Մոռացված ֆիլմերի ստվերները

«Ոսկե ծիրան». քսան տարի պահվող ծիրանը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

2023 թվականը նշանավորվեց հայկինոյի 100-ամյա և «Ոսկե ծիրան» հոբելյանակյան 20-րդ միջազգային կինոփառատոնի տոնակատարություններով։ Կինոդիտումներ, հանդիսություններ, շնորհավորանքներ, քննադատություններ։ Կինոյի տոնը ընթանում է կինոյի աշխարհին բնորոշ սցենարական կանոններով։

«Ոսկե ծիրան» հոբելյանակյան 20-րդ միջազգային կինոփառատոնը հուլիսի 9-16-ը Երևանը դարձրել էր կինոմոլորակ։ «Ոսկե ծիրանից» բացի այս տարի նշվում է նաև հայկինոյի 100-ամյա հոբելյանը։ Երևանյան հուլիսը երկու կարևոր տոներով, հայկական անկրկնելի ծիրանով ու հրաշալի ամառային եղանակով հյուրերին տպավորվող ու հիշվող օրեր պարգևեց, իսկ մեզ մեկ շաբաթ ինչ-որ չափով կտրեց մեր ամենօրյա դժվար խնդիրներից։

Ի՞նչ հետք թողեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, ի՞նչ անակնկալներ, հանդիպումներ, քննարկումներ եղան, ի՞նչ ծրագրեր ուրվագծվեցին առաջիկայի համար։ Այս ամենի մասին զրուցեցինք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ։ Մեր զրույցի սկզբում Կարեն Ավետիսյանն իրեն բնորոշ անմիջականությամբ ասաց, որ հոբելյանը բարձրագոչ արտահայտություններով ու ավելորդ պաթոսով բնութագրելու կարիք չկա։

«Յուրաքանչյուր տարվա փառատոն անկրկնելի է։ ֆիլմերը, հյուրերը, ծրագիրը միայն այդ տարվա համար է կազմվում։ Ցանկացած տարվա «Ոսկե ծիրանին» մենք վերաբերվում ենք որպես հերթական տարի, որն ունի իր անկրկնելիությունը իր ժամանակի մեջ։ Իսկ հոբելյանը որոշակի ինչ-որ թիվ է, որ խորհրդանշական շեշտ է դնում ստիպելով քեզ ինչ- որ բան ընդհանրացնել կամ ամփոփել»,-ասաց նա։

Բացման հանդիսավոր արարողության լուսարձակների ստվերում «Ոսկե ծիրան» փառատոնի աշխատակազմի նվիրյալների համարձակությունն ու անձնուրաց աշխատանքն է թաքնված:  

Նրանց ջանքերի շնորհիվ է, որ այս տարի Հայաստան էին ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր Տակեշի Կիտանոն, Դարդեն եղբայրները, ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Ժոել Շապրոն:
Փառատոնի բացումն ազդարարվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով, որում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը:  

«Ոսկե ծիրանի» հոբելյանական տարին համընկավ հայկինոյի 100-ամյակին, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ ունեցավ այդ հոբելյանին։ 

«Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին մի շարք նոր, հայկական ֆիլմեր։ Մենք կարևորեցինք ժամանակակից հայկական կինոյի ներկայությունը իր համար հոբելյանական այս տարում։ «Ոսկե ծիրանը» անկախության շրջանում անընդհատ պայքարել է, որ չանտեսվի մեր օրերում ստեղծվող ֆիլմերի ցուցադրությունը։ Այդ աշխատանքը հարյուր տոկոսով արդյունավետ չի եղել, որովհետև մեզանում մեծ է խորհրդային կինոարտադրության հանդեպ ակնածանքը, բայց մենք կարևորում ենք նոր ստեղծվող ֆիլմերի հետ հարաբերվելու մշակույթը»,-նշում է Կարեն Ավետիսյանը։

Այս տարի «Ոսկե ծիրան»  կինոփառատոնին զուգահեռ տեղի ունեցան նաև բազմաթիվ ցուցադրություններ թանգարաններում, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, Ազգային պատկերասրահում, Կինոյի տանը, իսկ փակման արարողության ժամանակ Գաֆեսճյան քանդակների պուրակում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ընթանում էր «Սիմֆոնիկ Երևան» խորագրով բացօթյա գալա-համերգ։

«Մեր ցանկությունն է, որ հետագայում կինոն ընկալվի ոչ միայն որպես նպատակ, այլ տարբեր արվեստի ճյուղերի հետ հարաբերվելու միջոց; Հուսով ենք այս տարվա նորամուծությունը ավանդույթի ուժ կստանա»,-ասում է կարեն Ավետիսյանը։

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնը թևակոխեց 3-րդ տասնամյակ: Թե ինչպիսի ընթացք կունենա այն, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է որ փառատոնի երիտասարդ անձնակազմը Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանի, Սուսաննա Հարությունյանի և Միքայել Ստամբոլցյանի  եռանդով ու ավյունով, ոգևորված շարունակելու է աշխատանքը:

«Մեզ համար ուրախալի է, որ համավարակից և 2020 թվականի պատերազմից հետո մենք տարեցտարի հանդիսատեսի աճ ենք գրանցում։ Իհարկե, մենք ունենք հավատարիմ հանդիսատեսի մի խումբ, որ այս քսան տարիների ընթացքում է ձևավորվել և շարունակում է մշտապես մեր կողքին մնալ։ Կարծում եմ դա շարունակական պրոցես է, որ շատ տարիների միջով պետք է անցնի»,ասում է Կարեն Ավետիսյանը

Երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնի բերքահավաքը այս տարի նույնպես բարեհաջող ավարտ ունեցավ: Կինոյի տան դահլիճում կինոաշխարհի հայ, ռուս և եվրոպացի նշանավոր ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնվեցին «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր մրցանակները։

Փառատոնն ավարտվեց, լռեցին Երևանի կինոյի տան դահլիճում հնչող  ծափահարությունները,  մարեցին հանդիսավոր լույսերը, նշանավոր հյուրերը մեկնելուց առաջ ևս մի քանի ժամ վայելեցին հայաստանյան հյուրընկալությունը, ծիրանի համն ու բույրը, իսկ «Ոսկե ծիրան» փառատոնի աշխատակազմը խելահեղ հանդիպումներից ընդամենը մեկ օր շունչ առնելուց հետո լծվեց հաջորդ «Ոսկե ծիրան»  երևանյան կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքներին։ Չէ՞ որ փառատոնի բացմանը մնացել է ընդամենը ՝ 360 օր։

Back to top button