ԿարևորՀասարակություն

Հայաստանի երրորդ հանրապետությունը ժառանգեց առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը

Ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում 1918 թվականի  մայիսի 28-ին  ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:  Կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձավ  կազմակերպված պետություն՝ գրեթե  բոլոր ինստիտուտներով` իշխանության մարմիններ,  տնտեսական-քաղաքական  համակարգ,  ազգային բանակ, դիվանագիտական կապեր ու նաև պետական խորհրդանիշեր` դրոշ, զինանշան և օրհներգ։ 1991 թվականին հռչակված Հայաստանի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց  առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը։

Դրոշ, զինանշան և օրհներգ․  Առաջին  հանրապետությունից ժառանգած ՀՀ խորհրդանիշերից  յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն։ Ով կամ ովքեր են հայկական զինանշանի հեղինակները. որևէ հայ մարդու համար այսօր, կարծում ենք, գաղտնիք չէ՝ Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան, սակայն ժամանակին այս փաստին անտեղյակ էր անգամ Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:

Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Հայկ Թամանյանն է պատմում․

«Մենք չէինք իմանա Թամանյանի գործունեության այդ էջի մասին, եթե չլիներ Սիմոն Վրացյանի հուշերում ակնարկված  փաստը։ Այնտեղ բառացիորեն ասված է՝ Թամանյանի կազմած և Կոջոյանի գծած։ Երբ 80-ականների վերջում հետաքրքրություն առաջացավ այդ առարկայի նկատմամբ, պարզվեց, որ Գևորգ Թամանյանը՝ պապս տեղյակ չէր։ Նրանից լավ Թամանյանի արխիվը այդ պահին ոչ ոք չգիտեր, բայց պարզվեց, որ նա  այդ մասին լսում է առաջին անգամ։ Ըստ երևույթին՝ հասկանալով վտանգը, այն փաստը, որ Թամանյանը համագործակցել է դաշնակցական կառավարության հետ, կազմել է զինանշան, որոշել են թաքցնել դա երիտասարդ Գևորգ Թամանյանից, որպեսզի որևէ տեղ չակնարկի»։

Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի հեղինակած զինանշանի գույնը ոսկեգույնն է, հայկական թագավորություններինը՝ կարմիր և կապույտ։ Վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։ Նշված գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները, որոնց շուրջ Առաջին հանրապետության խորհրդարանում լուրջ տարաձայնություններ են եղել, ինչպես պատմում է Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։  Նկատենք, որ պետական խորհրդանիշերից դրոշն առաջինն էր, որ ընդունվեց 1918 թվականին։ 20 թվականի դեկտեմբերին իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց հետո ժողովուրդն այդ դրոշները թաքցրել էր, իսկ 21 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ ամբողջ Երևանը ծածկված էր եռագույններով։  Արկածներով լի ճանապարհ անցած հայոց եռագույններից մեկն այսօր պահպանվում է  դաշնակցության թանգարանում։

Ուշագրավ մի դրվագ, որն ուղղակիորեն առնչվում է Անուշ Ամսեյանի հորեղբոր, դաշնակցական գործիչ Տիգրան Ծամհուրի անվանը:

«Դրոշներից մեկը 21 թվականի փետրվարի 18-ին կանգնեցվեց խորհրդարանի շենքի վրա՝ ի նշան այն բանի, որ վերականգնվել է ազգային պետականությունը։ Դա արեց խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրը»։

Դրոշը բարձրացնելուց հետո ամբոխի միջից արձակված գնդակից դաշնակցական պատգամավորը զոհվում է։ Երևանի պատմության թանգարանում պահպանված եռագույնից բացի, զրուցակցիս փոխանցմամբ, սա երկրորդ դրոշն է, որը մեզ է հասել հերոսական այդ օրերից՝ անցնելով հետաքրքիր ոդիսական։

1921 թվականին բոլշևիկյան կարգերի վերահաստատումից հետո Հայաստանից մոտ 10 հազար մարդ է հեռանում՝ տանելով նաև հայտնի դրոշը։ Այն հասավ մինչև Փարիզ, հետո՝ Միացյալ նահանգներ։ 1994 թվականին հերոսական եռագույնը Հայաստան վերադարձավ։ ՀՀ գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ որպես երկրի օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի խոսքերով և Բարսեղ Կանաչյանի երաժշտության հիման վրա ստեղծված առաջին հանրապետության օրհներգը, որի առաջին տողերն են՝ Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել է դարեդար։ Իր որդիքը արդ կանչում է ազատ, անկախ Հայաստան։

Back to top button