Գերդաստաններ

Ի՞նչ գաղտնիք է թաքնված Մոսկվայի Սուրբ Պայծառափայլություն եկեղեցու հրեշտակների խուճուճների մեջ․ «Գերդաստաններ»

Ասում են՝ կատարելությունը և ներդաշնակությունը պարզության մեջ են։ Զբոսնելով  Մոսկվայի Սուրբ Պայծառափայլություն եկեղեցու հրաշակերտ համալիրի տարածքում, դիտելով այն զարդարող նրբագեղ հարթաքանդակները՝ անկարելի է պատկերացնել, թե արարման ինչպիսի դժվարին ստեղծագործական ճանապարհ են անցել դրանք, ովքեր են հեղինակել, կառուցել ճարտարապետական այս կոթողը։ Այդ նորօրյա մոմիկներից մեկի՝ Աշոտ Ադամյանի գերդաստանի մասին է այսօրվա  հաղորդումը։

Խոյի Սալմաստ գավառը հայտնի էր իր քարավանատներով ու առևտրականներով, որոնցից ոմանք հետագայում տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանցից մեկը նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, մեդալագործ Աշոտ Ադամյանի պապն էր՝ Ադամը, որը հաստատվեց Չիբուխլիում։ Ադամի որդին այստեղ գերեզմանաքարերի վրա հիանալի զարդաքանդակներ էր անում, իսկ նրա որդին՝ Խաչատուրը հետագայում, հետևելով հոր նկարչական հմուտ աշխատելաոճին, սկսեց քարտեզներ նկարել։

Բացի քարտեզներից Խաչատուրը նկարում էր նաև մեծ ցուցատախտակներ։ Այս ամենը տեսնում էր Աշոտը, հրապուրվում և հետաքրքրվում, երբեմն էլ թաքուն վերցնում էր ներկերը, պահում էր իր մոտ և երբ իր մտապատկերում ինչ-որ բան էր ստեղծվում, վերցնում էր և հանձնում թղթին՝ ասում է Աշոտ Ադամյանը։

Աշոտը կամաց-կամաց սկսեց ստեղծել նկարներ, որոնք ուշադրություն էին գրավում, մշակեց նոր տեխնոլոգիա իր արվեստում, քանի որ նա, այսպես ասած, բազմաձև էր աշխատում, անում հետաքրքիր համադրություններ։

Նշանավոր ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանի կարծիքը տղային ոգևորեց, վստահություն ներշնչեց։ Աշոտն աշխատանքի անցավ գեղարվեստի ֆոնդի քանդակագործության կոմբինատում, որտեղ ճարտարապետ լինելով հանդերձ, նախագծեր էր անում։ Նախագծերն ուշագրավ էին և գրավում էին նույնիսկ տիեզերագնացներին։ Սակայն կային մարդիկ, որոնք վերցնում էին այս նախագծերը, սեփականացնում, իրենցով անում։ 

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու քանդակների մեծ մասը ստեղծել է Աշոտ Ադամյանը, և, իհարկե, մեծ մասի վրա թողել է նաև իր ինքնությունը հաստատող նշանը։ Եկեղեցու ամբողջ մույթաշարի հարթաքանդակները Աշոտ Ադամյանն է հեղինակել։ Հրեշտակների դեմքերը զուտ իմպրովիզացիայի արդյունք են։ Այդ հրեշտակների խուճուճների մեջ նա հաճախ թաքցնում էր իր կնիքը՝ իրար մեջ  «միաձուլված» երկու «Ա » տառ։

Ադամյանը  պատմում է, որ երբ աշխատում ես, ձեռքիդ հետ ակտիվանում է նաև մտքիդ աշխատանքը։ Օրինակ՝ նա մույթերի դատարկ քառակուսիները լցրեց քերովբեների պատկերներով, որոնք մեր որմնանկարչական արվեստը, ասես, շրջանցել էր։ Համալիրի հիանալի հարթաքանդակներից Սուրբ Գևորգի և Սուրբ Սարգսի դիմապատկերները, ինչպես և շատ այլ պատկերներ Աշոտ Ադամյանի աշխատանքներն են։ Ստեղծագործող աշխատանքային խումբը կարծում է, որ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին ժամանակի ընթացքում կդասվի ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող կառույցների շարքին և սրանք գործեր են, որոնք մնայուն են։

Աշոտ Ադամյանը հեղինակն է նաև Երևանի հյուսիսային մուտքի՝ Այնթափի 1920 թվականի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանների, հեղինակն է տիեզերագնացների Զվյոզդնի քաղաքի ձևավորման, Սոչիում և Ժելեզնավոդսկում՝  համալիր ձևավորումների։

Մեդալագործությունը շատ կարևոր և հարգված արհեստ էր Ռուսաստանում՝ դեռ 16-րդ դարից սկսած։ Այն հետո սկսեց հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանում։

Աշոտ Ադամյանը սկսեց ստեղծել գործեր, որոնք Հայաստանում նմանը չունեին։ Ստեղծեց հայկական մեդալադրամի առաջին պատկերը, թեև այն բանկի հետ կապ չուներ, սիմվոլիկ իմաստով էր այդպես կոչվում, բայց հետաքրքիր էր որպես մեդալադրամ՝ մեր պատմական դեմքերի և խորհրդանշական այլ պատկերներով։

Աշոտ Ադամյանը մասնակցել է մեդալային արվեստի բազմաթիվ  միջազգային ցուցահանդեսների, իր աշխատանքներով հիացրել օտարազգիներին։

Պապի և հայրիկի այս նկարչական  հմտությունը ժառանգել է նաև Օլիվիան։ Աղջկան այս մասնագիտությունը հետաքրքրեց վաղ հասակում։

Հայրիկի նվիրած առաջին մատիտներն ու ջրաներկերը նրան անսահման ուրախություն պարգևեցին։ Նրան հետաքրքրում էր ավելի շատ բնության պարը, դրանից ծնված երևույթները։ Եվ հետաքրքիր է, որ այս ամենը նրան հետևում է մինչ օրս՝ նույնիսկ ապագա ծրագրերում։

Օլիվիան նկարում է բնությունը՝ ինքնամոռաց, զգում է տարվա տարբեր եղանակների երաժշտությունը գույներով՝ տերևաթափն ու անձրևոտ հողը։ 

Օլիվիան աշնանային աշխատանքների համար տարբեր մրցույթներում պատվոգրեր է ստացել, տարբեր կազմակերպությունների կողմից՝ շնորհակալագրեր։

Կշարունակե՞ն արդյոք այս գեղեցիկ ճանապարհը գերդաստանի սերունդները։ Մի բան միայն պարզ է՝ նկարիչ պապը հետևում է թոռնիկների աշխատանքին և ասում է, որ գեները կարծես խոսում են։

Back to top button