
Միլիարդավոր տարիներ առաջ եղանակի գլոբալ տաքացումը լավագույնն էր, որ պատահեց մեր մոլորակի կենսաբազմազանության հետ։ Դա այն ժամանակն էր, երբ երկիրը սառցե դարաշրջան էր ապրում։ Երկիր մոլորակը սկսեց ինքնուրույն և հավասարաչափ տաքանալ և սառել այնքան ժամանակ, մինչև չհայտվեց մարդն ու որոշեց միջամտել։

Սառցե դարաշրջանի ավարտից հետո երկիր մոլորակն ու Արեգակը կարծես ձեռք էին բերել պայմանավորվածություն․ Արեգակը ջերմություն էր տալիս մոլորակին, այն պայմանով, որ մոլորակը նույնչափ ջերմություն պիտի հետ վերադարձներ նրան։ Այս օրինաչափությունը եկավ խախտելու մարդը, մասնավորապես 18-րդ դարից սկսած, երբ արդյունաբերությունն սկսեց զարգանալ։

Արդյունաբերական հեղափոխության արդյունքում նավթը և գազը լայն կիրառություն ստացան, մթնոլորտ սկսեց արտանետվել նորմայից շատ ածխաթթու գազ, կուտակվել և վերածվել ջերմոցային գազերի։ Արդյունքում՝ երկիրը սկսեց նորմայից շատ տաքանալ և սկսվեց, այսպես ասած, գլոբալ տաքացման ժամանակաշրջանը։

Կլիմայի փոփոխությանը զուգահեռ փոխվում է աշխարհագրական տիրույթը։ Աշխարհագրագետ Աշոտ Խոեցյանի խոսքով, թվում է առաջին հայացքից բազմամյա սառույցների հալքը կարող է բերել նրան, որ աշխարհի շատ վայրերում գյուղատնտեսական նշանակության հողերը կավելանան, բայց այս ամենին զուգահեռ գյուղատնտեսական տարածքները «սթրեսի» են ենթարկվում, որովհետև յուրաքանչյուր մեկ աստիճան տաքացմանը զուգահեռ լանդշաֆտների գոտիականությունը բարձրանում է 1 մետրով։ Այլ կերպ ասած՝ բարձրանում են լեռները, կորում է բնօգտագործման տարածքների արդյունավետությունը։

Կլիման առհասարակ նպաստել է, որ պետությունները հաղթեն կամ պարտվեն պատերազմում։ Պատմաբան Գուրգեն Մուրադյանն ասում է, դեռևս հին աշխարհում կլիմայական փոփոխությունները հանգեցրել են պետությունների կործանման, օրինակ է բերում Մերձավոր Արևելքի բրոնզեդարյան ճգնաժամը, որի արդյունքում անհետացավ Խեթական կայսրությունը։

Պետական ռազմավարական ծրագրեր մշակող կառույցները մեծ ուշադրություն են դարձնում առհասարակ կլիմայական գործոնին, մանավանդ, երբ պատմությունը ցույց տվեց, թե եղանակը ինչ չար կատակներ կարող է խաղալ հարձակվող պետության հետ, մասնավորապես պատմաբանը օրինակ է բերում Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան, որը չհաջողվեց ցրտաշունչ ձմռան և սխալ հաշվարկների արդյունքում։





