Տնտեսական

Ում են կրճատել կամ ում են կրճատելու. բյուջե 2018-ը ներկայացվել է լրագրողներին


Հոկտեմբերի 30-ին  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն  «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 9-ը:

«Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 14-ի լիագումար նիստում:

Մինչ այդ, հանգստյան օրերին  ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացվել է լրագրողներին:

 

Դրամապանակ, կաշվե պայուսակ կամ փողով լցված պարկ.  անգլիական աղբյուրներում «բյուջե» բառի բացատրությունն է: Մեր երկրում այն գտնվում է  ֆինանսների նախարարության ձեռքում: Հենց այստեղ են որոշում, թե  ինչպես և որքան է ծախսելու կառավարությունը:  2018թ-ի ծախսերն ու եկամուտները նույնպես հաշվարկված են: Նախարարությունում վստահեցնում են՝ հետևել են տնտեսագիտական ոսկյա կանոններին: Օրինակ՝  ծախսել՝ բայց սեփական եկամուտները:


«Երբ որ մենք սկսենք մեր ընթացիկ ծախսերը ապահովել ուրիշից պարտք վերցնելու ճանապարհով, դա երկար ճանապարհ չի տանի: Դրա համար դա կոչվում է ոսկյա կանոն: Պետք է անես այնպես քո ընթացիկ ծախսերը, որ քո սեփական եկամուտներին համահունչ լինի»,-
 ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Այս տրամաբանությամբ են ֆիննախում առաջնորդվում ու 2018-ի համար  կենսաթոշակի, նպաստի ու աշխատավարձի բարձրացում չեն նախատեսում:  Ճգնաժամի ընթացքում՝ 2008-2009թթ  արդեն շեղվել են այս կանոնից, արդյունքում՝ պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 7 մլրդ դոլարի շեմը:

Հայաստանը  դեռ  միջին պարտքի բեռ ունեցող երկիր է: Եթե ցնցումներ չլինեն՝ կառավարությունը ԱԺ-ին չի դիմի ու պարտքի շեմի բարձրացման առաջարկ չի անի:

Գլխավոր ֆինանստիստը պնդում է՝ անհանգստանալու կարիք չկա, Վարդան Արամյան. «Անվանական առումով, որ պարտքը աճում է, դա խնդիր չի: Կարևորը, որ պարտք- ՀՆԱ ցուցանիշը փոքրանա: Եթե ես 100 հազար դրամ ստացող տղա եմ, 2 մլն դրամը ինձ համար շատ մեծ պարտք կլինի: Բայց եթե ես 2 մլն դրամ ստացող տղա եմ, դա իմ համար թիվ չի: Միանգամից կստանամ ու կվճարեմ»:

2018-ին՝ օպտիմալացումը, կամ Ֆինաննախի խոսքով՝  գումարների վերաիմաստավորումը կշարունակվի, մինչ այժմ ՝ 770 մարդ են կրճատել, նախարար Արամյանն  անկեղծանում է՝ «70 հոգուն որ մեր մոտից կրճատեցինք, գիտեք, հե՞շտ էր: 20 տարի աշխատել էինք այդ մարդկանց  հետ: Եթե դու սոցիալական նպատակ ես հետապնդում, ասում ես լավ, ֆինանսների նախարարության էս մարդուն գործից չազատեմ, որ գործազուրկ չդառնա: Դա սխալ է, պրոբլեմ: Սոցիալական  ծրագերով պետք է այդ հարցը լուծել»:

Հաջորդ տարի էլ շուրջ 5 հազարով կնվազեցնեն աշխատողների թիվն ու 3 մլրդ դրամ կվերաիմաստավորեն:  Տնտեսական աճի կանխատեսումներում կառավարությունը համեստ է՝ 4,5 տոկոս:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը ընդգծում է՝ նախորդ  բյուջեներից 2018-ը տարբերվում է նրանով, որ պետությունը փորձում է  խաղի  կանոնները հստակեցնել, պարզաբանում է՝ ոչ թե օրվա պահանջներով է առաջնորդվում, անում այն, ինչը բնակչությանը հաճելի կլինի, այլ՝ միտված է երկարաժամկետ ծրագրերի:

Թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացնում, բայց դրա փոխարեն կապիտալ ծախսերն են ավելացնում: Իհարկե դժվար է թոշակառուին բացատրել, թե ինչի համար է դա արվում, իմաստն այն է, որ հետագայում պետությունը սեփական ռեսուրսներով անի:

Զրուցակիցս ընդգծում է՝ 2018-ին կապրենք այնպես, ինչպես հիմա, միաժամանակ նկատում է՝ Հայաստանը կախված է  համաշխարահային զարգացումներից ու ռիսկերից:

Գլոբալ առումով, 2018-ը  սակայն, փոփոխությունների տարի չի լինի:

Կարդացեք նաև

Back to top button