

Ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանը չէր կարող պատկերացնել, որ մեր երկում հենց նա է դառնալու օրգանական պարարտանյութեր ստեղծողներից մեկը։ Լուսինեն ORWAKO օրգանական պարարտանյութերի ընկերության հիմնադիր է։ «Ռադիլուր»-ին պատմում է, որ երբ ուսանում էր համալսարանում, որոշել էր բնապահպան դառնալ, սակայն մի օր հայտնվեց ագրոբնապահպանություն ոլորտում։

Պատմում է, որ իր նպատակը միշտ եղել է նպաստել մեր երկրում կայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացմանը: Եվ ահա, երբ Լուսակերտում բացվեց բիոգազի գործարանը, հենց դա պատճառ դարձավ, որ սկսեն արտադրել օրգանական պարարտանյութ: Լուսինեհն մանրամասն բացատրում է, թե ինչպես է արտադրվում օրգանական պարարտանյութը, տեղեկացնում, որ ընկերությունում ներկայումս արտադրվում է չորս անուն պարարտանյութ: Աշխարհում միակ ընկերությունն է, որտեղ սնկարտադրությունում օգտագործված կոմպոստը վեր է ածում օրգանական պարարտանյութի, այն էլ արտադրական ծավալներով:

Լուսինեն ինձ ցույց է տալիս մի քանի լուսանկարներ, որտեղ մշակաբույսերը պարարտացվել են օրգանական և ազոտական պարարտանյութով: Ասում է, որ համալիր օրգանիկ պարարտացման շնորհիվ պտուղը ստացվում է ավելի խոշոր, համեղ, նաև երկար է պահպանվում:
Զրուցակիցս նշում է, որ միայն սնկարտադրությունը չէ, որ ունի թափոններ։ Այժմ ուսումնասիրում են տարբեր եղանակներ։ Օրինակ՝ սուրճի մնացորդները կարող են դառնալ օրգանական պարարտանյութ։

Լուսինե Նալբանդյանն ասում է, որ օրգանական պարարտանյութերով դժվար է մտնել հայկական շուկա։ Պատճառը ոչ թե թանկ լինելն է, այլ, որ հայ գյուղացու կարծրատիպը թույլ չի տալիս ազոտական պարարտանյութերը` սելիտրան, փոխարինել կենսահումուսով: Բայց և նկատում է, որ դժվարը առաջին անգամ օգտագործելն է: Դրանից հետո գյուղացին նախընտրում է հենց օրգանականը։
Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրությամբ զբաղվող ընկերությունների պատասխանատուները ասում են, որ մեր երկրում, ի տարբերություն Չինաստանի, որտեղ, հողերը գերհագեցած են քիմիական պարարտանյութերով, գյուղատնտեսները մեծ ներուժ ունեն այս պարարտանյութերն օգտագործելու եւ բարձր բերքատվություն ստանալու համար:




