ԿարևորՔաղաքական

Համահայկականության համար անհրաժեշտ կոնսենսուսները՝ ըստ Փաշինյանի (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը ներկայացրեց համահայկականության համար անհրաժեշտ կոնսենսուսները։

Համահայկականության տրամաբանությունը իսկապես կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե հենվենք մի քանի առանցքային կոնսենսուսների վրա: 

ՀՀ վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից:

Նրա խոսքով, նրանք ովքեր դիտարկում են բռնությունը որպես հարց լուծելու միջոց, պետք է մերժվեն և պատմության աղբանոցը նետվեն:

«Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն »,-նշեց Փաշինյանը։

The Renaissance Square of Stepanakert, Artsakh Republic, 05 August 2019

Վարչապետը կարևորեց Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում, ինչպես նաև ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հանդես գա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից: Դրա դրսևորումները, հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, խոչընդոտների հարուցումը պետք է արմատախիլ արվի: Կոռուպցիոն գործողությունների արդյունքում, ըստ նրա, պետությանը հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

Վարչապետն անդրադարձավ ամենագլխավոր կոնսենսուսին: Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման  և անվտանգության  համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը:

Բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում:

«Այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծելը, ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ դավադրության համար: Դա բացառված է: Արցախի բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, հետևաբար այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել ժողովրդի ցանկություններն ու իղձերը: Չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, միևնույն է Արցախի, Հայաստանի անվտանգությունը, մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով, մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button