Տնտեսական

Գազի սակագինը ջերմոցային տնտեսություններին փակման առաջ է կանգնեցրել

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կա 980-1000 ջերմոցային տնտեսություն, սակայն դրանց թիվը կարող է որոշ ժամանակ հետո պակասել, քանի որ գազի սակագնի թանկացումից հետո ձեռնտու չէ ջերմոցային տնտեսություններ ունենալ: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանն ասում է, որ այս տարի արդեն 12 հա ջերմատուն չի մշակվել: «Արդեն փակվել է Սևանի ջերմոցային տնտեսությունը, էջմիածնի «Աղավնարան» ջերմոցային տնտեսությունը: Ջերմոցատերերը ասում են՝ ավելի լավ է արևի էներգիայով տնտեսություն ունենամ, հարյուր դրամ աշխատեմ, քան միլիոնները ստանամ, բայց տամ «Գազպրոմին» ու շահույթ չունենամ»,- ասում է Պողոս Գեւորգյանը։

Ի դեպ՝ կառավարությունն ընդունել է Ջերմոցային տնտեսությունների հայեցակարգ, սակայն Պողոս Գևորգյանն ասում է որ դրանով խնդիրները չեն լուծվում:  Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը՝ ոլորտի զարգացման վերաբերյալ, բայց «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են: «Ավելի լավ էր այդ հայեցակարգը չընդունվեր: Մեր բարձրացրած ոչ մի հարց տեղ չի գտել հայեցակարգում»,- նկատում է։

Նշենք, որ ջերմոցատերերն առաջարկում էին հատուկ գազի գներ սահմանել ջերմոցային տնտեսությունների համար՝ իջեցվի 10.000 խ/մ սպառման համար գազի սակագնի շեմը, քանի որ միջին ու փոքր ջերմատներն այդքան գազ չեն սպառում: Հիշեցնենք, որ մինչեւ 10.000 խ/մ սպառման դեպքում «ՀայՌուսգազարդը» գազը վաճառում է 1000 խ/մ 156 հազար դրամով, իսկ 10000 խ/մ- ից ավելի սպառման դեպքում սակագինն ավելի ցածր է։ Պողոս Գևորգյանն ասում, որ հիմա ջերմատների ղեկավարաները փնտրում են այլընտրանքային վառելիք։

Ի դեպ՝  ջերմոցատերերը  նամակ էին  ուղարկել «Գազպրոմ- Արմենիային»՝ խնդրելով գազի համար պարտքերը  իրենց թույլ տան վճարել միայն գարնանը՝ բերքը վաճառելուց հետո: Այդ առաջարկը ևս մերժվել է։

Կարդացեք նաև

Back to top button