ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը հայ թատրոնի պատմության մեջ միակ դերասանուհին է, որը բեմ բարձրացավ 92 տարեկան հասակում։ Դերասանուհու անունը հավերժացավ գինեսի գրքում, քանի որ այդ տարիքում խաղալը ոչ միայն նվիրում էր, այլ խիզախություն։
«Մենք աբելյանցիներս, Ձեզ ընդունում ենք որպես մեծ տիկին, մեծ մայր, մենք շատ ենք ուզում, որ դուք մտնեք թատրոն և ձեր ներկայությամբ հաստատեք բարությունը, ազնվությունը, շիտակությունը, անքննությունը…»․ այսպես է դերասանուհուն բնորոշում ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Շամշադին անունը թեպետ պարսկերենից թարգմանաբար նշանակում է արև և հավատ, սակայն այդ անունը բնակիչների սրտով երբեք չի եղել։ Նրանք հաճախ են տարբեր անուններով կոչել իրենց անտառախիտ հայրենիքը, օրինակ՝ Սարաբերդ, երբեմն Սիրաբերդ, Մեղրի ձոր և այլն։ Իսկ խրոխտ լեռնաշղթաների մեջ ծվարած Արծվաբերդում ծնված հայտնի դերասանուհու համար դժվար է գտնել մի անուն, որն այնքան հիասքանչ լինի, ինչպիսին իր հայրենի երկիրն է։
Դերասանուհին հիշում էնաև, որ իր Աղալո պապը և Մարգարիտ տատը պատմել են, որ իրենց նախապապերը սերել են Ցլիկ Ամրամի սերնդից և շատ երկարակյաց են եղել, շատ սիրել են խոսել, պատմել ու ինքն էլ, հավանաբար, նրանց է նմանվել։
Դերասանուհու հայրը՝ Մարկոս Մխիթարյանը շատ արվեստասեր մարդ էր և երբեք չի արգելել, որ աղջիկը դերասանուհի դառնա։
Ամուսնու՝ Արշակ Մխիթարյանի հետ ծանոթացել են հայրենի Շամշադինում։ Նա ինժեներ էր և սիրում էր թատրոնը։ Շամշադինի տարբեր գյուղերի ներկայացումներում փոքրիկ դերեր խաղալուց հետո երիտասարդ աղջիկն ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի հանրահայտ Վաղարշ Վաղարշյանի դասարանը և նրա խոսքերը երբեք չի մոռանում. «Դու շատ շնորհալի աղջիկ ես, քեզ կօգտագործեն, բայց ստվերում կպահեն»։
Անհնար է թվարկել դերասանուհու ամբողջ խաղացանկը, իսկ այդ բոլոր դերերը կատարելու համար նրան ուժ տվողն ու ոգևորողը, ինչպես ինքն է գրում, եղել է իր հանդիսատեսը։
«Մեր հանդիսատեսը շատ կիրթ է, զգայուն, մեզ ընդունողն ու մերժողը, և մենք պետք է հաշվի նստենք նրա հետ, ժողովրդական արտիստի կոչման համար ես նրանց եմ երախտապարտ», – ասում է դերասանուհին։
Բեմն իր կյանքն է, իր էությունը, բեմն է լիցքավորում կյանքի ու մարդու հանդեպ տածած նրա մեծ սերը։ Արցունքն էլ է սիրո արդյունք՝ լինի ողբի, ցնծության, թե հենց այնպես՝ ասում է դերասանուհին և հիշում իր կորցրած երկու զավակներին, որոնց ընտանիքի և ընկերների նկատմամբ նվիրումի մասին խոսում են բոլորը։
Թոռնուհին՝ Մարիամը, հիշում է իր մանկության տարիները, հիշում է, թե ինչպես էր տատիկը հեքիաթների հերոսներին ներկայացնում դերակատարումներով, ինչպես էր լսում գաղտնիքներն ու խրատները։