Այստեղ արվեստի հետ շփումն անսահման է, ձևավորված են գեղեցիկ ավանդույթներ, ծավալված՝ ակտիվ գործունեություն։
Գյումրու՝ Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ. արվեստասերների գեղագիտական դաստիարակության և կրթամշակութային գործունեության գործում մեծ դերակատարություն ունեցող հաստատություն, սիրված մշակութային և կրթական օջախ, որն արդեն հասցրել է արժանավայել էջեր կերտել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ։
Հիմնադրվել է 1934 թվականին՝ արհեստների և արվեստների քաղաքում՝ Լենինականում, հետագայում անվանվել անվանի երաժշտա-հասարակական գործչի՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի անունով։
Դաշնամուր, լարային, փողային, հարվածային, ժողովրդական գործիքներ, երգեցողություն, երգչախմբավարություն, էստրադային արվեստ, պարարվեստ, դիզայն, դերասանական արվեստ. կրթական և մշակութապահապան հարթակ՝ վերոհիշյալ մասնագիտություններն ուսանելու համար, կրթական հաստատություն, որ տարիների ընթացքում ստեղծել է հայ երաժշտարվեստի ականավոր գործիչների մի աստղաբույլ. ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, հայ կատարողական արվեստի անվանի դեմքեր:
Զրույց Գյումրու՝ Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանի հետ: