

ՄԱԿ- ի ԱԽ նիստը երեկ քննարկել է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում նոր լարվածության բռնկման հարցը: Մասնակից երկրների ներկայացուցիչները, բացի ԱՄՆ-ից, անհամաձայնություն են հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ, քանի որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է քննարկեն նախ հակամարտության կողմերը՝ Պաղեստինը եւ Իսրայելը, եւ համաձայնություն ձեռք բերեն սահմանների հարցում:
Միացյալ Նահանգները դժոխքի դարպասներն է բացում. այս բովանդակությամբ են սկսում իրենց լուրերը միջազգային ԶԼՄ-ները՝ խոսելով Մերձավոր Արեւելքում հասունացող նոր խառնաշփոթի մասին։ Շեշտում են՝ երեք կրոնների կենտրոն հանդիսացող Երուսաղեմը կրկին կռվախնձոր է դառնում: Մահմեդական աշխարհը պատրաստ է պայքարել իրենց սրբավայր Ալ-Աքսա մզկիթի ճակատագրի համար, քանի որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով փոխվում է քաղաքի կարգավիճակը։ Սա հղի է մի շարք վտանգներով:

Մերձավոր Արեւելքում երեք օր է անկարգություններ են տեղի ունենում։ Ավելին՝ երեկ ուրբաթօրյա նամազից հետո իսրայելցի զինվորների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ բախումներ են եղել, բանակը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել պաղեստինցիների դեմ։ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում շարունակվել են բողոքի ցույցերը: Մարդիկ այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուհի նկարները։
ՄԱԿ- ի ԱԽ նիստում Թրամբի որոշումը պաշտպանել է միայն ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, այլ ոչ թե սահմանային բաժանում է իրականացնում՝ հայտարարել է։
«Եվ ինչ արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նա ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, որն ամերիկացիների կամքն է… Իսկ ինչ չի արել նախագահը։ ԱՄՆ-ն չի ստանձնել երկու կողմերի միջեւ բաժանարար սահմանների գծման իրավունքը։ Երուսաղեմի ինքնիշխանության հարցը իսրայելցիների եւ պաղեստինցիների քննարկման արդյունքում պետք է կայացվի։ ԱՄՆ չի փոխում ձեռքբերված պայմանավորվածությունները, եւ հատուկ ընդգծել է սրբավայրերի հարցում ստատուս քվոյի պահպանումը»:
ՄԱԿ- ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի, ԱՄՆ կփորձի նաեւ ակտիվ դիվանագիտական միջոցներով ընդառաջ գնալ կամ պատասխան քայլ իրականացնել պաղեստինյան կողմի համար և ակտիվացնել հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Դրանով գուցե հաջողվի լուրջ տեղաշարժեր արձանագրել պաղեստինա- իսրայելական հակամարտության կարգավորման հարցում: Սակայն, ըստ արաբագետի, ընթացող գործընթացներն այս տարբերակի օգտին չեն խոսում, քանի որ ակնհայտ էր՝ որոշումը ԱՄՆ նախագահի և իր ամենամտերիմ շրջապատի կողմից կայացվել է հիմնականում հրեական լոբիի ազդեցության ներքո և իր բնույթով չի նպաստում պաղեստինա- իսրայելական հակամարտության կարգավորմանը:

Այսպիսով, փխրուն խաղաղությունը վտանգվել է, եւ այսօր առավոտյան Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող չորս նշանակետ՝ պատասխանելով դեկտեմբերի 8-ին շարժման կողմից հրեական պետության հրթիռակոծությանը: Հանրային անվտանգության ինստիտուտի տնօրեն Տիգրան Շադունցն էլ կարծում է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությամբ լղոզվում են պետությունների, կրոնների ու մայրաքաղաքների հասկացությունները: Մի տարածաշրջանում, ուր քաղաքական խառնաշփոթ է, Թրամփի որոշումը տեղավորվում է մեծ խաղի մեկնարկի առանցքում՝ ասում է:
Ինչ խոսք, ԱՄՆ նախագահի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ, որը փաստացի արձանագրում է Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման գործընթացի մեկնարկը, կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտով որոշակի ազդեցություն ունենալ նաև Վաշինգտոնի էական ազդեցության ներքո գտնվող մի շարք այլ երկրների դիրքորոշման վրա՝ ընդ որում, տարբեր տարածաշրջաններում։ Այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից ճանաչված Իսրայելի մայրաքաղաքը շարունակելու է համարվել Թել Ավիվը, քանի դեռ վերջնականապես չի կարգավորվել պաղեստինա- իսրայելական հիմնախնդիրը:




