Սևանի մամռակալման պատճառը միայն բարձր ջերմասիճանը չէ. մասնագետներ


Բնապահպաններն ու քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լճի մի ամբողջ ափ մամռակալած է:
Մասնագետները սա տարբեր գործոններով են պայմանավորում, պատասխանատուները՝ ջերմաստիճանի բարձրացմամբ միայն:
«Սևան» ազգային պարկի տնօրենը հորդորել է չանհանգստանալ ու շարունակել հանգիստն անցկացնել Սևանա լճում:
Սևանա լճից անկանոն ջրառ, բարձր ջերմաստիճան ու ոչ միայն. լրագրող «էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը երկար կարող է թվարկել պատճառները, թե ինչու է կանաչել Սևանա լճի ափը՝ Շորժայի հատվածում՝ նկարիչների միության հանգստյան տան մոտ գտնվող հատվածը:
Կիրակոսյանը հիշեցնում է՝ պետք է մաքրման կետեր լինեն, ցանկացել են դրանք տեսնել, սակայն չեն կարողացել:
Խեցգետնի թիվն է պակասել լճում, խաթարվել է Սևանա լճի էկոհամակարգը՝ ասում է զրուցակիցս: էկոհամակարգը փոխվել է նաև արհեստական ձկնաբուծության պատճառով: Զրուցակիցս չի հերքում՝ գուցե Սևանա լիճը «ծաղկել է» նաև ջերմաստիճանի բարձրացման պատճառով:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանն այս պահին դժվարանում է ասել, թե որն է լճի մամռակալման իրական պատճառը: Այսօրվանից դիտարշավ են սկսել.
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը նույնպես պնդում է՝ ջրիմուռները Սևանա լճի անբաժանելի մասն են: Ամեն խումբ ունի այն ջերմաստիճանը, որի ժամանակ ինքը բազմանում է: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում 21 աստիճանը, ուստի ջրիմուռների բուռն աճ չի դիտարկվում: Դրանք ակտիվանում են ջրի ջերմաստիճանը բարձրանալիս: Այս տարի տաք եղանակով պայմանավորված, Սևանա լճում ջերմաստիճանը տարբեր հատվածներում հասել է մինչև 24 աստիճանի:
Այս փուլում ջրիմուռների աճը երկու շաբաթ կտևի, եթե քամիներ չլինեն։ Գուլանյանն ասում է՝ նմանատիպ ևս մեկ «ծաղկում» կանխատեսվում է նաև օգոստոսին: Սակայն վստահեցնում է՝ վտանգավոր չէ:
«Ռադիոլուրի» զրուցակիցը պնդում է՝ հանրային լողափերում նմանատիպ երևույթներ չկան: