Սփյուռքի ձայնը

Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունները  վերահաստատվելու ճանապարհին են․ «Սփյուռքի ձայնը»

«Օտարները հիացած են մեր պատմությամբ ու մեր բազմադարյա ազգի անցած ճանապարհով»,- ասում է հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի պատասխանատու, Հունգարիայում գործող  Փազմանի Փեթեր համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սոսի Սուսանյանը։

Մոտ մեկ տասնամյակ դիվանագիտական խզված հարաբերություններ, Հունգարիայի՝ աչքի ընկնող ադրբեջանամետ և թուրքամետ քաղաքականություն․ այսպիսին են երկու երկրների միջև քաղաքական, դիվանագիտական, բայց ոչ՝ մշակութային ու կրթական կապերը:

Տարիներ  շարունակ Հունգարիայում կրթություն են ստանում հայաստանցի ու արցախցի երիտասարդները, իրականացվում են երկկողմանի մշակութային միջոցառումներ: Օրեր առաջ էլ Երևանի Մերոպ Մաշտոցի անվան մատենադարանում կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին հունգարահայեր ու հունգարացիներ:

«Հայաստնում անցկացվում էր Ներսես Շնորհալիին նվիրված գիտաժողով, որին մանակցում էր նաև հունգարացի ապագա հայագետ, Փազմանի Փեթեր և Հալե համալսարանների ուսանող Քիս Փեթերը: Օտար հայագետի համար մեծ հնարավորություն է նման գիտաժողովների մասնակցելը: Ինչո՞ւ, որովհետև միջավայրն ու հնարավորություններն ավելի մեծ են՝ տեղեկատվություն ստանալու համար հենց հայ մասնագետներից»,- ասում է Սոսի Սուսանյանը։

Ի՞նչն է գրավում օտարներին հայկական մշակույթն ու պատմությունը ուսումնասիրելուց  առաջ։

«Օտարները, երբ բացում են մեր ազգի պատմության շտեմարանը՝ սիրահարվում են: Նույն օրինակով,  մեր ամբիոնի վարիչ  Քովաչ Փանինթը առաջին անգամ զբաղվելով Տրանսիլվանիայի հայության պատմության ուսումնասիրմամբ, իր համար բացահայտել է այնպիսի փաստերի մեծ շտեմարան, որով ոգեշնչված հիմել է նաև այս ամբիոնը»,- պատմում է Սոսին:

Նա նաև  վստահ է, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կնպաստի մշակութային ու գիտական նոր համագործակցությունների հաստատմանը, իսկ դրանք կխթանեն երկու երկրների՝ մեկ տասնամյակից ավելի խաթարված հարաբերությունների կարգավորմանը։

«Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն դիվանագիտական հարաբերությունները վերսկսվել են: Մենք նաև այդ խողովակը պետք է օգտագործենք գիտական ու մշակութային, ինչպես նաև քաղաքական հարցերը բարձրացնելու համար»,- կարծում է Սոսի Սուսանյանը:

Ներկայումս Հունգարիայում ապրում է 15 հազար հայ, որոնցից շատերը հայերեն չգիտեն: Սոսին նշում է, որ շատ հայեր այսօր կապ չունեն համայնքի հետ:

 Հունգարահայերը ներգրավված են պետական, տնտեսական ու հասարակական կյանքի մեջ։ Հունգարիան աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 1995 թվականին ստեղծվել, կազմավորվել է հունգարահայ ինքնավարություն, որի նպատակն է համախմբել բոլոր հունգարահայերին, նրանց շրջանում տարածել մայրենի լեզուն, արվեստը, մշակույթը։ Համայնքի ղեկավարն է Նիկողոս Ակոբյանը։ Սոսին նշում է նաև, որ հայ համայնքն ունի ռադիոժամ, հեռուստաժամ և մամուլ։

Back to top button