

Մայիսի 1- ից Հայաստանում կսկսվեն պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու առաջին քայլերը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի տեղեկացմամբ, իրենց բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնց մի մասը գործում է «հալալ» մորթի կազմակերպման ու արտահանման դեպքում: «Հալալը» մահմեդականների համար սուրբ և հարգանքի արժանի տերմին է : Կարապետյանը վստահեցնում է՝ այս սպանդանոցները կարող են մորթի անհրաժեշտ ծավալն ապահովել, սակայն, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ անասնագլխաքանակը, նոր սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա:
Անցում պարտադիր սպանդանոցային մորթի. կառավարությունը որդեգրել է այս քաղաքականությունը եւ խոստանում է՝ մոտ մեկ ու կես տարուց պատահական միս սպառողին չի հասնի: Առաջին քայլերը ակնառու կլինեն արդեն մայիսի 1-ից:
Աստիճանաբար, փուլային եղանակով անցում կկատարվի պարտադիր սպանդանոցային մորթի: Սակայն Հայաստանի ոչ բոլոր մարզերն ունեն սպանդանոցներ: Արագածոտնի մարզի Կանչ համայնքից ֆերմեր Հարություն Մխիթարյանը ոչխարաբուծությամբ է զբաղվում։ Ամեն անգամ մորթի համար Արարատի մարզի Մասիսի տարածաշրջան է հասնում։ Իրենց մարզում սպանդանոց չկա՝ ասում է։ Ուստի ստիպված են մարզից մարզ հասնել։
«Ստեղծեցին սպանդանոցներ անունը, իբրեւ կուլտուրական, բայց ֆերմերի համար ավելի վատ էֆեկտ է ստանում: Գառը հանձնում ենք, կիլոն ընդունում են 1850 դրամով»:
Հայաստանն ունի Իրանի պես հարևան՝ ասում է զրուցակիցս ու հիշում երանելի տարիները։ Դրանք, ի դեպ, ոչ վաղ անցյալում էին։
«Թեքերը վերցնում են, փալաճեքը հանում են, թափում, դմակը հանում են, քերթում են, թալանում են: Դրանից 5- 6 տարի առաջ ամենափոքր գառը ծախվում էր 50 հազար դրամով: Իսկ այսօր՝ 30 հազար դրամ: Էն ժամանակ պարսիկը գալիս էր 70 հազար էր ուզում մի գառի համար»:
ՍԱՊԾ պետի տեղեկացմամբ, բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնց մի մասը գործում է «հալալ» մորթի ու արտահանման դեպքում: Կարապետյանը վստահեցնում է՝ այս սպանդանոցները կարող են մորթի անհրաժեշտ ծավալն ապահովել, սակայն, հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու անասնագլխաքանակը, նոր սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյան. «Գեղարքունիքում՝ 5, Լոռիում՝ 4, Շիրակում՝ 5, Սյունիքում՝ 3, Տավուշում 3 սպանդանոցի անհրաժեշտություն կա»:
ՍԱՊԾ պետը միաժամանակ նշում է, որ միայն Երևանի մսի կոմբինատը հնարավորություն ունի օրական 2-3 հազար խոշոր եղջերավոր կենդանու մորթ կազմակերպել:
Շատ հաճախ միսը տեղափոխվում է սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանող մեքենաներով: Այս խնդրին էլ լուծում կտան, ներդրվելու է տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի ինստիտուտը: Սա ըստ Կարապետյանի, կբացառի ոչ համապատասխան պայմաններով մսի տեղափոխումը: Շահագրգիռ կողմերին դրա մասին արդեն տեղեկացնում են:




