
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ընդամենը երկու օր առաջ ավարտվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «SOS մշակույթ» ծրագիրը, որն իրականացվում էր Արևելյան մշակությանի գործընկերության ֆինասավորմամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ուներ համայնքային ուժերի ներգրավվածությամբ ճանաչելի դարձնել ու արժևորել Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ շրջաններում պահպանված պաշտամունքային և աշխարհիկ բնույթի պատմական հուշարձանները:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է Լոռու և Տավուշի մարզերում հայտնաբերված բացառիկ հուշարձանների մասին, որոնք մինչ օրս անհայտ էին և որևէ ցանկում գրանցված չեն: Եթե թվերը դիտարկենք որպես վիճակագրական փաստ, ապա, ըստ հուշարձանագետի , ՀՀ տարածքում 10-ը հուշարձաններից ընդամենը մեկն է ուսումնասիրված։
«Խնդիրն այն է, որ մենք զլանում ենք տրորել մեր սրբազան հայրենիքի կածանները: Ներկայացված բոլոր հնավայրերը հեռու են ավտոմեքենայի համար նախատեսված ճանապարհներից, այնտեղ պետք է հասնել ոտքով՝ քայլելով նեղ կածաններով, իսկ մենք ասֆայտապաշտ ենք, քայլել չենք ուզում ու մեր հարազատ օրրանը մեզ համար մնում է անծանոթ ու անմատչելի»,- ասում է Սամվել Կարապետյանը։
«Մարդը պիտի զգա իր հայրենիքի զարկերակը, հակառակ դեպքում դժվար թե հայրենիքին մատուցի այն ծառայությունը, որը անհրաժեշտ է», ասում է Սամվել Կարապետյանը։ Հուշարձանագետի փոխանցմամբ՝ 24 ամիս տևած ծրագրի արդյունքներն ամփոփվել են առանձին հրատարակություններում, նաև քարտեզ է տպագրվել, որը կարող է բավականին օգտակար լինել: «Պատերազմի ժամանակ մերոնք հաճախ կորուստներ են տվել, քանի որ չեն կարողացել քարտեզ կարդալ»,- նկատում է նա։




