
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին ու դրանից բխող տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հնարավոր փոփոխության հարցերի մասին են այսօր «Ելակետ» մամուլի ակումբում խոսել Վրաստանի հարցերով փորձագետներ Ջոնի Մելիքյանը և Ալիկ Էրոյանցը: Նրանք հիմնականում կարծիք են հայտնել, որ Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը կբերի Վրաստանում ադրբեջանա-թուրքական գործոնի թուլացմանը, կսկսվի Ռուսաստանի հետ համագործակցությունը գործնական շրջանը։
«Վրացական երազանքի» ներկայացուցչի հաղթանակը կբերի՞ արդյոք վրացական երազանքի իրականացման, թե՞ ոչ, ցույց կտա մոտ ապագան. ընտրություններին` քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 46 տոկոսի մասնակցությունը արդեն վկայում է, որ բնակչության մեծամասնությունն անտարբեր է ընտրությունների նկատմամբ։ «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին, ով ստացել է ավելի քան 62 % ձայն, հաղթանական է տոնել առաջին փուլում, ինչը հայ փորձագետների համար մի փոքր զարմանալի է, քանի որ նրանք կարծում էին, թե Մարգվելաշվիլին կհաղթի գոնե երկրորդ փուլում, քանի որ շատ խոստումներ օդում էին մնացել:
Այդուհանդերձ՝ հաղթանակն ապահովված է և առաջիկայում Վրաստանը կունենա նաև նոր վարչապետ, ինչից հետո էլ, ըստ փորձագետ Ալիկ Էրոյանցի, պարզ կդառնա թե ինչ արտաքին քաղաքականություն է վարելու Վրաստանը։ «Նա բնականաբար կլինի Իվանիշվիլիի մարդը և կբարելավվեն ՌԴ հետ հարաբերությունները։ Վրաստանը միաժամանակ չի հրաժարվի ԵՄ ուղղությունից ու ՆԱՏՕ-ից»։
Ամեն դեպքում՝ նախագահական ընտրություններից հետո Ռուսաստան- Վրաստան հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, ինչը, փորձագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով, Հայաստանի շահերից է բխում, մասնավորապես` կթուլանա ադրբեջանա-թուրքական գործոնը Վրաստանում, ինչը ձեռնտու է մեզ։
«Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին շատ ձայներ հավաքեց նաև Ջավախքում, ինչը, ըստ Ջոնի Մելիքյանի, պայմանավորված էր Միխայիլ Սահակաշվիլիի որոշ հայտարարություններով, որ նա հնչեցրել էր Ջավախքում։ Իսկ որքանո՞վ է հավանական, որ Վրաստանում նոր նախագահի ղեկավարման պայմաններում արդիական դառնա Աբխազական երկաթուղու գործարկման հարցը: Փորձագետների համոզմամբ՝ այն լուծում կստանա միայն այն դեպքում, երբ հայկական կողմը հետևողանակություն դրսևորի ու անընդհատ բարձրաձայնի դրա մասին։




