ԿարևորՀասարակություն

Ստեղծվել է բարեփոխումների հանձնաժողով՝ լուծելու Զինված ուժերի խնդիրները

Ազգային ժողովի մի քանի մշտական հանձնաժողովներ այսօր քննարկել են կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, սակայն, քննարկումը առավելապես վերաբերել է ոլորտի անելիքներին առաջիկայում. պատգամավորներն ու կառավարության անդամներնանցած տարվան անդրադարձել են դասեր քաղելու տեսանկյունից:

Զինված ուժերի զարգացման նոր պլան, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նոր պետական ծրագիր. այս ամենի ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը աշխատում էր 2020-ին՝ ազգային անվտանգության ռազմավարության հաստատումից հետո:  Սեպտեմբերի 27-ի պատերազմն իրավիճակը փոխվեց: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ հասցրել էինք մշակել ու ձեռք բերել, արդեն չեն համապատասխանում անվտանգության նոր միջավայրին:

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում Արման Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է անում նախարարությունը նոր իրավիճակում ելքեր գտնելու համար: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է բարեփոխումների հանձնաժողով, որը նախ պետք է բացթողումներն արձանագրի: «Այդ հանձնաժողովի շրջանակում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն. ինչին պետք է ուշադրություն դարձվի, ինչն է ավելի կարևոր, ինչը՝ երկրորդական: Այս առումով որոշ չափով պետք է փոփոխության ենթարկվի պաշտպանության նախարարության կառուցվածքը: Օրենսդրական փոփոխություններ պետք է լինել և՛ «Պաշտպանության մասին», և՛ «Զինվորական ծառայության և զինվորական ծառայողի մասին» օրենքներում:

Փոփոխությունները կլինեն ոչ միայն օրենսդրական. պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի մասնակիցների դիտարկմամբ, բանակում՝ կադրերից մինչև կրթություն, բարքերից մինչև համազգեստ՝ փոխելու կարիք կա: Չի փոխվելու մեր համագործակցությունը թիվ 1 ռազմավարական գործըկերոջ հետ: Փոխնախարարն ասաց՝ դրան վերաբերող նոր տվյալներ կան, բայց՝ գաղտնի. «Մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ աշխատանքներ են իրականացվում մեր բացթողումները, կորցրածը վերականգնելու, պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Սրա հետ կապված թղթերն ունեմ, թե ինչ միջոցներ են ձեռք բերվել, բայց զերծ կմնամ հրապարակելուց»:

Փոխնախարարը մանրամասներ չհայտնեց նաև, թե ինչ քայլեր են արվելու պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զորահավաքային նախապատրաստության, թիկունքային ապահովման, կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ, ասաց՝ դրանք փակ քննարկման հարցեր են:

Միայն թույլատրելի հարցերի մասին խոսեց նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությույանը: Լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ նորություն կա Թեհրանում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին: Կա քրեական գործ՝ հարուցված Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ինքնաթիռի զավթում: Տիգրան Հարությունյանն ասաց. «Հիմա աշխատանքները են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի: Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»:

Ազգային անվտանգության ծառայությունը ունի խնդիրները լուծելու ռեսուրներ՝ լինեն դրանք սահմանին, համակարգում, թե համացանցում: ԱԱԾ-ի ուշադրության առանցքում է Գագիկ Սողոմոնյան անուն-ազգանունով համացանցային ֆեյք օգտատերը: Նրան բացահայտել ու բերման ենթարկել ԱԱԾ-ին դեռ չի հաջողվում, բայց Տիգրան Հարությունյանն ասում է՝ իրենք ճիշտ ուղղությամբ են գնում. «Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել: Ուղղությունը ճիշտ է: էջի թույլտվություն ունեն իմ կարծիքով, մի քանի անձինք, ու դրանով է պայմանավորված, որ էջը գործում է»:

Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ֆեյք օգտատերը հայտնվում է իրենց տեսադաշտում, երբ անցնում է քրեական դաշտ: Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ գործունեության առիթով քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն:

Back to top button