Գերդաստաններ

Դասական գեղանկարչությունից մինչև Pop Art. Գրիգորյաններ․ «Գերդաստաններ»

Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան և Արևելյան ժողովուրդների, ինչպես նաև Նյու Յորքի, Տորոնտոյի, Բեյրութի և շատ այլ քաղաքների պատկերասրահներում։ Նա է ձևավորել Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», Ավետիք Իսահակյանի «Լեգենդներ ու հեքիաթներ» ժողովածուները։ Նա ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն է, իսկ  նրա որդին՝ հայկական Pop Art-ի հիմնադիր Արման Գրիգորյանը։

Գյումրիից փոքր-ինչ հյուսիս գտնվող Ղազանչի գյուղում ապրում էր  մասնագիտությամբ տնտեսագետ Հովակիմ Գրիգորյանը, որն իր բանկային  աշխատանքների հետ կապված հաճախ էր լինում Գյումրիում։ Այստեղ էլ ծանոթանում է Կարսից եկած մի գաղթականի դստեր՝ Հեղինեի հետ։ Իրենց ծանոթության վայրում էլ նրանք ամուսնանում են, զավակներ ունենում։ Նրանց Ալեքսանդր որդին շատ հետաքրքրասեր էր, շատ էր կարդում և սկսել էր բանաստեղծություններ գրել։

Արփենիկ Ղափանցյանը
և Ալեքսանդր Գրիգորյանը 1953թ․

Բակի մարդիկ երբեմն-երբեմն նրան խնդրում էին կարդալ հենց իր գրած բանաստեղծություններից, որոնք հավանության էին արժանանում։ Տղան, սակայն, մի անգամ Պետերբուրգում տեսնելով Ռուբենսի «Սիլենի երթը» կտավը, տպավորվել էր, ներշնչվել ու որոշել էր նկարել։ Այդ ընթացքում նա հաճախում էր Գյումրու Մերկուրովի անվան ուսումնարանը, հետո գալիս է Երևան՝ սովորելու Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, իսկ երբ արդեն հստակ կողմնորոշվել էր իր մասնագիտական որոնումներում, մեկնում է Սանկտ-Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստի ակադեմիա՝ պատմում է Արման Գրիգորյանը։

Նկարչին օգնում և շատ բաներ հուշում էր նաև նրա բանաստեղծական մտածողությունը։ Մարդու և բնության համադրության ստեղծագործական  վերարտադրությունները դարձան հիասքանչ վրձնահարվածներ, և աստիճանաբար ստեղծվեցին տարբեր դիմանկարներ, «Արտավազդ 2-րդ», «Անտոնիո և Կլեոպատրա», «Աշոտ Երկաթի» ճակատամարտը, «Հայաստանի լեռներում» և այլ մեծածավալ  կտավներ։ Նկարչի համար մեծ երջանկություն էր, որ օտարը նկատեր նրա ազգային  մտածողությունն ու երանգը՝ շարունակում է Արմանը և ավելացնում մի հետաքրքիր  դրվագ իր և հայրիկի կյանքից։

1985 թվականի ամառն էր, երբ Արմանն սկսեց ավելի համարձակ նկարել, քանի որ, կարծես, արդեն ընտրել էր իր ուղղությունը։

Երբ Ժամանակակից արվեստի  թանգարանը բացվելու ընթացքի մեջ էր, Գրիգորյանների տանն էին հավաքվում ժամանակի արվեստագետները, զրուցում ապագա ծրագրերի ու ցուցահանդեսների մասին։ Իսկ Արմանը լսում էր նրանց, հարցեր տալիս, հետո նորից խորասուզվում իր մտքերի ու ներկապնակի մեջ։ Նրանք, ինչպես և Արմանի նկարչուհի մայրը՝  Արփենիկ Ղափանցյանը, որը հայտնի լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի դուստրն է, 1962 թվականին մասնակցում է հայտնի «5-ի խմբակային ցուցահանդեսին», որի մասնակիցներն էին Մինաս Ավետիսյանը, Լավինա Բաժբեուկ-Մելիքյանը, Հենրիկ Սիրավյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, և նրանք էին, որ հետևում էին Արմանի աշխատանքներին, նրան հիշեցնում, որ նկարիչը պիտի ազատ լինի իր գծերն ու գունաշխարհը ստեղծելիս։ Սակայն երբեմն զրույցների ընթացքում սկսում էին  վեճեր արթնանալ՝ չէ՞ որ Արմանը մոդեռնիզմի հետևորդն էր։

Շուտով հանրահայտ նկարիչ Սարգիս Մուրադյանի առաջարկով բացվեց Արմանի մոդեռն աշխատանքների ցուցահանդեսը․ արվեստի ունիվերսալ, բազմաբնույթ լեզուն լավ էր հասկացել Արմանը։

Եվ՛ ինքը, և՛ ժամանակի շատ արվեստագետներ նկատել էին, որ նրա աշխատանքները հետաքրքրում էին օտարերկրացիներին, մոդեռն արվեստի հետևորդներին։ Նա դարձավ Pop art-ի հիմնադիրը Հայաստանում՝ պատմում է արվեստսգետ Նազարեթ Կարոյանը։

Հայտնի արվեստաբան Գեորգ Շոնհամերը, երբ եկել էր Հայաստան, հետաքրքիր կարծիք է հայտնել հայ մոդեռն արվեստի մասին։

Ամեն անգամ, երբ Արմանը կանգնում է հայրիկի փոքրածավալ, բայց խորախորհուրդ «Հայուհին» նկարի դիմաց, որն այնքան սիրում է, ակամայից հիշում է իր  արվեստագետ ընկերոջ խոսքերը․ «Արվեստը մի բան է, որը թույլ է տալիս մարդուն  մարդ մնալ և սերմանել աշխարհում միայն բարին ու գեղեցիկը»։

Back to top button