ, եւս պիտի զեղչուի: 5 ոսկիէն պակաս ապրանք գնողներուն համար որ եւ է պայմանաժամ կամ զեղչ չկայ: 1894 մարտ 31 էն սկսեալ մինչեւ 1895 մարտ 31, այսինքն մէկ տարուան միջոցի մէջ առնուազն 1000 ոսկիի առուտուր ընողներուն բացէն 2% պարգեւ մը պիտի տրուի….»:
Նշվում է նաև, որ Պոլսից այլ ուղղություններով ապրանքի առաքման ծախսը պատվիրատուի վրա է: Մթերանոցը «տարօրինակ կերպով աժան» գները որոշած է և զեղչերն արվում են հարգելի հաճախորդներին համակրությունը և վստահությունը շահելու համար: Այդ քաղցր բառը՝ զեղչ, հավատալ, թե՝ ոչ, իրականություն, թե հիպնոս: Հաջորդիվ կխոսենք նաև այս մասին և կծանոթանանք 19-րդ դարի զեղչերին և գործարարների՝ հաճախորդներին համոզելու արվեստին:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: