
Տերյան 2 հասցեում գտնվող «Հայֆիլմի» ստուդիայի 200 տեղանոց դահլիճում կինոյի մարդիկ հավաքվել էին կինոդիտման։ Լույսերով ողողված դահլիճը լեփլեցուն էր։ Լույսերն անջատելուց հետո դահլիճում տիրող լռությունը հանկարծակի խախտեց կինոմեխանիկի խուճապահար ձայնը. «Ո՞ւր է ֆիլմը, ֆիլմը չկա»:
Մենք սովորաբար չենք նկատում, թե ինչպես է մեր ապրած ժամանակը դառնում պատմություն։ Այդպես պատմություն դարձավ 60-70-ականների կինոն, իսկ այդ պատմության հեղինակները մարդիկ են։ Հայկինոյի հոբելյանական տարում մեր հաղորդման շրջանակներում կփորձենք ներկայացնել այդ արվեստագետներից ոմանց, կպատմենք նրանց անցած լավ ու վատ իրադարձություններով լի հետաքրքիր ստեղծագործական ճանապարհի մասին։
60-ականների հայ կինոյի պատմության հարուստ ու հետաքրքիր տասնամյակը սկսվեց մի քանի վառ դեբյուտներով։ Դրանց շարքում Արման Մանարյանի «Տժվժիկ»-ն էր։ Հետագայում էկրան բարձրացան նրա նկարահանած «Հեղնար աղբյուրը», «Կարինեն», «Ընկեր Փանջունին» և այլ հայտնի ու սիրված ֆիլմերը, սակայն ֆիլմերի շարքում պետք է լիներ ևս մեկը՝ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանած «Արտիստը» գեղարվեստական կինոնկարը, բայց այն ինչ կատարվեց ֆիլմի նկարահանումից հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի ամենաամոթալի և առեղծվածային պատմություններից է։


Եվ այսպես կեսդար է, ինչ Արման Մանարյանը «Արտիստը» ֆիլմի ռեժիսորն է, սակայն առանց ֆիլմի։ Ֆիլմը նկարահանեց ոգևորությամբ ու կորցրեց անվերադարձ։
Արման Մանարյանն իր կինոկենսագրությունը սկսել էր գլուխգործոցով՝ «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմով, որը նրա դիպլոմային աշխատանքն էր: Այդ 22 րոպե տևողությամբ փոքրիկ ֆիլմի հաջողությունը շրջադարձային եղավ մեր կինոյում: Համարյա աններելի բան:
Հաջորդ ֆիլմը՝ «Արտիստը» կիսատ մնաց, այրեցին: Արման Մանարյանի եղբորորդին՝ Քրիստ Մանարյանը, վերհիշելով «Արտիստը» ֆիլմի նկարահանումները, պատմում է, որ Երևանի Կոնսերվատորիան ավարտած Արման Մանարյանին Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը գերեց ոչ միայն իր սյուժեով, այլ նաև երաժշտական կողմով:
«Հորեղբայրս երաժշտության հիանալի գիտակ էր, որովհետև առաջին մասնագիտական կրթությունը նա ստացել էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում, բայց հետագայում նրան գերել և հրապուրել էր կինոաշխարհը: Նա իր ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում փայլուն կերպով համատեղում էր երաժշտի և ռեժիսորի մասնագիտությունները»,-ասում է Քրիստ Մանարյանը:
Կինոօպերատոր Լևոն Աթոյանցին և Արման Մանարյանին միավորում էին ոչ միայն ստեղծագործական, այլև մտերիմ ընկերական հարաբերությունները։ Նրանք մեկ անգամ չէ, որ հանդիպել էին նկարահանման հրապարակում և համատեղ նկարահանել մի շարք ֆիլմեր։
Տարիներ առաջ ես հաճախ էի հյուրընկալվում վարպետի տանը։ Հենց այդ հանդիպումներից մեկի ժամանակ էլ նրա հետ անմիջական զրույցելիս վարպետն անսպասելի վերհիշեց «Արտիստը» ֆիլմի անհետացման պատմությունը։
Նրա թույլտվությամբ ես միացրեցի ձայնագրիչս, իսկ նա տարիների հեռավորությունից վերհիշելով այդ ամոթալի իրադարձությունները՝ վստահ էր, որ ֆիլմի անհետացումը պատահական չէր:
«Լավ, ենթադրենք պոզիտիվ ժապավենները անհետացան, բա նեգատիվնե՞րը: Նեգատիվ ժապավենները պահվում են պահեստում և այնտեղից ոչիչ չի կարող անհետանալ, եթե դրա մեջ չկա միտում: Հենց այդ հանգամանքն էլ ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ֆիլմի ժապավենները միտումնավոր ոչնչացվել են: Նախանձը դրդեց «Հայֆիլմի» հնաբնակներին գնալ այդ քայլին, որովհետև երիտասարդ ու նորահայտ ռեժիսորի երկրորդ հոյակապ ֆիլմն էր էկրան բարձրանալու»,-նշում էր վարպետը:
Կինոգետ Սերգեյ Գալստյանը նույնպես առնչվել էր «Արտիստը» ֆիլմի անհետացման պատմությանը: Տարեթվերն ու փաստերը իրար համադրելով պատմում է, որ 1963 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին նկարահանող խումբը մեկնեց Օդեսա: Սակայն Օդեսայում նկարահանող խմբի գործերը անբարենպաստ ընթացք ունեցան:
Խոր աշնանը կատարված նկարահանումները մշուշոտ էին: Ինչն էլ չէր գոհացրել «Հայֆիլմ»-ի գեղարվեստական խորհրդի անդամներին: Մարախլապատ կադրեր պարունակող ֆիլմը տեղ չունի մեր իրականությունում: Այս եզրահանգմանը գալով՝ «Հայֆիլմ»-ի հնաբնակները ֆիլմը ոչնչացրին:
«Եղանակի առումով Արման Մանարյանի բախտը չբերեց. նկարահանման ողջ ընթացքում մռայլ և մշուշապատ օրեր էին: Այնուամենայնիվ նրանք բավականաչափ նյութ նկարեցին: Ընդունող հանձնաժողովը մշուշապատ կադրերը դիտելիս՝ դրանք որակեց որպես խոտան և առանց Մանարյանին տեղեկացնելու, ոչնչացրեց»,-չզսպելով զայրութը պատմում էր Սերգեյ Գալստյանը:
Ֆիլմի անհետացումն ու այրման մասին Արման Մանարյանին հասած կցկտուր տեղեկությունները ծանր հոգեկան ապրումներ պատճառեցին կինոռեժիսորին: «Հայֆիլմ»-ի չարակամները հասան իրենց նպատակին. Արման Մանարյանը չորս տարով հեռացավ գեղարվեստական կինոմատոգրաֆից:
««Արտիստը» ֆիլմի անհավանական թվացող պատմությունից հետո հորեղբայրս կոտրվել էր և մի քանի տարի նույնիսկ չէր էլ ուզում ֆիլմ նկարահանել, բայց նա հաղթահարեց իր մեջ կուտակված դառնությունը և շարունակեց ստեղծագերծել իր սիրելի ասպարեզում»,-պատմում է Քրիստ Մանարյանը:


Անավարտ, իսկ ավելի ճիշտ՝ այրված ֆիլմի այս պատմությունը խորհրդային տարիներին «Հայֆիլմում» տիրող անթույլատրելի բարքերի վառ ապացույցն է: Ոչնչացված կինոժապավենի պատմությունը տեղի ունեցավ ոչ այնքան խորհրդային համակարգի անկատարության պատճառով, որքան մարդկային մի ահավոր արատի՝ նախանձի գոյության հետևանքով:
Նոր ի հայտ եկած երիտասարդ ռեժիսորը որակյալ հայկական կինո նկարահանելու հայտ էր ներկայացրել: «Արտիստը», ինչպես «Տժվժիկը» հայկական կինոյին բերելու էր մեծ ճանաչում, ու թերևս դա էր պատճառը, որ հայ կինոյի հնաբնակները այդպես էլ չթողեցին Արման Մանարյանին ֆիլմը ավարտին հասցնել:






