Համաճարակները, որպես կանոն, ունենում են վերելքներ և վայրէջքներ՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոկտոր–պրոֆեսոր Նաիրա Գյուլազյանը ՝ անդրադառնալով հարցին, թե որ փուլում է կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։
«Տարբերակներից մեկը վիրուսի սրընթաց տարածումն է, հետո՝ նույնպիսի անկումը։ Այսպիսին էր պատկերն, օրինակ, Իտալիայում։ Այսպիսի ընթացքը խիստ դժվարացնում է բուժհաստատությունների գործը։ Մյուս տարբերակը զարգացման պիկը հնարավորինս մեղմելն է, որ վիրուսի տարածումն այդքան սրընթաց չլինի», – ասել է Նաիրա Գյուլազյանը և հավելել․ «Մենք գնում ենք երկրորդ ՝ պիկը մեղմելու ճանապարհով։ Սա կարող է ավելի երկար տևել, բայց նման կտրուկ աճ չի արձանագրվի»։


Մասնագետը կարծում է, որ բոլոր ջանքերն այսօր պետք է ուղղվեն մահացության դեպքերը նվազագույնի հասցնելուն։
«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում Նաիրա Գյուլազյանի հետ քննարկել ենք կորոնավիրուսի վարքագիծը․ ինչ են հուշում վարակի տարածման տրամաբանությունն ու տեմպերը, ինչով է կորոնավիրուսը տարբերվում շնչառական այլ հիվանդություններից, որոնք են պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցները։