
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Երգի և գործի վարպետը» խորագրով միջոցառում՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Վերջին երկու տասնամյակներին Սպենդիարյանի տուն-թանգարանում ավանդույթ է դարձել հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձը նշելը: Այս տարի սպասված տարեդարձին առաջին անգամ ներկա չի լինի ինքը՝ Մաեստրոն:
Հուշ ցերեկույթին կցուցադրվի Սպենդիարյանի տուն-թանգարանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որտեղ կներկայացվեն բացառիկ նյութեր՝ նվիրված Վ. Բալյանին և թանգարանի հետ նրա ունեցած առնչություններին:
Համերգային բաժնում կհնչեն Մաեստրոյի սիրված երգերն ու ռոմանսները: Ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերախմբի մեներգիչ Արսեն Գևորգյանը (բարիտոն), նվագակցող՝ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան:
Միջոցառումը նախաձեռնել է տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:
Հուշ ցերեկույթին ներկա կլինեն և հուշերով կկիսվեն կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ:




