
«Հայաստանում հարկային դաշտը պետք է արմատապես վերանայել»,- կարծում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը: Միայն թե նա դեռ չգիտի, թե ինչպես: Իսկ մեր երկրի տնտեսության ոլորտի պաշտոնյաները գիտեն, թե ինչպես փոխել տնտեսության զարգացման մոդելը: Թեմային այսօր Համաշխարհային բանկի կազմակերպած «ապագայի Հայաստանը» համաժողովին է անդրադարձ կատարվել: Այստեղ ամփոփել են ՀԲ անցած 25 տարիների ընթացքում ներդրած գումարներն ու իրականացրած ծրագրերը:
25 տարի Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մոտ երեք տասնամյակ մեր երկրում տարբեր ծրագրեր են իրականցվել՝ ՀԲ աջակցությամբ: Անցած 25 տարիների ընթացքում ՀԲ տարբեր գործիքներն օգնեցին ապահովել տնտեսական զարգացում ու առաջընթացը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը համագործակցությունից գոհ է, նա վիճակագրություն է ներկայացնում:
«Նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է»:
ՀԲ Եվրոպա և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը կարծում է, որ մեր երկիրը անցած 25 տարիների ընթացքում բարեփոխումները վճռականորեն ու հաջողությամբ է իրականացրել:
Նրա խոսքով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը կարողացավ 4-5 տարվա ընթացքում վերականգնվել: Սակայն աճին խոչընդոտեց 2008թ ճգնաժամը: ՀԲ ներկայացուցչի կարծիքով, ներկայիս կառավարությունը զարգացման հավակնոտ ծրագիր է ներկայացրել: Իսկ անցած 25 տարիների ընթացքում ՀԲ աջակցությամբ ջրային ռեսուրսներն ավելի մատչելի են դարձել, բիզնես գրանցելը՝ անհամեմատ դյուրին: Մյուլլերը չմոռացավ հիշեցնել նաև Հայաստանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցած հաջողությունների մասին:

Բարեփոխումներ իրականացվել են, սակայն ինչու ՞ դրանք իրենց վրա չեն զգում ՀՀ քաղաքացիները, հարցնում եմ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։ Պարզվեց՝ առաջընթաց կա:
Արամյանի խոսքով, զարգացում եղել է, սակայն տեմպի հարցում հավակնոտ քայլերի նախաձեռնության պահանջ կա: Ֆինանսների նախարարի դիտարկմամբ, տնտեսական աճի մոդելը պետք է փոխվի: Խոստովանում է՝ կար բարձր աճի տեմպ, բայց իրականում այդ աճի տեմպերի մի մասը համաշխարհային զարգացման արդյունքում էր: Զարգացման աճը նաև տրանսֆերտներն էին ապահովում:

«Եթե տնտեսական իրական հինգ տոկոսանոց աճ ունենանք, ավելի դյուրին կլինի մարտահրավերների լուծումը»,- խոստովանեց:
«Հանրային կառավարման ոլորտում թափանցիկության ու արդյունավետության բարձրացում»,- մեկ անգամ ևս հիշեցրեց ֆինանսների նախարարը. «Պետք է մուտքի խոչընդոտները վերացնել»:
Ֆինանսների նախարարը վստահեցրեց ՝ այդ ուղղությամբ աշխատում են: Ներդրողներին այլ հարցեր են հուզում՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Անընդհատ կրկնում եմ, ասում էին, որ պետք է ցածր հարկեր լինեն, արդյո՞ք մեր երկրում գործում են ցածր հարկային դաշտ կա»:
Այն, որ հարկային դաշտը պետք է արմատապես փոխվի, համոզված է էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը: Միայն թե նա դեռ չգիտի, թե ինչպես: Գիտի միայն, որ ներդրողն այնքան ժամանակ պետք է հարկ չվճարի, մինչեւ ներդրումները հետ չբերի:
Ավանեսյանն այժմ ՀԲ խորհրդատու է, այս կառույցի տրամադրած գումարների ավելի քան կեսը ծախսվել է խորհրդատվության վրա: ՀՀ գլխավոր ֆինանսիստն անդրադարձավ նաև խորհրդատվությունների վրա ծախսվող գումարներին: Հստակեցրեց՝ ամենաթանկ ծառայությունը գիտելիքն է, լավ խորհրդատվությունը միշտ էլ թանկ արժի:
Շարունակելով խորհրդատվությունների թեման նշենք՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը նկատում է՝ բանկի խորհրդատվության գաղափարն այն է, որ միջազգային փորձի շրջանակներում երկրին ուղղորդի, թե որն է ճիշտ, որը՝ ոչ: Իհարկե այս դեպքում նաև քաղաքական պատասխանատվություն է կրում բարեփոխումների իրականացման համար։




