
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է չափի զգացողությունը` կոչ անելով Գերմանիայում բնակվող հայրենակիցներին ազդել Բունդեսթագի ընտրությունների վրա` իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը. հայտնում է ТАСС-ը:
«Էրդողանը բոլորովին կորցրել է չափի զգացողությունը:ՄԵնք ավելի ուժեղ կաջակցենք նրանց, ովքեր պայքարում են ազատ և դեմոկրատական Թուրքիայի համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրք ընտրողներին` չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցության օգտին:
Նախօրեին Մերկելը հայտարարել էր, թե անհնարին է համարում Եվրամիության և Թուրքիայի միջև կապերի խորացումը, քանի դեռ պաշտոնական Անկարան բռնաճնշումներ է իրականացնում ընդդիմադիրների հանդեպ:
«Գերմանիայում մոտ 1 միլիոն թուրք ընտրող կա, նրանք կարող են փոխել այս իրավիճակը: Կոչ եմ անում ձայն չտալ այն կուսակցություններին, որոնք աջակցում են այս ագրեսիվ, Թուրքիայի հանդեպ ոչ հարգալից քաղաքականությանը: Հորդորում եմ ձեզ՝ մի լավ դաս տվեք սրանց ձեր առաջիկա քվերակությամբ»,- հայտարարել է էրդողանը:




