
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Բոնն քաղաքի քաղաքապետարանի կողմից ստացել էր հոկտեբերի 7-13- ն անցկացվող «Առանց սահմանների» միջազգային փառատոնին մասնակցության հրավեր, որի շրջանակներում Բոննի Արվեստագետների ֆորումը վեց երկրների գեղարվեստի գործիչների մասնակցությամբ իրականացրել է համատեղ նախագիծ՝ «Կլիմայական փոփոխություններ» թեմայով։ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը փառատոնում ներկայացրել էր հայ արվեստագետ Տիգրան Սահակյանին, ում աշխատանքն էլ ճանաչվել է լավագույնը: Հիմնադրամի նախագահ Սոնա Հարություննյանի խոսքով՝ Տիգրան Սահակյանի շնորհիվ եվրոպական պատկառելի մի հարթակում Հայաստանը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր ժամանակակից արվեստը։
Փառատոնի շրջանակներում կայացել է նաև «Մշակույթ, քաղաք, կրոն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բոլոր վեց երկրների՝ Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի, Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի հոգևորականներն ու մշակույթի գործիչները։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հանդես է եկել «Քրիստոնեա Հայաստանը երեկ և այսօր» զեկուցումով։ «Կրոնական ինքնությունը հայկական ավանգարդում» խորագիրը կրող զեկուցը ներկայացրել է Սոնա Հարությունյանը։
«Առանց սահմանների» միջազգային փառատոնը նաև հետքրքիր համագործակցության սկիզբ է դրել, որի արդյունքում 2014- ի աշնանը վերոնշյալ գիտաժողովը կշարունակվի Հայաստանում: Հետագա համագործակցության հեռանկարում նաև համատեղ շրջիկ ցուցահանդեսներն են Զայցբուրգ, Ռեյկյավիկ և Երևան քաղաքներում:
Մշակութային մեկ այլ ուշագրավ իրադարձության մասին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Մոսկվայի կրեմլյան դահլիճում։ «Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական ընկերության նախաձեռնած Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված հոբելայանական համերգը ՀՀ ժողովրդական արտիստ, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր , Հանրային ռադիոյի աշուղական երգի վաստակավոր անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը բնորոշում է աննախադեպ։ «Հոգուս խորքում այս համերգին գնացել եմ ակնկալիքով և փափագով, որ սա կդառնա շրջադարձային երևույթ հայ երգարվեստում, որ այդ պատկառելի բեմում ի վերջո կդադարենք ներկայանալ միայն շոու բիզնեսի հեշտ վաճառվող թեթև ժանրերեով, այլ մեր ազգային հզոր մշակույթով»,-ասում է Թովմաս Պողոսյանը։
Նա այսօր անդրադարձավ նաև սեպտեմբերի 21-ի տոնական համերգին: «Մենք ունենք պետական սքանչելի կոլեկտիվներ։ Ինչո՞ւ ենք գումար ծախսում ու պահում դրանք, եթե մեր պետական ամենապատկառելի տոնին այդ կոլեկտիվները չպետք է ներկայանան»,- ասում է Թովմաս Պողոսյանը։




