ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղը ոտքի է կանգնել, ինչպես 90-ականներին

Ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա Սյունիքի մարզի Եղվարդ բնակավայրը ոտքի է կանգնել։ Թշնամին պարբերաբար հրետակոծում է, բայց վերջին օրերի համեմատ իրավիճակը հանգիստ է։ Մարդիկ մտադիր չեն լքել գյուղը։

Եղվարդում կյանքը բնականոն ռիթմով է ընթանում։ Կաթ են մերում, հավ ու կով են պահում, ասում է Եղվարդի բնակիչ Յուրիկ Հախյանը։

«Կաթը հանձնում ենք, որ կարողանանք գոյատևել, դիրքապահներին կարողանանք ապահովել։ Հրետակոծել են, բայց անցած անգամ էր շատ, հիմա չէ, բայց էլի հրետակոծում են»։

Վերջին օրերի համեմատ իրավիճակը հանգիստ է։ Մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց գյուղը։ Սպարտակ Զաքարյան․

«Եղվարդի ինքնապաշտպանական ջոկատները կան՝ Եղվարդի տղաներով, նաև համալրված մեր հայրենակիցներով։ Վարչակազմը իր բնականոն հունով աշխատում է, քաղաքացիական կյանքը շարունակվում է։ Արտահոսք չկա»։

Եղվարդցի Ալինա Ներսիսյան․ «Մեր գյուղը կանգուն  է, ժողովուրդը տեղում է, վտանգավոր բան չկա։ Ինչպես տեսնում եք` մեր զինվորներն էլ պահում են, նորմալ է ամեն ինչ»։

Վարդուհի Մելքումյան. «Ես ու ամուսինս ենք, երեխաներն այս պահին Կապանում են, զուտ ձայների համար, որ չվախենան, տագնապ չկա»։

«Խաշ ենք եփում զինվորների համար, որ ուտեն ու ամրապնդվեն ու ամուր կանգնեն սահմանին»։

Այսօր խաշ,  վաղն էլ կորկոտ կպատրաստի, որ տղաները սննդի պակաս չունենան։ Եղվարդի բնակչուհի Նունե Արզումանյանն է պատրաստել, ուժեղ մի կին, ում մայրը 90-ականներին տան այգում է մահացել թշնամու արկից։ Նունեն չի վհատվում, մի ուժ կարծես ստիպում է նրան կանգնել տղաների կողքին։

«Մենք մեր տղաներին վստահում ենք, մեր հողը չենք լքելու, առանց խուճապի ապրում ենք մեր հողում։ 18-20 տարեկան տղաները կպաշտպանեն։ Հենց մեր գյուղի տղաներն էլ են մեր հողը պաշտպանում, խուճապ չկա, վստահ եմ, որ լավ է լինելու»։

Անուշ Սողոմոնյանն էլ տղաների հետ հավասար ծառայում է` զենքի փոխարեն բժշկական գործիքներով։

«Այս պահին պատերազմական վիճակ է, բոլորս պատրաստ ենք, համախմբված, առաջնագծում  աշխատում ենք։ Հիվանդանոցը՝ զինվորական հոսպիտալ, աշխատակազմը, շտապ օգնության մեքենան տեղում են։ Սպասարկում ենք բոլորին, համախմբված»։

Իսկ սահմանին Էլ մեր տղերքն են, ազատամարտիկները` մարտական` առավել, քան երբևէ։ Գարիկ Թևանյան․

«Դուխներս լավ է, գործերը լավ են։ Կխնդրեմ մեր հայությանը, մեր եղբայրներին, առողջ տղաներին, որ մասնակցեն։ Թող ներկայանան, գան միասին մի միտք դառնանք։ Տղաները բոլորը պատրաստ են, մարտական վիճակ է»։

Ազատամարտիկ Հովիկ Հարությունյան․ «Ինքնապաշտպանությունը շատ լավ է, թե 92-93 թվերին, թե հիմա միշտ պատրաստ են եղել տղաները։ Մեր գյուղի տղաները միշտ զինված, միշտ պատրաստ՝ թուրքին դիմակայելուն, հիմա էլ նույն ձևի պատրաստ ենք։ Ճիշտ է, գտնվում ենք կայուն խաղաղ վիճակում, կրակոցներ չկան, երկու կողմն էլ հանգիստ է, կցանկանանք միշտ այսպես լինի, զոհեր չտանք` ամենակարևորը»։

Տղաների մեջ կան նաև դիպուկահարներ։ Նրանցից մեկը Արմենն է, անունը, իհարկե, փոխված։

«Ներկայացել եմ ինքնակամ, քանի որ ես իմ անելիքը գիտեմ։ Իմ ընկերներն են բոլորը, մի ընտանիքի պես ենք։ Ինչ ինձնից կախված լինի, ես հաստատ դա անելու եմ, որպեսզի թշնամին ինչքան հնարավոր է մեզնից հեռու փախչի ու չկարողանա այլևս փորձեր կատարի մոտենալու մեզ»։

Սյունիքի մարզի Եղվարդ բնակավայրը 90-ականներին փառահեղ իրականացրեց իր առջև դրված ինքնապաշտպանության խնդիրը։ Այսօր էլ տղերքը ուժեղ են՝ տրամադրված հաղթանակի։

Back to top button