
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ նոր միջոցառումների շրջանակում 755 ամերիկացի դիվանագետ ստիպված կլինի լքել Ռուսաստանը։ «Հազարից ավելի աշխատակիցներ՝ դիվանագետներ և տեխնիկական աշխատողներ, աշխատել և մինչև հիմա էլ դեռ աշխատում են Ռուսաստանում, 755-ը ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը ՌԴ-ում։ Դա զգալի է»,-ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում ասել է Պուտինը։
Ըստ Ռուսաստանի նախագահի, Մոսկվայի կայացրած որոշման պատճառը ամերիկյան կողմի ձեռնարկած «առանց դրդապատճառի քայլ է՝ ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը»։
Այսպիսով, օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ-ի դիվանագետների կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստային տարածքների և «Սերեբրյանի բոր»-ում առանձնատների օգտագործումը։ Իսկ մինչ սեպտեմբերի 1-ը զանգվածաբար կկրճատվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը՝ հավասարեցնելով ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին։
Ամերիկյան վարչակազմն արդեն իր անհանգստություն է հայտնել Մոսկվայի որոշման հետ այն համարելով անհիմն և այժմ վճռում է, թե ինչպես դրան արձագանքի։ Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։ Ըստ ներկայացուցչի, դա ափսոսանք առաջացնող և ոչնչով չարդարացված քայլ է:




