

Արդեն մեկ ամիս է Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները շրջապատել են գյուղապետարանի շենքը:
Նրանք պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոշորացված բնակավայրի ղեկավար Արթուր Ստեփանյանը հաստատել է՝ գյուղացիներն իր հրաժարականը պահանջում են, բայց թե ինչու, գյուղապետն ու գյուղի բնակիչները տարբեր պատճառներ են նշում:
Բնակիչներն ահազանգում են՝ Եղեգիս գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի պատճառով զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից:
Գյուղացիները հայտարարում ու պահանջում են՝ պետք է տեսնեն ՀԷԿ-երի կառուցման թույլտվության բոլոր փաստաթղթերը:
«Գյուղապետարանի շենքն իսկապես շրջափակված է»,- «Ռադիլոուր»-ի հետ զրույցում ասում է բնակավայրի ղեկավարը՝ Արթուր Ստեփանյանը: Միայն թե վստահեցնում է, որ գյուղացիները այլ պահանջ ունեն:
Ասում է՝ քանի որ համայնքը խոշորացվել է, գյուղացիները ցանկանում են, որ համայնքի ղեկավարը իրենց գյուղից լինի: Գյուղապետին փոխանցեցինք գյուղացիների՝ մեզ ներկայացրած պահանջը:
«Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ ինքն անձամբ դեմ է փոքր հէկ-երի կառուցմանը, կարծում է, որ ընդհանրապես որևէ թույլտվություն պետք է չտրվեր, սակայն, դրանք արդեն կան:
Այս դեպքում թույլտվություն արդեն կա, մնում է պարզել՝ համապատասխանո՞ւմ են դրանք բնապահպանական նորմերին, թե՞ ոչ: «Ռադիոլուրի» զրուցակիցը Ազգային ջրային համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանն է:
Մասնագետը փաստում է՝ անթույլատրելի էր գետերը խողովակների մեջ վերցնելը: Հենց այս պատճառով է, որ Հայաստանում գետերի մեծ մասն ուղղակի ցամաքել է:
Արդեն երկու օր է «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մի խումբ անդամներ երթ են սկսել: Ախթալայից դեպի Թումանյան քայլելով՝ մերձակա համայքների բնակիչներին իրազեկում են Դեբեդի վրա Շնող ՀԷԿ –ի կառուցման մասին:
Նախագծի համաձայն, շահագործման հանձնվելուց հետո այն կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի մոտ 5 %-ը։ Նախնական հաշվարկներով, նախագծի արժեքը կկազմի շուրջ 160 մլն դոլար: Բնակիչները նախագիծը կործարար են համարում:
Հայաստանում ընդհանուր առմամբ, շահագործվում է 184 փոքր ՀԷԿ, կառուցվում է ևս 36-ը:




