
ԱՄՆ կարող է կորցնել իր հետաքրքրությունը ՆԱՏՕ-ին մասնակցության հարցում, եթե Եվրոպան չմեծացնի իր պաշտպանական միջոցները և այն հասցնի առնվազն իր ՀՆԱ-ի 2 տոկոսին, Եվրամիության գագաթաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Եթե մենք` եվրոպացիներս անվտանգության մասին լուրջ չմտածենք, ապա ամերիկացիներն իրենք կմտածեն, թե ինչու պետք է դա անեն մեր փոխարեն: Նման պարագայում ամերիկացիները նվազ հետաքրքրություն կցուցաբերեն եվրոպական անվտանգության համակարգի խնդիրներին: Դրանից չի շահի ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ, ոչ էլ աշխարհը», -հայտարարել է Ռասմուսենը:
«Հասկանում եմ, որ այսօր, ճգնաժամի պայմաններում դժվար է ռազմական բյուջեն մեծացնել, սակայն բավարարված եմ, որ մի շարք երկրներ պատրաստակամություն հայտնեցին տնտեսության վերականգնմանը զուգընթաց ավելի մեծ միջոցներ տրամադրել ռազմական ոլորտին»,-ընդգծել է Ռուսմուսենը:
Նշենք, որ Բրյուսելում անցկացվող երկօրյա գագաթաժողովի օրակարգում պաշտպանական քաղաքականության, ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնակությունների համագործակցության և խաղարար գործողություններին համատեղ մասնակցության հարցերն են: Գագաթաժողովն այսօր շարունակելու է իր աշխատանքը:




