
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես մեծարեց հայ ժողովուրդն այս տողերի հեղինակին։ Նրա մասին խոսելիս չեն բնորոշում մեծ պոետ, տաղանդավոր բանաստեղծ, հանճարեղ գործիչ և այլ մակդիրներով։ Նրան բնորոշողը հենց իր անունն է՝ Հովհաննես Թումանյան։

Լոռու մարզի Դսեղ գյուղում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը, վայր, որտեղից սկիզբ առավ մի մեծ հայի կենսագրություն՝ լի բարությամբ ու ազնվությամբ, մարդասիրությամբ ու լավատեսությամբ:

Այս տանն է անցել բանաստեղծի մանկությունը, իսկ 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, բանաստեղծի հայրական տունը վերածվեց տուն-թանգարանի, որտեղ պահպանվում են գրողի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող բազմաթիվ մեծարժեք ցուցանմուշներ։

Թումանյանի ստեղծագործություններում հայ ժողովուրդը գտավ իր սեփական հույզերի և մտքերի վերարտադրումը, ճանաչեց իրեն, այդ պատգամներով ապրեցին մեր պապերը, հայրերը, ապրում ենք մենք և դեռ ապրելու են գալիք սերունդները:

Զրույց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ։




