Հաշմանդամների համար բուհ-ական նոր օրենքը եւս ԲՈՒՀ-ի դռները չի բացի
Հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքներ են գրում և ընդունում մարդիկ, ովքեր լավ տեսնում են, լսում ու քայլում: Թեքահարթակային այս մտածողությունը արդեն հոգնեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ոտնահարվում է անգամ հավասար կրթության իրավունքը՝ ահազանգում է Դիսըբիլիթի կենտրոն հկ նախագահ Զարուհի Բաթոյանը՝ նշելով՝ բարձրագույն կրթության մասին օրինագիծն արդեն Ազգային ժողովում է: ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ մինչև կառավարության կողմից նախագծի հաստատումը հանրային քննարկումների նպատակով այն տեղադրվել է e-draft.am կայքում եւ առաջարկները հաշվի են առնվում. դրանց մի մասը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտերով: Այս ամենի մասին հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է նաև ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Նախարարությունում իրենց բավականին լավ են ընդունել, նշեց Զարուհի Բաթոյանը: Բարձրագույն կրթության մատչելիության հետ կապված խնդիրներ եւս կան։ Դրանք իր մաշկի վրա է զգացել նաև «Լռության ձայն» հկ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը։ Հակառակ մեծ դժվարություններին, այնուամենայնիվ սեփական ուժերով հաղթահարել մարտահրավերները՝ 2009 թվականին նա ավարտել է Պոլիտեխնիկը: