Տնտեսական

Ոռոգման ջրով ապահովեն, գյուղատնտեսությունը կզարգացնենք․ վազաշենցիներ

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում խաղողի վազերի փոխարեն տնամերձ հողամասերում արքայանարնջի ծառերն են ավելանում: Բերքն առատ է, սակայն տեղացիները դժգոհում են սպառումից: Գյուղում չկա ոռոգման ջուր, երիտասարդներն անգործ են, աշխատանք փնտրելու պատրվակով էլ լքում են գյուղը:

Տավուշի մարզի Վազաշեն համայնքը տարիներ առաջ խաղողի ամենաբարձր բերքատվությունն է ապահովել, որն օգտագործվել է հիմնականում կոնյակի արտադրության մեջ: Հիմա խաղողի այգիները չկան, դրանք չեն մշակվել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Փոխարենը  գյուղացիները սկսել են տան բակում պտղատու ծառեր տնկել: Կլիման բարենպաստ է նաև բանջարեղենի արտադրության համար, բայց ոռոգման ջուր չունեն:


Արտեմ Իսահակյանի  տնամերձ հողամասը գյուղում ամենամեծն է, շուրջ 5000քմ: Արարող ու աշխատող մարդն առավոտից-երեկո իր այգիների մշակմամբ է զբաղված՝ նուռ, թուզ, տանձ, խնձոր, ազնվամորի, արքայանարինջ, ընկույզ այն ամենը, ինչի պահանջարկը սովորաբար շատ է լինում իսկ բանջարեղեն միայն իրենց օգտագործաման համար է աճեցնում:


Արտեմ Իսահակյանը արքայանարնջի  մի քանի սորտեր ունի, որոնց հասունացման շրջանն էլ է տարբեր:  Բերքը շատ է, հասունացել է ու սպառող չկա:


Պտղատու այգու մշակման գործում որդին է օգնում, Ստեփանը անցած տարի է ավարտել համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, բայց աշխատանք չունի: Գյուղի միակ աշխատատեղը դպրոցն է ու գյուղապետարանը: Դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը կողմ է դպրոցը երիտասարդ ուսուցիչներով համալրելուն, սակայն տեղ չկա:


Նախկինում դպրոոց է հաճախել 250 աշակերտ, հիմա՝ 70: Դպրոցում աշակերտների թիվը նվազել է հեռացողների պատճառով, սակայն նրանց չեն մեղադրում, մտահոգված են երեխաների ապագայով: Դպրոցի տնօրենը հպարտանում է իրենց նախկին սաներով, ովքեր մեծ հաջողություններ ունեն շախմատում և բռնցքամարտում:


Սահմանամերձ Վազաշեն գյուղում երիտասարդների մեծ մասն անգործ է, մի մասն էլ սեզոնային աշխատանք է գտնում Ռուսաստանում: Նրանք գյուղում գրեթե չեն մնում, ընտանիք են կազմում և աշխատանք փնտրելու նպատակով հեռանում այլ վայրեր հայրենիքի ներսում և հայրենիքից դուրս: Տուն պահողները տան մեծերն են:

25 -ամյա Ստեփանը մտադրություն չունի գյուղից դուրս գալու, դեռ կսպասի իր մասնագհիտությանը համապատասխան աշխատանք գտնելուն, իսկ մինչ այդ կշարունակի օգնել հորը գյուղատնտեսական գործերում: Ասում է, եթե ոռոգման ջուր լինի տնամերձերում ամայի տարածք չի լինի և ինքն էլ մյուսների նման չի թողնի հարազատ գյուղը, կմնա ու կբեջարի:

“Որ հովանավոր լինի, անտառում մեծ ջրամբար կկառուցեն, ու ամառվա շոգ երեք ամսին ջրով ապահովեն, ես էլ կմնամ ու հող կմշակեմ, էլ ուր եմ գնում Ռուսաստան, գյուղում իմ տունը կսարքեմ”:

Կարդացեք նաև

Back to top button