

Ներդրումներ ներգրավելու մասին խոսում են Հայաստանի բոլոր կառավարություններում: Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ բացառություն չէր: Վարչապետ նշանակվելուց հետո լայնածավալ ներդրումների խոստումներ տրվեցին՝ ոչ միայն այս, այլ նաև առաջիկա մի քանի տարիների համար: Միայն այս տարի նախատեսվում է մոտ 850 մլն դոլարի ներդրումներ ներգրավել: Թե որ ոլորտներում և որքան են դրանք կազմում, օրերս տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հորդորեց մի քիչ էլ սպասել: Տնտեսագետները, սակայն, վերլուծություններ արդեն անում են՝ հիմք ընդունելով Ազգային վիճակագրական ծառայութան տվայլները:
3,2 մլրդ դոլարի ներդրումներ՝ առաջիկա տարիներին: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի՝ կառավարությունն այսպիսի խոստումներ տվեց: 2017-ի համար նախանշված է շուրջ 850 մլն դոլարի ներդրումներ ներգրավել: Ավելին, նաև հայ ռուսական գործարարների մասնակցությամբ ներդրումային ֆոնդ ստեղծվեց:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ ներդրումները Հայաստան գալիս են հիմնականում Ռուսաստանից ու հիմնականում հայերի շրջանակներից, ովքեր անձնական, քաղաքական կապեր ունեն: Ուստի և իրենց որոշումների վրա տնտեսական միջավայրը շատ քիչ գործոն է համարվում՝ ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, որտեղ ներդրումներ արվում են՝ տնտեսական գործոնի հիման վրա: Առկա է բարենպաստ հարկային դաշտ, գործարար միջավայր, մարդիկ գնում, ներդրում են անում՝ փող աշխատելու համար:
«Մեզ մոտ ներդրումներն արվում են ընկերական, ծանոթ-բարեկամամական, հայրենասիրական մղումներով: Սա չի կարող անվերջ լինել: Ցանկացած ներդրող բիզնես տեսանկյունից ունի, այսպես ասած, հայրենասիրական ներդրումների սահմանափակում: Հանուն հայրենիքի, հանուն ընկերության կարելի է մի 100 մլն-ի ներդրում անել Հայաստանում: Բայց մի քանի միլիարդ դոլարների ժամանակ մարդիկ արդեն ռիսկերը հասկանում են: Հայրենասիրությունը, ընկերությունը հետին պլան է մղվում»:

Զրուցակիցս նաև նշում է, որ եթե անգամ 850 մլն դոլար ներդրումներ էլ կատարվեն, միևնույնն է տնտեսությունը դրանից վերելք չի ապրի: Ավելին, ապահովված ներդրումների ծավալը Հայաստանի համար բացառիկ չէ:
Տնտեսագետը Հայաստանի գործարար միջավայրում, այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ նկատում է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, համադրելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, պարզել է՝
«Ոչինչ չի փոխվել, միտումը չի փոխվել՝ բացասական առումով»:
Հայաստանում, ըստ տնտեսագետի հարկերն են բարձր: Ավելին, նա նշում է, որ այժմ էլ լրացուցիչ հարկեր են նախանշվում՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նախանշվող փոփոխություններն են , որով, չսահմանված վայրում աղբ թափողների նկատմամբ, տուգանքները խստացվելու են:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը որոշակի դրական փոփոխություններ նկատել է:

Ընդհանրապես կառավարությունը խրախուսում է ներդրումների իրականացումը հատկապես Հայաստանի մարզերում: Որ ոլորտներում և ինչպես են դրանք ապահովվում, օրերս տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հորդորեց մի քիչ էլ սպասել:
Շուտով կլրանա Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Նրանք հանրության առջև հանդես կգան հաշվետվությամբ: Այս ընթացքում էլ, թերևս, այս ու մի շարք այլ հարցեր կստանան իրենց պատասխանները:




