Հասարակություն

Նոր ծրագիր՝ Արցախում գործազրկության մեղմացման համար

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Գյուղական բնակավայրերում գործազրկության մեղմացման համար Արցախում այս տարի նոր ծրագիր են սկսել: Որոշել են պետական բյուջեից ֆինանսավորել գյուղերում կատարվող հասարակական աշխատանքները: Օրերս մեկնարկել են նման առաջին ծրագրերը:

Գիշին Արցախի մեծ համայնքներից մեկն է: Չնայած դրան՝ գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքը ինքնաֆինանսավորող չէ: Մի շարք հարցեր, այդ թվում նաեւ համայնքային ծառայողների աշխատավարձը պետական բյուջեի միջոցներով են լուծում:

Առաջիկայում գյուղը պետական միջոցների նոր ներհոսք կունենա, սակայն այս անգամ գումարը ոչ թե կփոխանցվի համայնքապետարանի բյուջե, այլ կվճարվի յոթ գործազուրկների: Պետությունը որոշել է ֆինանսավորել նախկինում հասարակական հիմունքներով, անվճար կատարվող, իսկ շատ հաճախ բարձիթողի մնացած ներհամայնքային աշխատանքները:

Գիշու դեպքում դա գերեզմանոցի  եւ աղբյուրներից մեկի ջրուղիների մաքրումը:

 

Ռաջ Բաղրանի ընտանիքի հիմնական եկամուտը անհատական տնտեսությունից է գոյանում, եկամուտն անկայուն է եւ  աշնանային այս օրերին, երբ ավարտել են բերքահավաքը,  հավելյալ աշխատանքն ու եկամուտը ընտանեկան բյուջեն լրացնելու լավ միջոց են:

Օրական ստանալու են հինգ հազար դրամ, սակայն ողջ ծրագիրն ավարտելուց հետո. պետության հետ կնքված պայմանագրի համաձայն վճարումը կատարվելու է ըստ կատարողականի: Դրա համաձայն են ստանալու նաեւ ընթացքում ձեռքբերված ապրանքների արժեքը:

Երկու ծրագրերում Գիշու համայնքը համաֆինանսավորողի դերում է` հարյուր հազարական դրամով: Համայնքապետ Աշոտ Հայրապետյանն ասում է, որ  գերեզմանոցի մաքրման աշխատանքները  հաշվի առնելով՝ համագյուղացիներից մեկը ֆինանսավորել է ճանապարհի բարեկարգումը:

Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրը մեկնարկել է այս տարվա ապրիլին: Նախարարությունում մոտ քսան հայտ-ծրագիր են ստացել: Դրանց մի մասը վերադարձվել է լրամշակման: Այս տարվա բյուջեում ծրագրի համար  քսան միլիոն դրամ է նախատեսված.  յուրաքանչյուր ենթածրագիր կարող է հավակնել մոտ երկու միլիոն դրամի: Գիշու երկու  նախագծերի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիոն դրամ է։ Դրանց ավարտին պարզ կդառնա հանրավոր է արդյոք փոքր ներդրումով մեծ աշխատանք կատարել՝ ասում են պատասխանատուները:

Back to top button