Մոռացված ֆիլմերի ստվերները

«Բարև, ես եմ». Մի թվայնացման պատմություն. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում ցուցադրվեց ՖրունզեԴովլաթյանի՝ 58 տարի առաջ նկարահանած «Բարև, ես եմ» ֆիլմը։ Սակայն ուրախալի այդ իրադարձությունից հետո Հայաստանի կինոգործիչների միջավայրում, որքան էլ զարմանալի է, հնչում են մեղադրանքներ:

Այս տարվա մայիսի սկզբին հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադառնում էին Կաննի 76-րդ փառատոնի «Դասականներ» բաժնում ցուցադրվելիք «Բարև, ես եմ» ֆիլմին։

Ռեպորտաժներ, հոդվածներ, հարցազրույցներ, որոնցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ոգևորությամբ պատմում էր Համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» ստուդիայում «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման մասին։

Ֆիլմը Կաննում ցուցադրվեց 2023 թվականի մայիսի 25-ին։ Հայկական մամուլը լուռ էր։ Լռությունը խախտեց կինոռեժիսոր, սցենարիստ, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը՝ Կինոկենտրոնին մեղադրելով հայկինոյի լավագույն ֆիլմերից մեկի թվայնացման  գործը օտարերկյա ընկերությանը վստահելու համար։  

Մեր տաղավարում հյուրընկալվելու առաջարկը սիրով ընդունեցին կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն և Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, սակայն Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հարմար չգտավ հրապարակայնորեն խոսել թեմայի շուրջ։

Ինչևէ, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ մեր զրույցը սկսվեց կինոկենտրոնի հետ համագործակցելու առաջարկից։

Հայկակ Արշամյան

«Հայաստան համահայկական հիմնադրամը արդեն մի քանի տարի է իրականացնում է մշակութային տարբեր ծրագրեր։ Անցյալ տարվա սկզբին Ազգային կինոկենտրոնից առաջարկ ստացանք և որոշակի խորհրդատվություններից հետո որոշում ընդունվեց աջակցել «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացմանը»,-ասում է Հայկակ Արշամյանը։

Հովհաննես Գալստյանի հետ զրույցի ընթացքում նա ափսոսանք հայտնեց, որ խորհրդային տարիներին մեծ կինո ունեցող երկրից, այսօր մենք, թվում է, վերածվել ենք մի ապաշնորհ ազգի, որն անգամ մեր դասականների ֆիլմերի թվայնացման և վերականգնման գործը ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել: Կաննի փառատոնին զուգահեռ գործող կինոշուկան հիանալի հարթակ է փառատոնին ներկայացված երկրի կինոմասնագետներին աշխարհին ներկայացնելու համար։

Հովհաննես Գալստյան

«Հայկական ժամանակակից կինոյին հասցված ամենամեծ հարվածը այն է, որ «Բարև, ես եմ ֆիլմը թվայնացվել և վերականգնվել է Լատվիայում։ Իմիջայլոց, այդ ընկերությունը երբեք չի թվայնացրել որևէ օտարերկրյա ֆիլմ, ինչը նշանակում է, որ Լատվիական կինոյի զարգացման պատասխանատուները գրագետ մասնագետներ են, որովհետև իրենց ֆիլմերի ժառանգության թվայնացումը պատվիրում են բացառապես տեղի մասնագետներին, իսկ հայկինոյի զարգացման պատասխանատուները չունեն այդ կարողությունները և հայ դասականի ֆիլմի վերականգնման աշխատանքները իրենց երկրում չեն կարողանում կազմակերպել»,-պնդում է Հովհաննես Գալստյանը։

Ազգային կինոկենտրոնը, ի պատասխան մեր հարցմանը՝ թե ինչու ֆիլմը չի թվայնացվել Հայաստանում, կենտրոնի մամլո պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանի միջոցով մեզ փոխանցեց, որ կինոկենտրոնն ինքն է որոշում, թե որտեղ է թվայնացվելու ֆիլմը, և իրենք գտնում են, որ Հայաստանում չկան այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան Կաննի փառատոնի չափորոշիչներին համապատասխան որակով թվայնացնել«Բարև, ես եմ» ֆիլմը։ Այդ պատճառով էլ, հիմնադրամի տրամադրած գումարը փոխանցվել է օտարերկյա կազմակերպությանը։ Հովհաննես Գալստյանը այս պնդմանը հակադարձում է, ասելով․

«Ազգային կինոկենտրոնը 2022 թվականին պետական բյուջեի գումարներից երեք լիամետրաժ ֆիլմի վերականգնում է պատվիրել հայկական կինոընկերությանը։ Հարց է առաջանում, եթե ֆիլմեր թվայնացնող հայկական ընկերությունը չունի համապատասխան մասնագետներ և չի կարող  ապահովել որակյալ թվայնացում ինչո՞ւ են պետական գումարները փոխանցվել տվյալ ընկերությանը։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև այդ ընկերությունում աշխատող մասնագետները որակյալ են և որակյալ թվայնացում են ապահովել»,-ասում է Հովհաննես Գալստյանը

Հովհաննես Գալստյանը նաև հիշեցնում է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի նախկին սեփականատեր CS films-ը, տարիներ առաջ վերականգնել ու թվայնացրել է ահռելի քանակությամբ կինոժապավեններ, որոնց թվում՝ 2008 թվականին «Բարև, ես եմ» ֆիլմը:

Այսինքն՝ մեր պետությունը, որն արդեն մեկ անգամ պատվիրել է «Հայֆիլմի» սեփականատիրոջը՝ թվայնացնել ու վերականգնել ֆիլմերը, հիմա կրկնել է նույն գործը, բայց արդեն ոչ թե նախկին սեփականատիրոջ, այլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով:  

Բացի այդ 14 տարի առաջ՝ 2009 թվականին թվայնացվել և հանրությանն է ներկայացվել ռուսաստանյան Գոսֆիլմաֆոնդում պահպանվող «Բարև, ես եմ» ֆիլմի ռուսերեն տարբերակը։ Միթե՞ այդ երկու թվայնացված տարբերակների որակը չէր համապատասխանում Կաննի փառատոնի չափորոշիչներին, որ կենտրոնը ծախսել է ևս 25 միլիոն դրամ։ Հարց, որ նույնպես հանրության համար պարզաբանման կարիք ունի։

«Պետությունը հարկատուների վճարումներից գոյացած պետական բյուջեի գումարներից արդեն մեկ անգամ թվայնացման համար վճարել է CS films ընկերությանը։ Եթե պետությունը դժգոհ է եղել  թվայնացման որակից, գոյություն ունի իրավական դաշտ որտեղ պարտավոր էին պարտադրել ու պահանջել տվյալ ընկերությունից որակյալ թվայնացում։ Իսկ եթե գոհ եք եղել ինչո՞ւ եք հիմա նորից նույն գործը սկսում։ Ինչքան կարելի է պետական գումարները ծախսել նույն պրոցեսները իրականացնելու վրա»,-չթաքցնելով զայրույթը, նշում է Հովհաննես Գալստյանը։

Մի քանի օրից կմեկնարկի «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը։ Կինոսեր հանրությունն ու հայկինոյի մասնագետները վերջապես հնարավորություն կունենան լիաթոք ողջունելու 60-ականների զարթոնքի տարիներին էկրան բարձրացած «Բարև, ես եմ» ֆիլմի նոր՝ թվայնացված տարբերակին։ Ինչպիսին կլինի նրանց արձագանքն ու գնահատականը կատարված աշխատանքին՝ ցույց կտա ժամանակը։

Back to top button