Գերդաստաններ

Հանրահայտ քանդակագործի Մեսրոպ Մաշտոցն ու դստեր՝ քարերից ծնված նկարները. Չուբարյաններ․ «Գերդաստաններ»

Նա է հեղինակը Երևանի մատենադարանի դիմաց տեղադրված Մեսրոպ Մաշտոցի արձանի, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճակատի թատերական դիմաքանդակի, Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանին ներկայացնող հուշարձանի և այլ հրաշալի աշխատանքների։ ՀՀ հանրահայտ քանդակագործ, ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանն է։

Նախիջևանում էր գտնվում Չուբարյանների հայրենի տունը։ Հայ իրավաբան,  քաղաքական, հասարակական գործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ  Գրիգոր Չուբարյանն այստեղ է ստացել իր սկզբնական կրթությունը, այնուհետև  մեկնել է Յարոսլավլ և տեղի համալսարանում ստացել իրավաբանական կրթություն,  իսկ հետո շարունակել ուսումը Մոսկվայի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետում:

1919 թվականին` խորհրդային կարգերի հաստատումից հետո, տեղափոխվել է  Երևան։ Նա Հայաստանի Առաջին և Խորհրդային Հանրապետությունների առաջին  իրավաբանն էր։ Թեպետ Առաջին Հանրապետությունը չհասցրեց Սահմանադրություն ունենալ, սակայն 1919 թվականին դրա վրա աշխատել էր հենց Գրիգոր Չուբարյանը։

Սկզբնական շրջանում հնարավորությունների բացակայության պատճառով Գրիգոր Չուբարյանը քնում էր աշխատանքի վայրում՝ սեղանին կռթնած ։ Հետո, երբ սկսեց դասավանդել Երևանի պետական համալսարանում, բնակարան ունեցավ: Ապրեց Էջմիածնում, այնտեղ, որտեղ այժմ եպիսկոպոսական շենքն է։ Իսկ համալսարանում նա ոչ միայն դասավանդում էր, այլ զբաղվում էր նաև գիտական աշխատանքով: Նա մեծ դեր է ունեցել համալսարանական գիտության և կրթության զարգացման գործում: Այս հայտնի գործչի որդին էր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը, որի դուստրը՝ Անուշը, ևս նկարիչ է:

Երբ ծնվեց Գրիգորի որդի Ղուկասը, շատ բանիմաց, լեզվաբան Մարթա տատիկն էր հետևում ու դաստիարակում նրան Աստծո խաչով և օրհնանքով։ Սակայն ստալինյան բռնությունների ծանր  տարիներին, Գրիգորին աքսորեցին, կնոջն էլ զրկեցին աշխատելու իրավունքից, ունեզրկվեցին: Նալբանդյան 104  համարի տունը մի կերպ հաջողվեց վերականգնել հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ջանքերով: 

Խելամիտ Մարթա տատիկը Ղուկասի ձեռքից բռնեց և տարավ պիոներ պալատ՝ քանդակագործության և նկարչության դասերի։ Ղուկասը հենց սկզբից գրավեց  ուսուցիչների ուշադրությունը՝ իր պահվածքով և լուռ հետևողականությամբ։  Քանդակի ուսուցիչը՝ Սամվել Մանասյանը, տղային ծանոթացրեց հայտնի  քանդակագործների լեզվի հետ:

1950-60-ական թվականներին, երբ դեռ Ղուկաս Չուբարյանը ստեղծագործական     որոնումների մեջ էր, մրցույթ հայտարարվեց՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելու  համար։ Քանդակագործին անհրաժեշտ էր իմանալ՝ արդյո՞ք բազալտի վրա ծալքերը  կաշխատեն, արդյո՞ք կստացվի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Եվ ահա՝ նոր հորինվածք, որը վեճերի առիթ դարձավ: 1962 թվականին Երևանի  Մատենադարանի առաջ տեղադրվեց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, մի կողմում՝ հայոց տառերը, ձախ ոտքի մոտ ծնկած աշակերտը՝ Կորյունը և հայոց գրերից ձախ՝ պատին քանդակված հայերենով առաջին նախադասությունը: Կորյունից աջ գտնվող պատին պատկերված է սրով և վահանով արծիվ՝ որպես հաղթանակի և  փառքի խորհրդանիշ։

Ղուկաս Չուբարյանը պետականամետ մարդ էր։ Մխիթար Գոշից հետո առաջին  սահմանադրության կերտողը՝ Գրիգոր Չուբարյանն աքսորավայրից վերադառնում է: Հենց նրա պատվին որդին՝ Ղուկասը Մատենադարանի շենքի առջև գտնվող Մխիթար  Գոշի արձանը կերտում է Գրիգոր Չուբարյանի դեմքով։

Ղուկաս Չուբարյանը խստապահանջ էր և գնահատում էր աշխատասիրությունը։  Նրա պահանջներն ու հանձնարարությունները Անուշը ոչ միայն պիտի կատարեր  ժամանակին, այլև ցույց տար նորն ու անսովորը իր ստեղծած պատկերներում։

Օրինակ՝ հայրը բարձր էր գնահատում նկարիչ Սեդրակ Առաքելյանի և Հովհաննես Զարդարյանի աշխատանքները: Վերջինս քանդակագործի քրոջ ամուսինն էր և  նրանք հաճախ էին Անուշի հետ զրուցում գույների ու ոճերի մասին։

Շուտով Անուշի աշխատասենյակում մշուշի միջից խորհրդավոր պատկերներ էին  ծնվում, առարկաներն ինքնատիպ մոտեցումներով էին արտահայտվում, քարն ու  քարեգույնը դառնում էին ամեն ինչի տիրակալը և ձևավորվում էր մի ինքնատիպ ու  հնչեղ նկարչուհի՝ անսովոր լեզվով՝ ասում է արվեստաբան Մարիամ Դավթյանը:

Ղուկաս Չուբարյանի որդին՝ Գրիգորը, ֆիզիկոս է, սակայն վերջինիս որդին՝ Գևորգը, գեղանկարիչ է: Նրա  աշխատանքներում ժամանակակից կյանքն ՝ իր բոլոր   դրսևորումներով, ժամանակակից մարդը՝ իր հույզերով, իր բողոքով, իր  համարձակությամբ և այս ամենը շատ հետաքրքիր գույների ներդաշնակ   պարախաղով։

Չուբարյանները մշտապես հիշեցնում են իրենց մասին և՛ Երևանի պետական  համալսարանում, և՛ Մատենադարանի արձանախմբում, և՛ Օպերայի և բալետի  ակադեմիական թատրոնի բակում՝ Սպենդիարյանի հուշարձանով և Դսեղի Թումանյանով, և՛ Տրետակովյան և Երևանի պատկերասրահներում ցուցադրված  նկարներով։ Նրանց կապը գալիք սերունդների հետ շարունակական է։

Նկարները՝ 1in.am-ից

Կարդացեք նաև

Back to top button